Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ վտանգներ են պարունակում ծանր մետաղները. պարզաբանում է դիետոլոգը

Մարդու օրգանիզմում ծանր մետաղների կուտակումը առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց դիետոլոգ Հասմիկ Աբովյանը: Փորձագետն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ ծանր մետաղներով թունավորման աղբյուր կարող են լինել ջուրը, հողը, բույսերը, բանջարեղենը եւ մրգերը, ինչպես նաեւ պահածոները եւ այլն: Օրինակ՝ կարմիր, դեղին եւ սպիտակ գույներում կարող են պարունակվել ծանր մետաղներ, որոնք կարող են տարիներով մարդու օրգանիզմում կուտակվել եւ քրոնիկական թունավորում առաջացնել: Սրա հետ կապված Աբովյանը կոչ արեց պատերի համար ներկեր ընտրելիս նախապատվություն տալ որակյալ արտադրանքին եւ բաղադրությունն ուշադիր ուսումնասիրել:

Նախազգուշական միջոցառում կարող է լինել նաեւ բնակարանի հաճախակի օդափոխությունը: Առողջության համար վտանգներ կարող են պարունակել նաեւ մետաղական տարաներով պահածոները: Պատահական չէ, որ փորձագետները խորհուրդ են տալիս տարան բացելուց հետո պարունակվող պահածոն պահել ապակե ափսեի մեջ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օդի հետ շփվելիս մետաղի կոռոզիան ուժեղանում է, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մթերքի որակի վրա:

Աբովյանը նաեւ խորհուրդ տվեց սննդամթերքը երկար չպահել գունավոր ճենապակե սպասքի մեջ, քանի որ, օրինակ, կարմիր ներկը կարող է կապար պարունակել: Դիետոլոգը հատուկ ուշադրություն դարձրեց ձկան պահածոներին: Ծովաձուկը կարող է իր մեջ սնդիկ կուտակել, այսպիսով դրա օգտագործումը կարող է ռիսկի խմբի՝ հղիների եւ տարեցների համար վտանգ պարունակել:

Աբովյանը նշեց, որ ծանր մետաղները կարող են աղտոտել հողը, ջուրը, բանջարեղենը եւ մրգերը, ինչպես նաեւ կաթը: Այս դեպքում խոսքը կարող է վերաբերել լեռնահանքային գոծունեության միջոցով աղտոտմանը: Եթե հանքավայրերի արդյունահանումն իրականացվում է միջազգային նորմերի համաձայն, ապա համանման հետեւանքներից կարելի է խուսափել: Դիետոլոգը շեշտեց, որ ծանր մետաղներով քրոնիկական թունավորումները կարող են բերել օնկոլոգիայի, սիրտ-անոթային եւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների զարգացման:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook