Friday, April 26, 2024
Նորություններ

Ծննդաբերություն

Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունն սկսվում է յուրովի։ Ոմանք ծննդաբերում են «դասական ձևով», այսինքն՝ կծկանքներն ընթանում են աստիճանաբար և դրանց միջև ընկած ժամանակահատվածը կրճատվում է և առաջանում ուժ տալու ցանկություն։ Մյուսները ծննդաբերում են «արագընթաց», այսինքն՝ կծկանքները միանգամից ակտիվ են սկսում, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածը կարճ է լինում։ Երրորդների մոտ ծննդաբերության սկիզբը ձգձգվում է։ Թեպետ բոլոր կանանց ծննդաբերությունը զարգանում և ընթանում է յուրովի, բայց և այնպես գոյություն ունեն մի քանի պարամետրեր, որոնք ընդհանուր են գրեթե բոլորի համար։
Ծննդաբերությունը բաղկացած է երեք շրջանից.
1-ին շրջան – Արգանդի պարանոցի բացում, կծկանքներ
2-րդ շրջան – Պտղի արտամղում կամ երեխայի ծնունդ
3-րդ շրջան – Ընկերքի շերտազատում և արտամղում
Ծննդաբերության առաջին շրջանի առաջին փուլը կոչվում է լատենդ կամ գաղտընթաց, որը կարող է շարունակվել 6-8 ժամ և ավելի։ Սկզբում կծկանքները տևում են մոտ 30 վայրկյան՝ 20-30 րոպե ընդմիջումով։ Ցավը տանելի կլինի այն դեպքում, եթե դուք կծկանքների ժամանակ աշխատեք թուլանալ և չմտածել դրա մասին։ Այդ ընթացքում կարելի է ևս մեկ անգամ ստուգել, արդյո՞ք ամեն ինչ պատրաստ է ծննդատուն գնալու համար։ Այնուհետև արժե ցնցուղ ընդունել (ջուրը լավ թուլացնում է)։ Ծննդաբերությունն սկսվելուն պես կնոջը խորհուրդ չի տրվում ուտել, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի։ Խմել կարելի է քիչ-քիչ, իսկ ավելի լավ է բերանի խոռոչը ողողել ջրով։ Որպես կանոն, ծննդատանը մինչ ծննդաբերությունը չի թույլատրվում ուտել և խմել. դա ծաղրանք չէ, այլ ապահովություն չնախատեսված վիրահատության անհրաժեշտության դեպքում։ Այդ ժամանակ լիքը ստամոքսը կարող է առաջացնել կյանքի համար վտանգավոր բարդություններ։ Կծկանքներն աստիճանաբար դառնում են հաճախակի և ավելի ցավոտ։ Այս շրջանում արդեն կարելի է կիրառել ցավազրկող շնչառություն՝ ներշնչում քթով՝ 1-2-3-4 հաշվին, արտաշնչում բերանով՝ 1-2-3-4-5-6 հաշվին, այսինքն՝ արտաշնչումն ավելի երկար է, քան ներշնչումը։ Այսպիսի համակարգը կոչվում է դանդաղ, խորը շնչառություն։ Այդ ժամանակ փոքրիկն ավելի շատ թթվածին է ստանում, իսկ մայրը՝ թուլանում և շեղվում ցավերից՝ կենտրոնանալով շնչառության վրա։ Այն դեպքում, երբ կծկանքների հաճախականությունը հասնում է մեկ րոպեի, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածը՝ 5-7 րոպեի, ժամանակն է գնալ ծննդատուն։
   Նախօրոք հաշվարկեք ճանապարհահատվածի ժամանակը, որպեսզի չշտապեք և չնյարդայնանաք։ Հիվանդանոց գնալիս լավ է նստել մեքենայի ետևի նստատեղին, կծկանքների ժամանակ խորը շնչել՝ պառկելով ձախ կողքի վրա։ Եթե դուք նստած գնաք, ապա կարող եք երեխային անհանգստություն պատճառել։ Առաջին փուլի ձգձգման դեպքում՝ կտրուկ ցավոտ կծկանքների և արգանդի պարանոցի դանդաղ բացման ժամանակ ծննդատանը կարող են կատարել ցավազրկում։
 Լատենդ փուլին հաջորդում է ծննդաբերության ակտիվ փուլը։ Կծկանքներն այս փուլում ավելի երկարատև են՝ մինչև 60 վայրկյան ՝ 2-4 րոպեն մեկ։ Այս փուլը տևում է մոտավորապես 3-5 ժամ։ Այս փուլն ավելի ցավոտ է։ Կծկանքների հաճախականությունն ու ուժգնությունն աստիճանաբար ուժեղանում են։ Այդ ժամանակ անհրաժեշտ է պահպանել ուժերը և չհուսահատվել։ Պետք է չներշնչել և լինել ակտիվ՝ ինքդ քեզ ասելով՝ «Ես կարող եմ դա անել, շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի՛ր, իմ փաքրի՛կ, մենք շուտով կհանդիպենք»։ Անհրաժեշտ է թուլացնել մկանները, քանի որ լարվածությունն արգելակում է ծննդաբերությունը։ Ցավը թեթևացնելուն օգնում է ձեռքին հենված և առաջ թեքված դիրքը։ Ըստ այդմ՝ թուլանում է որովայնի մկանները։ Դա կարող է լինել չորեքթաթ դիրք կամ կանգնած՝ հենվելով աթոռի հենակին։ Փորձեք ճոճվել շնչառության ռիթմի տակ։ Ոմանց օգնում է կոնքի շրջանաձև շարժումները։ Կծկանքների էֆեկտիվ ցավազրկում ստանալու համար կարևոր է չկորցնել շնչառության ռիթմը։ Երկրորդ շրջան. Ծննդաբերության կուլմինացիա, արտամղման շրջան։ Այժմ կնոջից պահանջվում է առավելագույն ջանք՝ երեխային դուրս մղելու համար։ Կծկանքների սկսվելուն պես պետք է օդ հավաքել, ուժ գործադրել որոշակի ժամանակահատվածում շեքի ուղղությամբ և արտաշնչել օդը մինչև վերջ։ Ճիգերը պետք է կրկնել երեք անգամ՝յուրաքանչյուր կծկանքի ընթացքում։ Շատ կարևոր է ուժ չգործադրել դեպի գլուխը. այդ դեպքում ողջ գործադրած ուժը անարդյունք է լինում և արտահայտվում աչքի և դեմքի մազանոթների արյունազեղումներով։ Երբ ծնվում է գլուխը, պետք է դադարեցնել ուժ գործադրելը և շնչել։ Հաջորդ ճիգի ժամանակ երեխան ծնվում է ամբողջովին։ Կարևոր է լսել բժշկին և մանկաբարձուհուն և հետևել նրանց հրահանգներին։ Իսկ ճիգերի ընդմիջումների ժամանակ պետք է թուլանալ և խորը շնչել։
Երրորդ շրջան. Ընկերքի ընկնելը։ Ընկերքն անջատվում է պտղի ծնվելուց կես ժամվա ընթացքում։ Այն ցավոտ չէ։ Երբ ընկերքը լիովին շերտազատվում է, վերսկսվում են կծկանքները՝ ընկերքի արտամղման համար։ Մանկաբարձուհու հրահանգների ժամանակ պետք է միայն թեթևակի ուժ գործադրել։ Շատ կարևոր է նորածնին հնարավորինս շուտ մոտեցնել մոր կրծքին։ Դա կարևոր է ոչ միայն երեխայի համար, այլ նաև՝ մոր։ Հենց որ երեխան սկսում է ծծել կուրծքը, արգանդն ակտիվորեն կրճատվում է։ Դա հետծննդյան արյունահոսությունների հիանալի պրոֆիլակտիկա է։ Իսկ այդ ընթացքում երեխան ընդունում է իրեն անհրաժեշտ մի խումբ վիտամիններ, պաշտպանիչ հակամարմիններ և սնուցող նյութեր, որոնք օգնում են նրան հաղթահարել այդ ահավոր սթրեսը. ծնունդը մութ, տաք ջրից, ուր մայրիկը միշտ կողքիդ է, դեպի ագրեսիվ, ցուրտ, պայծառ միջավայր։
Մի անհանգստացեք առայժմ կաթ չլինելու պատճառով, քանի որ կաթնային գեղձն արտադրում է այնքան խեժ, որքան անհրաժեշտ է նորածնին այդ շրջանում։ Իսկ լիարժեք կաթնարտադրությունը սկսվում է ծննդաբերությունից հետո՝ 3-րդ օրը։ Ընկերքային շրջանից անմիջապես հետո սկսվում է վաղ հետծննդյան շրջանը և տևում 2 ժամ։ Այդ ժամանակ կնոջը սովորաբար թողնում են ծննդաբերական սենյակում՝ ինտենսիվ հետազոտման համար։ Երկու ժամ անց կնոջը տեղափոխում են հետծննդյան բաժանմունք՝ իր առանձնասենյակը, այնոււհետև ևս 2 ժամ և կինը կարող է վեր կենալ։ Ուշ հետծննդյան շրջանը տևում է 6-8 շաբաթ։ Այդ ժամանակաշրջանում ողջ օրգանիզմը վերադառնում է իր սկզբնական վիճակին։ Հետծննդյան շրջանում կարևոր է կատարել նախազգուշական միջոցառումներ։ Բարդություններից խուսափելու համար (արյունահոսություն, արգանդի արտամղում, բորբոքումներ և այլն) կնոջը չի կարելի ծանրություն բարձրացնել։ Սովորաբար բժիշկները խորհուրդ չեն տալիս բարձրացնել երեխայից ծանր իրեր։ Պետք է խուսափել նաև մրսելուց։
Նանա Դանիելբեկ:
Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook