Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգն առաջարկվում է ներդնել մինչև 2027 թվականը

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը առաջարկվում է ներդնել Հայաստանում փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը։ Այս մասին այսօր, հոկտեմբերի 15–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցությանը հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ:

Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:

Վարչապետը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և լրամշակել նախագիծը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook