Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանում Ա H1N1 գրիպից մարդ է մահացել. նա Հայաստանում է վարակվել

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երեկ Հայաստանում Ա H1N1 գրիպից մահանալու դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակը: Դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` գրիպից մահացած քաղաքացին մեծահասակ կին է։ ՀՀ–ից վերջին շրջանում չի բացակայել, վարակվել է Հայաստանում։  Հիվանդանոց շատ ուշ է դիմել, երբ նրան փրկելու հույս այլևս չի եղել։ Մահն արձանագրվել է Երևանի բազմապրոֆիլ հիվանդանոցներից մեկում։

Նախարարությունը հայտնում է նաև, որ հանրապետությունում դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքեր շատ կան, բայց դրանք նախորդ տարվա համեմատ նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը, 1.7 անգամ նվազել են նաև թոքաբորբերով հոսպիտալացումները:

Այսօր հանրապետության բժշկական կազմակերպություններում, սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 668 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 97,9%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդների դիմելիության հիմնական բեռը բաժին է ընկել Երևան քաղաքի մանկական ստացիոնարներին: Բոլոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, ունեն լավացման դրական շարժընթաց: Բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 31 հիվանդ (նախորդ տարվա 50-ի փոխարեն), որոնց մեծամասնությունը կազմում են 0-5 տարեկան երեխաները:

Իրականացվում է նաև ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման դիտարկում կրթական կազմակերպություններում։ Հունվարի 10-ի դրությամբ շեղումներ արձանագրվել են 153 դպրոցում և 25 մանկապարտեզում:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Նախարարությունը հիշեցնում է, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ սեզոնային գրիպի դեմ պատվաստում չեն ստացել, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook