Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հարթաթաթություն. հարցազրույց Գուրգեն Բախտամյանի հետ

Հարթաթաթության ի՞նչ տեսակներ կան:
Կա հարթաթաթության երկու տեսակ՝ պատանեկան և մեծահասակների (30-40 տարեկանից հետո):
Հարթաթաթությունը, որպես կանոն, բնածին չի լինում, և մինչև 7-8 տարեկանը նման ախտորոշում ընդհանրապես չի դրվում, քանի որ երեխաների ոտնաթաթը դեռևս լիովին ձևավորված չէ, և ոտնաթաթերը հիմնականում հարթ են:
Հետագայում, աստիճանաբար, ոսկրային, մկանաջլային համակարգի հասունացման հետ համատեղ, ձևավորվում է ոտնաթաթի կամարը: 10-12 տարեկանն անց տարիքում կարելի է անհանգստանալ, երբ օրգանիզմի բուռն աճմանը զուգընթաց ոտնաթաթի կամարը անբավարար է ձևավորվում:
Որո՞նք են հարթաթաթության պատճառները և զարգացման մեխանիզմը:

Պատանեկան հարթաթաթության պատճառները 90 տոկոս դեպքերում անհայտ են: Բայց պատանեկան հարթաթաթության զգալի մասն առանձնապես խնդիր չի առաջացնում: Մնացած 10%-ի պատճառ կարող են լինել մնացորդային երևույթները`մկանների սպաստիկ վիճակի արդյունքում, կամ կարող է առաջ գալ այնպիսի վիճակ, երբ երեխայի զարգացման ընթացքում գարշապար կազմող ոսկրերը՝ կրնկոսկրը, խորանարդաձև ոսկրը և նավակաձև ոսկրը միմյանցից չեն անջատվում, և թաթը նորմալ չի ձևավորվում: Այդ ժամանակ ևս առաջանում է հարթաթաթություն:
Մեծահասակների հարթաթաթության ժամանակ խնդիրը հետին ոլոքային մկանի ջլի հետ է կապված՝ տարիների ընթացքում այդ շրջանի մկանների ու ջլերի ոչ արդյունավետ աշխատանքի: Արդյունքում ոտնաթաթի կամարն աստիճանաբար իջնում է`բերելով հարթաթաթության: Որոշ դեպքերում ջիլը կարող է վնասված լինել  հարվածից, սուր առարկայից  և այլն

Որո՞նք են հիվանդությանը նպաստող գործոնները: Սխալ կոշիկները որքանո՞վ են նպաստում հարթաթաթության առաջացմանը:
Պարզել են, որ այն երկրներում, որտեղ ոտաբոբիկ են քայլում, և որտեղ կոշիկներ են հագնում, հարթաթաթություն ունեն գրեթե նույն չափով: Օրինակ, եվրոպական երկրներում, Ամերիկայում և աֆրիկյան ցեղերի մոտ վիճակը գրեթե նույնն է:
Ճարպակալման դեպքում սեփական քաշի ֆիզիկական ծանրությունն է  նպաստում հարթաթաթության առաջացմանը:
Բարձրակրունկ կոշիկները թեև հարթաթության պատճառ չեն, այնուամենայնիվ, նպաստում են կանանց մոտ ձեռքբերովի հարթաթաթությանը: Որևէ խնդիր լինելու դեպքում`բարձրակրունկ կոշիկը նպաստում է հարթաթաթության զարգացմանը, օրինակ, եթե այն պետք է ձևավորվեր 5 տարում, կարտահայտվի 2 տարում և այլն:
Հարթաթաթությանը նպաստում է նաև ապրելակերպը: Առավել հաճախ այն հանդիպում է գյուղատնտեսական աշխատանքով զբաղված կանանց և ծանրաբեռնված աշխատանքով զբաղվող մարդկանց մոտ:
Պատանեկանի դեպքում նախատրամադրող գործոն է հանդիսանում նաև արական սեռը՝ իսկ ձեռքբերովիի դեպքում՝ կանացին:
Որո՞նք են հարթաթաթության նշանները:
Հիվանդը նկատում է, որ ոտնաթաթի կամարն սկսել է հարթվել, լայնացել է թաթի առջևի հատվածը և ինքն ավելի շատ է հենվում ոտքի ներսային կողմին:
Երիտասարդ տղաները գանգատվում են ծնկից ներքև մկանների արագ հոգնելուց և դժվարանում են երկար կանգնել: Կանանց մոտ ցավեր են առաջանում պճեղի շրջանում, նրանք արդեն դժվարանում են կրել սովորական կոշիկներ: Երիտասարդ աղջիկների համար նման դեպքերում ոտքերի տգեղությունն արդեն առիթ է`դիմելու մասնագետի:
Պատանեկան հարթաթաթության դեպքում, մեծ մասամբ  22-23 տարեկանում`պրոցեսը  ինչ-որ աստիճանի հասնելով, դադարում է զարգանալ:
Մեծահասակների մոտ վիճակը գնալով միայն վատանում է. Աստիճանաբար ոտնաթաթի ոսկրային առանցքները խախտվում են, խախտվում է նաև հոդերի աշխատանքը, արդյունքում հոդերի աճառներն սկսում են մաշվել, զարգանում է արթրոզ: Բնականաբար, գնալով սաստկանում են նաև ցավերը: Քանի որ մարդու քայլքն սկսվում է ոտնաթաթից, ուստի ոտնաթաթում ընթացող ցանկացած գործընթաց ազդում է ամբողջ հենաշարժական համակարգի վրա՝ ընդհուպ մինչև ողնաշար հետևյալ ընթացքով՝ շեղումներ և ցավ ծնկային, կոնք-ազդրային հոդերում, կոնքի շեղում և դրա հետևանքով՝ ողնաշարի ծռվածություններ: Որոշ դեպքերում ողնաշարը առաջինն է «զգում՛» հարթաթաթությունը:

Ծանրության աստիճանները
Ծանրության աստիճանը զուգահեռ չէ գանգատներին. Ոտնաթաթը կարող է շատ հարթ լինել, բայց գանգատները քիչ լինեն, և՝ հակառակը:

Ովքե՞ր են ավելի հակված հարթաթաթության՝ կանայք, թե՞ տղամարդիկ:
Պատանեկանի դեպքում ՝ տղաների մոտ հարթաթաթությունը մոտ  5 անգամ ավելի շատ է հանդիպում, քան աղջիկների մոտ:
Մեծ մասամբ ձեռքբերովի հարթաթաթությունը լինում է 30-40 տարեկանից մեծ կանանց մոտ: Կանանց մոտ՝ տղամարդկանց համեմատ, այն 10 անգամ շատ է հանդիպում:

Ինչպե՞ս ախտորոշել:
Առաջին հերթին կատարվում է զննում, ապա`ռենտգեն հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև համակագչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Ինչպե՞ս բուժել:
Ընդհանուր առմամբ և՛պատանիների, և՛մեծահասակների դեպքում հարթաթաթության ոչ վիրահատական բուժում գոյություն չունի
Երեխաների կամ պատանիների մոտ կարևոր է հայտնաբերել, արդյոք առկա՞ է վերոհիշյալ հազվադեպ վիճակը, որը կապված է գարշապարի ոսկրերի իրարից չանջատման կամ սպաստիկ վիճակների հետ: Եվ պետք է վարել մանրամասն զրույց հիվանդի հետ, որպեսզի ճիշտ հասկացվի, թե իրականում, բացի տեսքից, ինչո՞վ է նեղություն պատճառում հարթաթաթությունը: Շատ կարևոր է զրույցը ծնողների և տատիկ-պապիկների հետ:
Հարթաթաթությունը շտկող ժամանակավոր միջոցներն են՝ սուպինատորները, օրթոպեդիկ ներդիրները:

Վիրահատական բուժման ցուցումները, բարդությունները
Երիտասարդների և մեծահասակների մոտ իրականացվող վիրահատական միջամտությունները տարբեր են:   Վիրահատության հիմնական նպատակն է՝ ցավը դադարեցնելը, կոշիկ կրելու ունակությունը լավացնելը, իսկ մեծերի մոտ նաև կանխարգելելը ոտնաթաթի հոդերի արթրոզի զարգացումը

Կանխարգելումը
Հնարավոր չէ կանխագելել, բայց հնարավոր է նվազեցնել հարթաթաթության զարգացման ընթացքի արագությունը`հնարավորինս բացառելով նպաստող գործոնները:

Գուրգեն Բախտամյան,
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ օրթոպեդ-վնասվածքաբան, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի վիրաբույժ

Սկզբնաղբյուր՝   http://. izmirlianmedicalcenter.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook