Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Միզային քարերի առաջացման պատճառները

Մարդու օրգանիզմում առաջացող քարերը (լատիներեն` concrementum, թարգմանաբար` կիտվել) նյութերի հոծ կուտակումներով պինդ զանգվածներ են, որ ձևավորվում են տարբեր օրգանների խոռոչներում, գեղձերի մեջ կամ ծորաններում` արտազատվող հեղուկներից աղերի արտանկման հետևանքով և տեղակայվում են այդ օրգանների խոռոչներում, գեղձերում կամ դրանց արտազատիչ ծորաններում:

Քարերի տարբեր տեսակները առաջանում են տարբեր պատճառներից և բուժվում են տարբեր մեթոդներով:
Միզային քարերն առաջանում և մնում են կամ երիկամներում, կամ տեղաշարժվում են դեպի միզածորան:
Երիկամային քարերն արդյունք են մեզի մեջ եղած հանքային աղերի կամ թթուների բյուրեղացման: Քարերի մեծ մասը աննկատ արտազատվում է միզելիս, ակայն, որոշ դեպքերում դրանց հեռացնելու համար կարող» են պահանջվել բուժական միջամտություններ:

 Միզային քարերի մասին վիճակագրական փաստեր

  • Միզային քարեր կարող է ունենալ յուրաքանչյուր ոք: Կյանքի որոշակի ժամանակահատվածում քարեր կարող են ձևավորվել 10 մարդուց մեկի մոտ
  • Մարդու կյանքի ընթացքում քարերի ձեւավորման վտանգը կազմում է 5-10%.
  • Տղամարդկանց մոտ քարեր 3 անգամ ավելի շատ են առաջանում քան կանանց մոտ: Արդի պայմաններում, այս տարբերությունը գնալով փոքրանում է` պայմանավորված ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունների հետ:
  • 30 -ից մինչեւ 50 տարեկանների մոտ են ավելի հաճախ քարեր ձևավորվում
  • «Քար արտազատող» հիվանդների մոտ քարեր են առաջանում ողջ կյանքի ընթացքում:

Միզային քարերի առաջացման պատճառները.
Ցանկացած ոք իր կյանքի ընթացքում կարող է ունենալ միզային քարեր: Այդ քարերը կարող են առաջանալ, եթե մեզի ձևավորման ընթացքում կա անհավասարակշռություն` պայմանավորված մեզի մեջ առկա ջրի և քար առաջացնող նյութերի քանակով:

Ախտանիշները
Մարդիկ հաճախ մեջքի շրջանի ցավը կապում են երիկամների եւ միզածորանի քարերի հետ: Ախտանիշները կարող են տարբեր լինել. սկսած ծանր նոպայաձև ցավից մինչեւ ցավի բացակայությունը և կախված են քարի չափի, ձևի ու միզուղիներում գտնվելու տեղի հետ:

Այլ ախտանիշեր. ինչերը կարող են ուղեկցել երիկամային խիթին:

  • սրտխառնոց
  • փսխում
  • արյուն մեզի մեջ
  • Ցավոտ միզարձակում
  • ջերմության բարձրացում

Երիկամային խիթը արտակարգ իրավիճակ է ինչի պատճառով դուք պետք է դիմեք ընտանեկան բժշկին կամ մոտակա հիվանդանոց: Հատկապես բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

Ախտորոշումը
Անհրաժեշտ է կատարել բժշկական զննում և մի շարք լաբորատոր հետազոտություններ` հասկանալու համար հիվանդի մոտ առկա ախտանիշների պատճառները, որից հետո վերջնական ախտորոշման համար պետք է կատարվեն նաև գործիքային հետազոտություններ.

  • ուլտրաձայնային (սոնոգրաֆիա),
  • ռենտգենյան,
  • համակարգչային շերտագրում

Բուժումը
Ոչ բոլոր քարերի դեպքում է բուժում պահանջվում: Բուժական օգնություն ցուցաբերվում է, եթե քարը հիվանդի մոտ առաջացնում է անհանգստություն և մեզի հետ չի արտազատվում ինքնաբերաբար, եթե արդեն կան այլ ուղեկցող հիվանդություններ և բարդությունների առաջացման վտանգ:
Եթե հնարավոր է քարի ինքնաբերաբար արտազատումը մեզի հետ, բժիշկը կարող է նշանակել այդ ընթացքին նպաստող դեղորայք, այսինքն նշանակել պահպանողական դեղորայքային բուժում:
Ձեր բժիշկը կարող է ըստ ցուցումների նշանակել դեղորայք (այսպես կոչված` ալֆա-պաշարիչներ կամ հակակծկումային դեղեր) ցավը թեթեւացնելու և քարից ազատվելու համար: Սա կոչվում է դեղորայքային արտամղող բուժում, ինչն առավել արդյունավետ է միզածորանի քարերի դեպքում:
Դեղորայքային արտամղող բուժման ընթացքում հիվանդը պետք է գտնվի մշտական հսկողության տակ, այցելի իր բժշկին` պարբերաբար ստուգելու և պարզելու համար, թե քարը շարժվում է, փշրվել է և չկա արդյոք երիկամների արտազատիչ գործունեության խանգարում:
Այն դեպքում, երբ ուժեղանում կամ ի հայտ են գալիս նոր ախտանիշեր պետք է սկսել քարի ակտիվ հեռացման գործընթացը:


Միզային քարերի հեռացման ժամանակակից երեք ամենատարածված մեթոդներն են.

  1. հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL)
  2. ուրեթերոռենոսկոպիա (URS)
  3. միջմաշկային երիկամաքարահատում (pnl).

Բուժման օպտիմալ տարբերակը կախված է բազմաթիվ գործոններից: Ամենակարևոր գործոնը բուն քարի առաջացած ախտանշաններն են: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քարը գտնվում է երիկամում կամ միզածորանում` ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ բուժման տարբեր մեթոդներ:

Հեռահար հարվածալիքային քարափշրում (ESWL)
Հեռահար հարվածալիքային քարափշրումն իրականացվում է հատուկ սարքի միջոցով, ինչը հնարավոր է դարձրել միզային քարերը փշրել առանց ներխուժելու հիվանդի մարմնի մեջ` դրսից քարը փշրվում է մաշկի միջով փոխանցվող կիզակետված հարվածային ալիքներով (բարձր էներգիայի ձայնային ալիքների կարճ իմպուլսներ): Քարի վրա ներգործող հարվածային ալիքի էներգիան, խախտում է քարի ամբողջականությունը` այն վերածելով փոքր բեկորների: Քարի բեկորները առաջիկա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում արտազատվում են մեզի հետ:

Ուրեթերոռենոսկոպիա (URS)
Բուժման այս մեթոդի կիրառման ժամանակ օգտագործվում է փոքր տրամաչափի ներզննման սարքը: Ուրեթերոռենոսկոպիայի մեթոդով բուժումն առանձնանում է բարձր արդյունավետությամբ և հազվադեպ բարդություններով: Այն իրականացվում է հիվանդի անզգայացմամբ՝ քարերը փշրվում են և հեռացվում առանց կտրվածքների, բնական ճանապարհներով` միզուղիներով:

Միջմաշկային երիկամաքարահատում (pnl).
Միջմաշկային երիկամաքարահատումը երիկամների մեծ քարերը հեռացնելու ներզննական վիրահատական մեթոդ է: Դրա առավելությունն այն է, որ նույնիսկ շատ մեծ երիկամային քարեր կարող են հեռացվել վիրահատական մեկ գործողության ընթացքում:
Միջմաշկային երիկամաքարահատումը կատարվում է ընդհանուր կամ էպիդուրալ անզգայացման տակ` գոտկային շրջանում երիկամի պունկցիայից /ներծակելուց/ հետո:
 
Բաց վիրաբուժություն.
Ներկայում քարերի հեռացման բաց վիրահատություն հազվադեպ է կատարվում: Այն օգտագործվում է բարդ կամ հատուկ ցուցումների դեպքերում:

Միզային նոր քարերի առաջացման կանխարգելումը
Միզային քարը հեռացնելուց հետո բժիշկը պարզում է, թե արդյո՞ք կա նոր քարի առաջացման վտանգ, ինչի համար նախ անհրաժեշտ է հետազոտել միզային քարի կառուցվածքը, ապա ուսումնասիրել արյան եւ մեզի թեստերի արդյունքները, որոնք կատարվել էին մինչև բուժումը:
Եթե քարի առաջացման  վտանգը ցածր է, կենսակերպի փոփոխությունների կապակցությամբ խորհրդատվությունը բավարար է` նվազեցնելու նոր քարերի ձեւավորման վտանգը:

Խորհուրդներ մեծահասակներին.

  • խմեք շատ հեղուկներ,
  • ամեն օր 2,5 -3 լիտր,
  • խմեք հավասարաչափ` ողջ օրվա ընթացքում,
  • ընտրեք չեզոք հեղուկներ, ինչպիսիք են ջուրը կամ կաթը,
  • մեզի օրական քանակը պետք է լինի 2-2.5 լիտր,
  • ուշադրություն դարձրեք ձեր մեզի գույնին, այն պետք է լինի բաց դեղնավուն,
  • խմեք ավելի շատ հեղուկներ, եթե եղանակը տաք է կամ կատարում եք ֆիզիկական շատ աշխատանք: Այն կօգնի հավասարակշռելու հեղուկի կորուստը:

Համապատասխանեցնել սննդակարգը
Կախված անհատական առանձնահատկություններից բժիշկը կարող է խորհուրդ տալ համապատասխան սննդակարգով սնվել.

  • սնվել հավասարակշռված և բազմազան սննդակարգով,
  • ավելի շատ օգտագործել բանջարեղեն (բուսական մանրաթել) և մրգեր (հատկապես ցիտրուսային),
  • օգտագործել օքսալատների ցածր պարունակությամբ մթերքներ (ձու, ոսպ, սպիտակ բրինձ, խնձոր, խաղող, ծաղկակաղամբ),
  • սննդակարգը պետք է պարունակի բավարար քանակությամբ կալցիում (մոտ 1000 մգ օրական). Սակայն, պետք է զգույշ լինել կալցիումական հավելումներից, միշտ խորհրդակցեք ձեր բժշկի հետ,
  • նվազեցնել աղի քանակը սննդակարգում (օրական ոչ ավելի, քան 3-5 գրամ),
  • սահմանափակել կենդանական սպիտակուցների, հատկապես երիտասարդ կենդանիների միսը փոխարինել բուսական սպիտակուցներով, օրինակ ավոկադո, ծաղկակաղամբ կամ ոլոռ,
  • Պահպանել մարմնի քաշը (մարմնի մասսայի ինդեքսը պետք է լինի 18-25 կգ/մ 2):

Առողջարարական սովորություններ

  • հետևել առողջ ապրելակերպի դրույթներին, դա միշտ էլ լավ գաղափար է,
  • զբաղվել սպորտով և ֆիզիկական վարժություններով շաբաթը 2-3 անգամ,
  • խուսափել սթրեսային իրավիճակներից:

Նյութափոխանակության գնահատում
Եթե առկա է միզային քարի ձեւավորման մեծ վտանգ, բժիշկը կարող է նշանակել նյութափոխանակության գնահատման, արյան և մեզի հետազոտություններ՝ որոշելու համար թե հետագայում ինչ բուժում կարող է անհրաժեշտ լինել կախված այդ հետազոտությունների արդյունքներից: Îարող է նաև նշանակվել համապատասխան դեղորայք: Որպես կանոն, այդ դեղերը անվտանգ են: Բացի այդ, օգտակար է քննարկել նաև ապրելակերպի փոփոխությունները: Ելնելով անհատական առանձնահատկություններից` բժիշկը քննարկում և առաջարկում է բուժման տարբերակները:
Եղե՛ք առողջ:
Ա.Մ.Գրաբսկի
Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար

Հասցե. Ահարոնյան փողոց 6
Հեռախոս. +374 10 24 24 83
E-mail: urologizm@gmail.com

aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook