Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մոր արգանդում տարած սթրեսը կարող է աղջիկների մոտ շատակերության պատճառ դառնալ

Մոր հղիության ընթացքում տարած սթրեսը փոխում է աղջիկ երեխաների ուղեղը ու կարող է սննդի հարցում անզուսպ վարքագծի պատճառ դառնալ, այս մասին է վկայում Իսրայելի Վեյցմանի ինստիտուտի ու Գերմանիայի Մաքս Պլանկի հոգեբուժական ինստիտուտի գիտնականների իրականացրած հետազոտությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։

Կոմպուլսիվ շատակերությունը բնութագրական է նրանով, որ մարդը կորցնում է վերահսկողությունը իր սննդային սովորությունների նկատմամբ ու պարբերաբար ուտում մեծ քանակության սնունդ՝ նույնիսկ եթե քաղցած չէ։ Նման մարդիկ հաճախ են տառապում ավելորդ քաշից կամ ճարպակալումից, նաեւ զգում են ամոթ, մեղքի զգացում ու սթրես, ինչն էլ իր հերթին սադրում է շատակերության հետագա նոպաներ։

Սննդային վարքագծի մյուս խանգարումների նման, առաջին ախտանշանները սովորաբար դրսեւորվում են դեռահասության կամ պատանեկության տարիքում։ Այդ խանգարումը 2․5 անգամ հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ։ Գիտնականները ավելի հաճախ են խոսում այն մասին, որ նման վիճակների զարգացման պատճառները թաքնված են գենետիկ, կենսաբանական, հոգեբանական ու սոցիալական գործոնների համադրության մեջ։

Գիտնականները ստեղծել են մկնային մոդել, որը ցույց է տվել, որ ներարգանդային սթրեսն ու վաղ մանկության սթրեսը էգերի մոտ ավելացնում են կոմպուլսիվ շատակերության զարգացման ռիսկը։ Ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները նման դեպքում իրենց բնույթով էպիգենետիկ են։

Թիմը կարողացել է մանիպուլացնել ուղեղում նյարդային շղթաները, որոնք մշակում են սթրեսի հորմոններ՝ օրինակ կորտիզոլ։ Գիտնականները կենտրոնացել են այն գործընթացի վրա, որին մասնակցում է կորտիկորելինը, որը մարդու մոտ կապակցված է բորբոքման, ճնշված ախորժակի ու տագնապի հետ։

Հետազոտողները թրիգեր են ավելացրել մկան հղիության երրորդ եռամսյակում, փոխելով նրա ջուրը։ Երբ թիմը հետազոտել է ծնված էգի հիպոտալամուսը, հայտնաբերել է, որ այն պարունակում էր էպիգենետիկ մարկերներ՝ մեթիլային նիշերի ձեւով։

Սակայն կոմպուլսիվ շատակերություն մկների ձագերը սկսել են դրսեւորել միայն սթրեսի պայմաններում, երբ գիտնականները սահմանափակել են նրանց սնունդը ։ Մկներին շաբաթական երեք անգամ երկու ժամ են տրամադրել, որի ընթացքում նրանք կարող էին ուտել, որքան ուզում են։ Մկները չափից շատ էին ուտում, ընդ որում շատ արագ։ Նման պայմաններում աճեցված ու դաստիարակված հսկիչ խմբի  մկները, որոնց սթրեսի չէին ենթարկել, ցուցադրել են նորմալ սննդային վարքագիծ ։

Գիտնականները համեմատել են կրծողների վարքագիծը դեռահաս աղջիկների վարքագծի հետ, որոնք մշտապես սահմանափակում են իրենց սնունդը, իսկ հետո շատ են ուտում, օգտագործելով շատ ճարպեր ու ածխածիններ։ Այսինքն գիտնականները կարծում են, որ աղջիկները, որոնք էպիգենետիկորեն հակված են կոմպուլսիվ շատակերության, իրենք են իրենց մոտ սադրում խանգարում՝ հետեւելով զանազան սննդակարգերի։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook