Friday, April 26, 2024
Նորություններ

Նուբայի լեռներում աշխատող բժիշկ Արմենը գիշերը երկվորյակներից մեկին է փրկել. երեխային Արմինե են անվանակոչել բժշկի պատվին

Նուբայի լեռներում Թոմ Քաթինային փոխարինող հայ բժիշկ Արմեն Մկրտչյանը գիշերը փրկել է ծննդաբերող սեւամորթ կնոջ երկվորյակներից մեկին: Բժիշկն իր էջում հայտնում է, որ նորածնի մոտ պորտալարի անկում է եղել, սրտի զարկերը բացակայել են, իր օգնությունից ու որոշակի միջոցառումներից հետո նորմալ ծննդալուծում է գրանցվել, փրկվել է փոքրիկ աղջնակի կյանքը, վերակենդանացման գործն ավարտվել է հաջողությամբ:

Արդյունքում՝ ծննդաբերող նուբացի կինը փրկված աղջնակին անվանակոչել է Արմինե՝ ի պատիվ բժիշկ Արմեն Մկրտչյանի:

Հիշեցնենք, «Մոր ու մանկան Ավստրիական  հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը, հավատարիմ բժշկի եւ մարդու իր առաքելությանը, համաձայնություն էր տվել մեկնել Սուդան եւ փոխարինել բժիշկ Քաթինային՝ օգնելու պատերազմից կեղեքվող Նուբայի բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին:

Արմեն Մկրտչյանը Նուբայի լեռներում է մնալու օգոստոսի 20-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը:  Բայց բժիշկը ժամկետից մեկ շաբաթ շուտ է մեկնել՝ Թոմ Քաթինայի հետ համատեղ աշխատելու եւ մեկ շաբաթում պայմաններին ու միջավայրին ծանոթանալու համար:

Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականույթունները, պայման-խնդրանքով, որ «Գթության մայր» հիվանդանոցում իրեն փոխարինեն այլ բժիշկներ:

Նուբա լեռների շրջանը 2011 թվականից ակտիվ կոնֆլիկտային գոտի է համարվում, և Քաթինան 750.000 բնակչություն ունեցող այս շրջանի միակ վիրաբույժն էր: Հիվանդները հաճախ ոտքով են ճանապարհ ընկնում՝ հասնելու «Գթության Մայր» հիվանդանոց, որտեղ Քաթինան, իսկ հիմա էլ՝ գյումրեցի բժիշկը աշխատում են։ Լինելով միակ բժիշկը, ննրանք բուժում են բոլորին՝ երեխաներին ու մեծերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook