Friday, April 26, 2024
Նորություններ

Նպատակները ծայրահեղ բարի են. Ա. Հակոբյանը՝ մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամի նախագահ

Հուլիսի 27-ին Երեւանում տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի գալա ընթրիք-շնորհանդեսը:  Հիմնադրամի ղեկավարության փոխանցմամբ՝ Թավշյա հեղափոխությունից հետո մանկական քաղցկեղով զբաղվող մի շարք բարեգործական կազմակերպություններ եւ անհատներ որոշում են կայացրել միավորել իրենց ուժերը՝ նույն նպատակին արդյունավետ ծառայեցնելու համար: «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Միջոցառմանը ներկա էին Աննա Հակոբյանը, Գարեգին Բ-ն, առողջապահության նախարարը, բարձրաստիճան մի շարք հյուրեր, ինչպես նաեւ արվեստի, առողջապահության եւ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Աննա Հակոբյանը իր ելույթում ընդգծեց, որ հավաքագրված միջոցները ծառայեցվելու են միայն բարի նպատակների համար եւ, որ ամենակարեւորն է՝ ապահովվելու է մաքսիմալ թափանցիկություն:

«Ես խորապես ուզում եմ հավատալ, որ այն նպատակները, որոնք դրվել են այս հիմնադրամի գործունեության հիմքում՝ կարճ ժամանակում իրականություն կդառնան: Վստահեցնում եմ, որ այդ նպատակները ծայրահեղ բարի են, մեծ են եւ ի շահ մեր պետության են: Ձեր ներդրած լուման անտեղի չի լինելու: Դուք տեղյակ կլինենք եւ կհետեւեք եւ ես հույս ունեմ, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին համագործակցությունն է»,- մասնավորապես, ասաց վարչապետի տիկինը:

Երեւանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանն էլ նշեց, որ բարերարների շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:

«Կատարյալ առողջացածների թիվը դարձել է 70 տոկոս: Սա մի ձեռքբերում է, որ պատիվ կբերեր երկրին եւ սա ձեռքբերումն է տաղանդավոր բժիշկների, որոնք մեզ օգնում էին արտերկրից եւ Հայաստանից: Պետք է նշեմ, որ այս ամենն անհնար կլիներ, եթե չլինեին մեր բարերարները»,- ասաց նա:

Միջոցառման ժամանակ տեսակապով իր ուղերձը ներկաներին հղեց նաեւ Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը: Նա նշեց, որ այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի ավելի որակյալ բուժսպասարկում իրականացնել:  Արքայադուստրն առաջիկայում հանդիպելու է Հայաստանի վարչապետի տիկնոջ հետ՝ քննարկելու մի շարք հարցեր:

«Ես հնարավորություն եմ ունեցել լինել Հայաստանում եւ տեսել եմ, որ այդտեղ շատերն աշխատում են ծանր պայմաններում՝ ապահովելով քաղցկեղի որակյալ բուժում բնակիչների համար: Այս երեկոն սկիզբ է մի բանի, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր քաղաքացի գերազանց, մատչելի բուժում կստանա: Դուք ունեք առաջին տիկին Աննա Հակոբյանի աջակցությունը, որը նաեւ հիմնադրամի նախագան է, ում ես անհամբերությամբ սպասում եմ հանդիպել Մալազիայում»,- ասաց նա:

Հշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մոտ երկու ամիս առաջ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների ու մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում եւ դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook