Friday, April 26, 2024
Նորություններ

Որո՞նք են ռազմական վիրաբուժության առանձնահատկությունները․ ֆրանսիացի բժիշկները փորձով կիսվել են հայ գործընկերների հետ

Չեմ կարծում, որ ինչ-որ առանձնահատուկ բան կարող ենք Ձեզ սովորեցնել ռազմական բժշկության ոլորտում, քանի որ Դուք ինքներդ շատ հարուստ փորձ ունեք։ Այս մասին օրերս հայ բժիշկների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆրանսիացի ռազմական վիրաբույժ, պրոֆեսոր Ռենե Ժանկովիչին։

Նա նշեց, որ իր համար բացահայտել է Հայաստանը, որը հիասքանչ երկիր է, սակայն, ցավոք, գտնվում է պատերազմական դրության մեջ։ Նա հավելեց, որ Ֆրանսիան իր տարածքում պատերազմ չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, բայց ֆրանսիացի զինվորականները մշտապես մասնակցում են արտասահմանյան ռազմական օպերացիաներին։ Ֆրանսիացի վիրաբույժները բախվում են մեծ թվով վիրավորների հոսքի զանգվածային ահաբեկչությունների ընթացքում, որոնցից վերջինը տեղի է ունեցել Փարիզում 2015 թվականի նոյեմբերին։

Թորակալ վիրաբույժ Ժանկովիչին հոսպիտալում երկար տարիներ աշխատելիս հանդիպել է բժշկական անսովոր մոտեցում պահանջող շատ դեպքերի, որոնց մասին պատմեց իր հայ գործընկերներին։

Նրա գործընկեր պրոֆեսոր Ֆրանսուա Պոնսը ներկայացրեց Ֆրանսիայի ռազմական բժշկության ծառայության աշխատանքի սկզբունքները։ Նա նշեց, որ ռազմական բժշկությունը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնցից են՝ վիրաբույժների աշխատանքի համար հատուկ պայմաններ, տրիաժ վիրավորների մեծ հոսքի դեպքում, տարբեր վայրերում օգնության փուլային տրամադրում եւ բուժման հատուկ կանոններ։

Նրա խոսքով՝ հակամարտությունների վայրն ու տեսակը կարող են տարբեր լինել, սակայն վիրավորներին օգնության տրամադրումը միշտ պետք է փուլային լինի։ Հիմնական խնդիրներն են՝ առաջնային եւ երկրորդային տարհանման ժամանակը, անձնակազմի, նյութերի, սարքավորումների եւ արյան պակասը։ Այսինքն՝ հակամարտությունների ժամանակ բուժօգնություն կազմակերպելու համար անհրաժեշտ է լուծել լուրջ լոգիստիկ խնդիրներ։

Հակամարտությունները կարելի է բաժանել երկու տեսակի՝ ասիմետրիկ, երբ ուժեղ կանոնավոր բանակը կռվում է, ասենք, պարտիզանական խմբավորումների դեմ։ Օրինակ՝ նման ռազմական առաքելություն Ֆրանսիան իրականացրել է Մալիում։ Նման հակամարտություններում կանոնավոր բանակի կորուստները քիչ են, եւ վիրավորների մեծ հոսք չի լինում։ Ցամաքային եւ օդային ուղիները գտնվում են այդ բանակի հսկողության տակ, եւ հեշտ է կազմակերպել տարհանումը։

Երկրորդ տեսակը բարձր ինտենսիվության հակամարտություններն են, որոնք կարող են տեղի ունենալ ե՛ւ սեփական տարածքում, ե՛ւ արտասահմանյան առաքելությունների ժամանակ։ Այս դեպքում բախվում են հավասար ուժեր, եւ կարող է վիրավորների մեծ հոսք լինել։ Ընդ որում, ո՛չ ցամաքային, ո՛չ օդային հաղորդակցությունները կարող են ձեր բանակի հսկողության տակ չլինել, ինչը լրջորեն բարդացնում է առաջնային տարհանումը։

Պոնսը նշեց, որ Ֆրանսիան հիմնականում ներգրավված է առաջին տեսակի հակամարտությունների մեջ, իսկ վիրավորներին օգնության են ուղարկում միայն ռազմական բժիշկների։ Հայաստանում, ընդհակառակը, սեփական տարածքում ընթանում է բարձր ինտենսիվության պատերազմ, որը ստեղծում է բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ, ինչպես նաեւ գործընթացին քաղաքացիական հիվանդանոցների եւ բժիշկների ներգրավման անհրաժեշտություն, ինչը պահանջում է քաղաքացիական բուժանձնակազմի հատուկ պատրաստվածություն։

Ինչպես հիշեցրեց Պոնսը, ռազմական գործողությունների ժամանակ վիրավորների 40-50 տոկոսը տեղում մահանում է։ Մնացած 40 տոկոսը կարող է մահանալ վնասվածք ստանալուց հետո հաջորդ 2 ժամվա ընթացքում։ Մահվան հիմնական պատճառը պնեւմոթորաքսն է, շնչուղիների խցանումը եւ արյան մեծ կորուստը։ Այդ մարդկանց փրկելու համար առաջին 10 րոպեների ընթացքում, որը ամերիկացիները «պլատինե» ժամանակ են անվանում, նրանց պետք է ցուցաբերվի առաջին օգնություն։ Այնուհետեւ վիրավորին մեկ ժամվա ընթացքում պետք է հասցնել վիրահատարան, ինչն անվանում են «ոսկե» մեկ ժամ։

Այդ նպատակով ֆրանսիական բժշկական ծառայությունը տրամադրում է բժշկական օգնության չորս փուլ՝ առաջին փուլը բուժկետն է, որը պետք է տեղակայված լինի անմիջապես ռազմական գործողությունների թատերաբեմում։ Վիրավորներին այստեղ են բերում իրենք՝ զինծառայողները, որոնք վերապատրաստվում են եւ ունեն առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակություններ։ Երկրորդ եւ երրորդ փուլերը ներառում են վիրաբուժական մասնաճյուղեր, որոնք տեղակայվում են հակամարտության երկրում։

Երկրորդ փուլը ֆրանսիացիների մոտ, որպես կանոն, շարժական վիրահատարանն է, որը տեղադրվում է ոչ անմիջապես ռազմական գործողությունների վայրում եւ ոչ էլ շատ հեռու։ Երրորդ փուլը դաշտային հոսպիտալն է, որը տեղակայվում է լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում։ Կախված վիրավորների գտնվելու վայրից՝ նրանց վիրահատում են երկրորդ կամ երրորդ փուլում, այնուհետեւ ուղարկում Ֆրանսիա։ Առաջնային տարհանումն իրականացվում է զրահամեքենաներով կամ ուղղաթիռներով, երկրորդայինը՝ ինքնաթիռներով։

Եթե ռազմական գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայից շատ հեռու, ապա այնտեղ են ուղարկվում անհետաձգելի վիրաբուժության շարժական հոսպիտալներ, որտեղ բուժօգնություն է ցուցաբերվում ըստ կյանքի ցուցումների։ Այն կշռում է ընդամենը 800 կգ եւ կարող է առաքվել ուղղաթիռով կամ պարաշյուտով: Այս մոդուլներում կատարվում է փրկարարական վիրաբուժություն՝ թորակոտոմիա եւ լապարոտոմիա։ Նպատակն է՝ կրճատել ժամանակը վնասվածք ստանալու պահից մինչեւ լիարժեք վիրաբուժական միջամտությունը։

Կարող է տեղակայվել նաեւ շարժական հոսպիտալ, որը կշռում է 8 տոննա, իջեցվում է պարաշյուտով, ունի երեք բաժանմունք՝ առաջինում կատարվում է տրիաժ, երկրորդում՝ վիրավորներին դուրս են բերում շոկից եւ վիրահատում, իսկ երրորդը ստացիոնար է 12 մահճակալով։ Հոսպիտալը կարող է աշխատել ավտոնոմ ռեժիմով 48 ժամ։ Այն տեղակայվում է մեկ ժամվա ընթացքում, բայց եթե պահանջվում է տեղափոխում, ապա այս հոսպիտալը հավաքելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում։ Մոտ ապագայում ֆրանսիական բանակը կունենա շարժական հոսպիտալի ավելի թեթեւ տարբերակ, որը կշռում է ընդամենը 4 տոննա։

Շարժական կառույցներն իրենց հավաքածուում ունեն բոլոր անհրաժեշտ նյութերը, գործիքները, սարքավորումները, ինչպես նաեւ արյան (պլազմայի) պաշարները։ Էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում վիրահատարանները լուսավորվում են վիրաբույժների գլխաշորին ամրացված լույսի աղբյուրով։ Արյան բացակայության դեպքում հնարավոր է դոնորից ուղղակի փոխներարկում:

Առաջին բուժկետը, երկրորդ եւ երրորդ վիրաբուժական կառույցները տեղադրվում են այնպես, որ վիրավորներին դրանց միջեւ տեղափոխելու ժամանակը չգերազանցի մեկ ժամը։

Քննարկման ընթացքում հայ բժիշկները ներկայացրեցին նաեւ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու իրենց փորձը։ Նրանք պատմեցին, որ Արցախում ի սկզբանե շփման գծի մոտ տեղակայված են եղել ստացիոնար զինվորական հոսպիտալներ։ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղակայվել են նաեւ շարժական հոսպիտալներ, որոնցում կատարվել է տրիաժ, բուժօգնություն է ցուցաբերվել կյանքի ցուցումներով, ապա վիրավորներին ուղարկել են հաջորդ փուլի բուժհաստատություն։ Առաջնային տարհանման տեւողությունը չի գերազանցել կես ժամը։

Նրանք տեղեկացրեցին, որ Հայաստանում լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորների բուժմանը ներգրավված են նաեւ քաղաքացիական բժիշկներ, հիվանդանոցներ։ Երկիրը 30 տարի հակամարտության մեջ է, եւ մշակվել է հստակ ծրագիր, թե որ հիվանդանոցը որ պահին եւ որ գործառույթները կարող է ստանձնել։ Քանի որ երկիրը փոքր է, շատ ժամանակ չի պահանջվում վիրավորներին ռազմական գործողություններին մոտ գտնվող հիվանդանոցներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելու համար, նույնիսկ եթե տեղափոխվեն Երեւան։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ռենե Ժանկովիչին ասաց, որ իրենց այցը Հայաստան նախապես ծրագրված էր, սակայն մեկնելուց անմիջապես առաջ Հայաստանի սահմանին ռազմական գործողություններ են սկսվել։

Ֆրանսիացի բժիշկները չեն չեղարկել այցը, թեեւ չէին պատկկերացնում, որ ռազմական գործողություններն ընթանում են մայրաքաղաքին այդքան մոտ։ Նրանք հոսպիտալներ եւ վիրավորների չեն այցելել, քանի որ նման պայմանավորվածություն չի եղել։ Պոնսն ու Ժանկովիչին այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, հանդիպել ղեկավարության եւ անձնակազմի հետ, քննարկել համագործակցության հնարավորությունները։

Նա նշեց, որ Հայաստան իրենց այցի նախաձեռնողները հայ բժիշկներն են, որոնք իրենց հետ աշխատում են Ֆրանսիայում։ Նա հույս հայտնեց, որ իրենց փորձը օգտակար կլինի հայ ռազմական բժիշկների համար։

Ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան կազմակերպել է ֆրանսահայ բժիշկների կողմից հիմնադրված Hay Asso բարեգործական կազմակերպությունը՝ «Վիվա» հիմնադրամի աջակցությամբ։

Hay Asso-ից Հասմիկ Գեւորգյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Hay Asso-ի աջակցությամբ փորձառու ֆրանսիացի հրահանգիչներն առաջին բուժօգնության դասընթացներ են անցկացրել Հայաստանում «ՈՄԱ» կազմակերպության անդամների, այլ ռազմականացված  կառույցների համար, ուսուցանել տեղացի հրահանգիչների։ Ֆրանսիացի գործընկերներն օգնել են Գորիսում առաջին բուժօգնության ուսումնական կենտրոնի ստեղծման հարցում, ինչպես նաեւ կենտրոնին նվիրաբերել շտապօգնության երկու մեքենա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook