Friday, April 26, 2024
Նորություններ

ՈւԱԿ-ում կատարվել է թոքի գոյացությունների միկրոալիքային աբլյացիա

ՈւԱԿ-ում կատարվել է թոքի գոյացությունների միկրոալիքային աբլյացիա ❗️
ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է նորարարական մեթոդների մշակման, տեղայնացման, զարգացման գործընթացը:
📌56 տարեկան պացիենտի մոտ 2020 թ.-ին ախտորոշվել է ձախ թոքի վերին բլթի քաղցկեղ, որի պատճառով կատարվել է վերին լոբէկտոմիա (հեռացվել է վերին բիլթը): Վիրահատությունից հետո պացիենտը շարունակել է բուժումը՝ ստանալով 4 կուրս քիմիաթերապիա:
Հետագայում հետազոտությունների ժամանակ ձախ թոքի ստորին բլթում նկատվել է նորագոյացություն՝ բացասական դինամիկայով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկների քննարկումներից (tumor board) հետո որոշվել է կիրառել կենտրոնի կողմից վերջերս ձեռք բերված միկրոալիքային աբլյացիայի Solero համակարգը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Տարոն Ղարիբյանի խոսքով՝ միկրոալիքային աբլյացիան թոքաբանության մեջ կիրառվում է թոքի ոչ ռեզեկտաբիլ օջախների ժամանակ, թոքի ինչպես առաջնային ուռուցքների, այնպես էլ մետաստազների ժամանա և ունի մեծ առավելություն՝ վիրահատական և հետվիրահատական բարդությունների տեսանկյունից: Հաշվի առնելով այս ամենը՝ որոշվեց կատարել հենց այս միջամտությունը:
🔹Միկրոալիքային աբլյացիան չարորակ գոյացությունների և մետաստազների բուժման գերժամանակակից, քիչ ինվազիվ մեթոդ է: Այն համալրող բուժում է, կատարվում է, երբ պացիենտին հակացուցված է վիրահատությունը (այս դեպքում պացիենտը ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ):
Միջամտությունը կատարվել է բավականին արագ, որը նույնպես հանդիսանում է միկրոալիքային աբլյացիայի առավելություններից մեկը: Այսպես․ ուռուցքային օջախի մեջ մտցրել են միկրոալիքներ ճառագայթող անտենա (էլեկտրոդ)։ Այդ ալիքների ազդեցությամբ ջրի մոլեկուլները սկսել են արագ պտտվել՝ առաջացնելով քաղցկեղային հյուսվածքի հավասարաչափ տաքացում, ինչը բերել է դրա քայքայմանը։
🔸Մեթոդի կիրառումը ունեցել է մեծ էֆֆեկտիվություն, հաջորդ իսկ օրը պացիենտը դուրս է գրվել բաժանմունքից:
ՈԻԱԿ-ի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ընդհանուր վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը նկատեց, որ ամենից հաճախ միկրոալիքային աբլյացիայի մեթոդը կիրառվում է լյարդի քաղցկեղի դեպքում, բայց կարող է օգտագործվել ինչպես թոքի, ոսկրերի, երիկամների, վահանագեղձի, շագանակագեղձի և այլ օրգանների քաղցկեղի բուժման համար, այնպես էլ պալիատիվ ցավազրկման նպատակով։
Բժիշկը շեշտեց, որ նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրումը կարևոր է պացիենտների համար. դրանք հեշտացնում են բուժումը, նվազեցնում բացասական հետևանքները օրգանիզմի վրա, լինում էլ ավելի արդյունավետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook