Friday, April 26, 2024
ՆորություններԺամանց

Սինդրիկը դեղաբույս է

Սինդրիկ (լատ.՝ Polygonátum) հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30 (այլ տվյալներով՝ 50) տեսակ։

Հայկական տարանունները.–կցմծուկ, սամնտրուկ, սանդրուկ, սնդրիկ, սնդրուկ, Սողոմոնի կնիք, քրմնցուկ։

Polygonatum_multiflorum_5892102704_original

Բույսի գրեթե բոլոր մասերում հայտնաբերված են ալկալոիդներ, սապոնիններ, հովտաշուշանի գլիկոզիդներից` կոնվալյարին, կոնվալյատոքսին, կոնվալյամարին, մինչև 330 մգ% C վիտամին, տանին, բուսական լորձ և օսլա: Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց,ներիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ (տապակած և թթու դրած): Թունավոր է։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Հետաքրքիր փաստեր

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը («պոլուղունաթին» անվան տակ), մաքրում է մեզը և ստամոքսը։ Արմատը` շաղախված շաքարի կամ մեղրի հետ, ուժեղացնում է արգանդի կծկումները։ Իսկ Շահրիմանյանը նշում է, որ դեղաբույսը («սանդրուկ» անվան տակ) օգտագործվում է Հայաստանում որպես կերակուր, միաժամանակ այն շատ օգտակար է ստամոքսին և ներքին օրգաններին։ Ըստ Ա.Ա. Գրոսգեյմի, կոճղարմատի հյութը դեմքին քսելիս կարմրեցնում և նրբացնում է դեմքի մաշկը, իսկ նրա թուրմն ունի դեմքն արևահարությունից պաշտպանելու հատկություն։ Սակայն բույսի սերմերը, մասամբ նաև մյուս մասերը, թունավոր են։ Արածելու ընթացքում պատահմամբ ուտելով՝ անասունները թունավորվում են, որի հետևանքով առաջ է գալիս սրտի աշխատանքի թուլացում, շնչառության դանդաղում, հաճախամիզություն, փորլուծություն և այլն։ Դեղաբույսն օժտված է հակամիկրոբային ակտիվությամբ։

Բժշկության մեջ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը։ Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն՝ աշնան ամիսներին։ Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում։ Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց։ Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց՝ ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա։

Սնդրուկ-40-50գ բուսահումքը եփել 0.5 լ. ջրում: Եփուկը օգտագործել թրջոցների ձևով` կապտուկների դեպքում:

Սնդրուկի կոճղարմատների եփուկը օգտագործել դեմքի մաշկի ցանի դեպքում:

Պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook