Friday, April 26, 2024
Նորություններ

Վիրուսի դեմ միայն ՀՀ-ում չէ, որ պատվաստվում են, բայց մենք խնդիր ունենք մինչ պատվաստումը պարտադիր բժշկական հետազոտության հետ. Արարատ Մկրտչյան

Tert.am-ը ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է պատվաստանյութերի ոլորտի մասին՝ անդրադառնալով որակի հետ կապված քննադատություններին:  Մկրտչյանը նշեց, որ պատվաստանյութի արդյունքում է, որ արհավիրքները երկրագնդի երեսից վերացան: Նա չի հասկանում այն մարդկանց, որոնք տարբեր  ժամանակներում այս կամ այն պատվաստանյութի դեմ հակաքարոզչություն են ծավալում: Արարատ Մկրտչյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ում  նման կանխարգելման միջոցառումներին միանում է ոչ որպես առաջին երկիր, քանի որ կա Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի տասնամյակների փորձ: Միևնույն ժամանակ նախկին նախարարը նկատեց, որ պատվաստումներ ունեն հակացուցումներ, ու բժիշկների հետազոտությունը մինչև այս կամ այն պատվաստումը շատ կարևոր է:

– Պարո՛ն Մկրտչյան, այսօր մարդկանց մի խումբ ընդհանրապես հրաժարվում է պատվաստանյութերից, նույնիսկ նորածնի ծնողները՝ պատճառաբանելով, որ այն երեխայի համար նոր խնդիրներ է առաջացնում: Մենք ի՞նչ պատկեր ունենք այս ոլորտում:

 – Ձեր հարցին պատասխանելու համար փոքրիկ պատմական էքսկուրս պիտի անեմ, այն է, որ նախորդ դարեսկզբին մի քանի հիվանդություններ ավելի շատ մարդկային կյանք են խլել, քան եղած 2 համաշխարհային պատերազմները: Պատվաստանյութի արդյունքում է, որ արհավիրքները երկրագնդի երեսից վերացան:Նախոր դարի 80-ական թվականների սկզբին բնական ծաղիկ հիվանդությունը, մեղմ ասած, «հնձում» էր մարդկանց կյանքերը, սակայն պատվաստման օգնությամբ ամբողջ աշխարհում այս հիվանդությունից մահացությունները վերացան: Հաղթանակներ են եղել, որոնք այս պատվաստանյութերի շնորհիվ են: Մասնավորապես, ավել լավ օրինակն է պոլիոմելիտ պատվաստումները, քանի որ դա բերեց նրա, որ ՀՀ-ն դարձավ պոլիոմելիտից զուրկ երկիր, իսկ պոլիոմելիտը բերում է հաշմանդամության, բայց մենք մոռանում են սա: Հիմա տարբեր ժամանակներում, տաբեր «գիտնականներ» պարբերաբար սկսում են նման ակցիաներ անել և ասել, թե եկեք պատվաստումներից հրաժարվենք:

– Հիմա էլ խնդիր կա պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցում, քանի որ տեսակետ կա, որ պապիլոմայի տարածման վտանգը չափազանցված է, ավելին՝ պատվաստման կիրառումը հետաձգվել է:

– Պետք է մի բան հաշվի առնենք, որ այս կամ այն վիրուսի դեմ պատվաստելը միայն ՀՀ-ում չէ: Հավաստիացնում եմ, որ ՀՀ նման կանխարգելման միջոցառումներին միանում է ոչ որպես առաջին երկիր, քանի որ կա Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի տասնամյակների փորձ: Սակայն մենք սա հաշվի չենք առնում ու ասում ենք, որ գիտեք՝ նման խնդիրներ են առաջանալու, բայց ո՞վ հետազոտեց, ի՞նչ հետազոտեց, հարց է: Այս ծրագրերը մշակում են համաշխարհային հզոր գիտական կենտրոնները:

– Պարո՛ն Մկրտչյան, բժիշկների մի խումբ կա, որ դեմ է նորածինների՝ հնգվալենտ պատվաստման տարբերակին, այսօր ծնողներ կան, որ հրաժարվում են: Սա ի՞նչ խնդիրներ է առաջացնում:

– Կրկնում են, որ սա հայկական գործառույթ չէ, որ 1-2, 15 բժիշկ նստեն ու նման բան մոգոնեն: Եթե հնգվալենտ, եռավալենտ պատվաստանյութ է երկիր ներմուծվում, ապա դա տասնամյակների, լրջագույն գիտական կենտրոնների ուսումնասիրության արդյունքում է արվում: Մինչ մեզ արդեն փորձարկված են լինում:

 – Տեսակետ կա, որ ՀՀ ներմուծված պատվաստանյութերը տրվել էր ՀՀ-ին, քանի որ զուտ իրացման խնդիր կար, այդ իսկ պատճառով մտավ հնգվալենտ պատվաստման սկզբունքը:

– Ես խնդրում եմ նման տեսակետ արտահայտողներին՝ չանել այսպիսի հայտարարություններ, որովհետև 80-ականների, խորհրդային տարիների ժամանակ էլ նման հակաքարոզչություն արեցին, հեղինակավոր թերթերի միջոցով սկսեցին վախ սերմանալ ժողովրդի մեջ, բոլորը հրաժարվում էին պատվաստվել: Այն երեխաները, որոնք ծնվել են 70-ից 80-ական թվականերին, արդեն 90-ականների կեսերին ՀՀ-ում դիֆթերիա հիվանդության բռնկման  պատճառ եղան, հիմքը հենց ժամանակին պատվաստումից հրաժարվել էր: Այդ ժամանակ դիֆթերիայից մահացության դեպքեր էլ գրանցվեցին: Էլ ի՞նչ ապացույց ասեմ, որ պատվաստումների հարցում հակաքարոզչությունը մեր ապագայի նկատմամբ թշնամաբար տրամադրվել է նշանակում:

– Քննադատության հիմնական ալիքներից մեկն այն է, որ ՀՀ մտնող պատվաստանյութերն արտադրված են, ոչ թե ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիաներում, այլ ինչ-որ 3-րդ պետությունում և որակի հետ խնդիր ունեն: Մեր առողջապահական համակարգում նման պատկե՞ր է:

-Պետք է ասեմ, որ սա էլ միֆի ու հեքիաթի շարքից է: Եթե անգամ 3-րդ երկրին է արտադրում պատվաստանյութ, միևնույն է, այն սերտիֆիկացված է առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, հետևաբար, անորակ չի կարող լինել: Մեզ մոտ հիմնականում պատվաստանյութերը ձեռք են բերվում այն երկրներից, որոնք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ճանաչված ու ընդունված են: Ցավում եմ, բայց 2 կիսագրագետ բժիշկ, նստած իր կաբինետում, հեքիաթներ են պատմում: Նման հակաքարոզչության միջոցը ես չեմ կարողանում հասկանալ, քանի որ ազգի առողջության հարցն է: 10-15 տարին մեկ հակաքարոզչություն է արվում այս ոլորտի մասով, այս երկրում միակ նորմալ բան է, որ արվում է, սա ինչո՞ւ են փորձում քանդել:

-Նախորդ երկու տարիների ընթացքում պատվաստման արդյունքում որոշ երեխաներ առողջական խնդիրներ ունեցան, նաև մահ գրանցվեց: Ինչո՞ւ:

-Միջազգային վիճակագրություն կա, պայմանական ասած՝ 1 մլն պատվաստումից 1 դեպքում կարող է մահացություն լինել՝ պոլիոմելիտ հիվանդություն առաջացնելով: Սակայն սա չի նշանակում, որ պետք է դադարեցվեն պատվաստումները, որովհետև այդ մեկ դեպքը չի կարող այն մեկ մլն մարդկանց կյանքի հետ նժարի դնել: Պատվաստումներն ունեն հակացուցումներ, ու բժիշկների հետազոտությունը մինչև այս կամ այն պատվաստումը շատ կարևոր է: Այստեղ է, որ բժիշկները, եթե այդ հետազոտությունը չեն անում, երեխային ճիշտ ու ժամանակին չեն զննում, պատվաստում են ու բարդություններ են ունենում: Այստեղ խնդիրներ ունենք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook