Friday, April 26, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

12 բան, որ ուսուցիչները պետք է իմանան աուտիզմի մասին

Հոդվածի հեղինակը Լիզա Սմիթն է, ով 7 երեխա ունի, որոնցից երկուսը հաշմանդամություն ունեն: Նրա որդին` Թեյթը, աուտիզմ ունի: Լիզան վարում է բլոգ, որտեղ կիսում է իր փորձը աուտիզմ ունեցող երեխաների մայրերի, ուսուցիչների և թեմայով հետաքրքրվողների հետ: Բլոգի ֆեյսբուքյան էջն է` Quirks and Chaos:

«Բլոգիս հետևողներից մեկը ուսուցիչ էր, ով խնդրեց ինձ կազմել ցուցակ` 10 բան, որ կուզեի պատմել ուսուցիչներին աուտիզմի մասին: Գրել եմ 12 կետ, որ կուզեի ասել որդուս տարրական դասարանների ուսուցիչներին, եթե կարողանայի ժամանակը հետ շրջել»,- նշել է Լիզա Սմիթը:

1 | Աուտիզմը հսկայական տիրույթ է:

Եթե ուսուցանել եք աուտիզմ ունեցող այլ երեխաների, ապա պետք է որ ընդհանուր պատկերացում ունենաք աուտիզմի մասին, բայց իմ որդին որոշ գծերով տարբերվում է մյուսներից: Եթե ունեք հարցեր որդուս մասին, կամ թե ի´նչ ազդեցություն է ունեցել աուտիզմը նրա վրա, հարցրե´ք ինձ: Ոչինչ ինձ վրա ավելի մեծ տպավորություն չի գործի, քան ձեր պատրաստակամությունը իմանալ որդուս ու նրա կարիքների մասին:

2 | Առօրյա փոփոխությունների մասին նախազգուշացումները օգտակար են աուտիզմ ունեցող երեխայի համար:

Հարմարվողականությունը կյանքի կարևոր հմտություններից է, որն անհրաժեշտ է  կատարելագործել,  բայց որդիս իր առօրյա կյանքում չի  հարմարվում անակնկալների կամ մեծ փոփոխությունների հետ: Օրինակ` փոխարինող ուսուցիչը, հակահրդեհային նախապատրաստությունը  կամ էքսկուրսիան կարող են անհանգստություն առաջացնել նրա մոտ: Նախազգուշացումները և հստակ հրահանգները կօգնեն: Պատկերային գծապատկերը նույնպես օգնող գործիք է որդուս համար: 5 րոպե նախազգուշացում և մի փոքր հանդուրժողականություն է անհրաժեշտ:

3 | Աուտիզմ ունեցող երեխան խոսքի մշակման համար լրացուցիչ ժամանակի կարիք ունի:

Խոսեք պարզ լեզվով, օգտագործեք պարզ նախադասություններ: Նրան ավելի քան երկու քայլ ունեցող հանձնարարություններ մի´ տվեք: Տվեք նրան գոնե 3 լիարժեք վայրկյան ձեր արած հայտարարությունից հետո կամ ձեր հնչեցրած հարցին պատասխանելու համար: Եթե կարիք կա կրկնելու հայտարարությունը կամ հարցը, մի´ ձևափոխեք այն, քանի որ նա կարիք կունենա դա նորից վերամշակելու: Որդուս շտապեցնելը միայն ու միայն կդանդաղեցնի նրան:

4 | Ընկալածն ու ասածը երկու տարբեր բաներ են:

Իմ որդին հասկանում է ավելին, քան դուք կարծում եք: Հնարավոր է` նա չկարողանա համապատասխան բառեր գտնել` հասկացնելու համար այն ամենը, ինչ ուզում է ասել: Մյուս կողմից` նա կարող է մեջբերել երկար և բարդ արտահայտություններ կամ հատվածներ`առանց հասկանալու դրանց իմաստը: Երբեմն դժվար է հասկանալ, թե որդիս ինչն իսկապես գիտի և ինչը սովորելու կարիք ունի:

5 | Աուտիզմ ունեցող երեխաները ամեն ինչ ընկալում են բառացի:

Փոխաբերություններն ու աբստրակտ հասկացությունները առեղծված են աուտիզմ ունեցող երեխայի համար: Ուստի երբ դուք ասում եք`արագացրե´ք տեմպը (“Pick up the pace”), և մյուս ուսանողները գիտեն, որ պետք է արագ քայլեն, իմ տղան կփնտրի pace անունով մի բան, որը պետք է գետնից բարձրացնել (pick up` վերցնել, բարձրացնել):

Այսպիսի բաներ օրվա ընթացքում հաճախ կարող են պատահել:

6 | Աուտիզմ ունեցող երեխան կարող է կենտրոնանալ միայն մեկ բանի վրա:

Որդուս տանջում են հարցեր, որոնք կարևոր չեն իմ կամ ձեզ համար: Նա կարող է ցանկություն ունենալ Դիսնեյի մուլտֆիլմերի կերպարների մասին երկար խոսելու, և քիչ է հավանականությունը, որ դուք կկարողանաք շեղել նրան թեմայից:

Երբեմն հետաքրքրության այս շրջանակները կարելի է ներառել նաև նրա ուսուցման պլանում, բայց հիմնականում դրանք շեղում են նրան ուսումից:

7 | Աուտիզմ ունեցող երեխան շփման կարիք ունի:

Կարող է թվալ, որ իմ որդին հետաքրքրված չէ իր հասակակիցներով, և գուցե իրոք հետաքրքրված չէ, բայց նա երբեք ձեռք չի բերի սոցիալական հմտություններ, եթե մենք անընդհատ չփորձենք: Դուք կատարյալ միջավայր ունեք նրան սոցիալական հմտություններ ուսուցանելու համար,  որը ես չեմ կարող վերստեղծել տանը: Շատ օգտակար կլինի, եթե դուք յուրաքանչյուր հնարավորությունն օգտագործեք նրան սոցիալական հմտություններ  ուսուցանելու և վերաուսուցանելու համար:

8 | Զգայական հարցերը ցրվածություն են առաջացնում աուտիզմ ունեցող շատ երեխաների համար:

Հնչյունները, որոնք հազիվ նկատելի են ձեզ համար, կարող են շեղել իմ երեխային և հետ պահել սովորելուց: Գործվածքները կարող են առաջացնել զարհուրանք կամ զզվանք: Հոտերը կարող են լռեցնել նրան: Խնդրում եմ` հաշվի առեք սա: Չափից ավելի խթանումը երբեմն կարող է ճնշել նրան և պոռթկում առաջացնել, որը շատ նման է զայրույթի պոռթկման, բայց լրիվ նույնը չէ:

9 | Աուտիզմ ունեցող երեխաները ունեն նույնատիպ կամ կրկնվող վարքագիծ, երբ նրանք հուզված են, ձանձրանում են կամ գտնվում են սթրեսային իրավիճակում:

Որդիս  ուղղորդման   կարիք ունի ամբողջ օրվա ընթացքում: Վարքագծերը կարող են հանգեցնել նրան, որ նա տարօրինակ երևա իր հասակակիցների շրջանում:

Խնդրում եմ`  հաշվի առեք սա և տվեք երեխաների տարիքին համապատասխան աուտիզմի սահմանում, որը կօգնի նրանց հասկանալու իրենց հասակակցին:

10 | Խրախուսելը կարող է օգնել, պատիժը` ոչ:

Պատիժը կամ պատժի սպառնալիքը ամենայն հավանականությամբ կհանգեցնեն անհանգստության և կխոչընդոտեն երեխայի առաջընթացը: Նա կաշխատի հանուն խրախուսանքի-, բայց կպարփակվի իր մեջ, եթե վախենում է պատժվելուց:

11 | Աուտիզմ ունեցող մարդիկ ասում են ճշմարտությունըինչպես տեսնում են այն:

Որդիս կարող է ձեզ հասկացնել, որ դուք կարիք ունեք նիհարելու, սափրվելու կամ որ ձեր բերանից վատ հոտ է փչում: Դա մի´ ընկալեք որպես անձնական վիրավորանք: Հումորի զգացումը պարտադիր է, երբ աշխատում եք աուտիզմ ունեցող երեխաների հետ:

12 | Աուտիզմ ունեցող երեխաները վախկոտ և չսիրված չեն: Նրանք ուղղակի տարբեր են:

Երբեմն տարբերությունները ճնշող են, բայց աուտիզմի մասին սովորելը և որդուս  մասին պատմությունը ձեզ կօգնեն: Պատրաստ եմ պատասխանելու ձեր բոլոր հարցերին:

Անգլերենից թարգմանեց Աննա Կարապետյանը

Նյութի աղբյուրը` autismspeaks.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook