«Այսօր բոլոր տենդենցները գնում են դեպի անկեղծության». Մարիաննա Քաբաբյան
Մարիաննա Քաբաբյանի հետ զրուցել ենք աշխարհի ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկի՝ բլոգինգի մասին:
Ինչպես տարիներ առաջ ստեղծվեց MashRoom-ը, ինչ է պետք այսօր բլոգ ունենալու և անհատական ոճով տարբերվելու համար՝ մեր զրույցում:
–Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բլոգինգով:
-2011 թվականից, երբ սովորում էի մագիտրատուրայում և աշխատում հասարակական-քաղաքական ամսագրերից մեկում: Ես ունեի գրելու, ստեղծագործելու մեծ ցանկություն, իսկ ամսագիրն իր ձևաչափով ինձ համար սահմաններ էր «գծում»:
Այդ տարիներին աշխարհում նորաձևության բլոգերների մեծ ալիք էր բարձրացել, ես հետևում էի նրանց և հասկացա, որ կարող եմ առաջարկել ձևաչափ, որտեղ իմ օրինակով, փորձով կգրեմ այն ամենի մասին, ինչն ինձ իսկապես հետաքրքրում է: Այսպես սկսվեց MashRoom-ի ճանապարհը:
–Հենց սկզբից բլոգինգին վերաբերվո՞ւմ էիք որպես լուրջ և պրոֆեսիոնալ մասնագիտության:
-Բլոգինգն ինձ համար եղել է բիզնես:
Հայաստանում դեռ չկար բլոգինգի մշակույթը, և ես շատ հաճախ մերժվում էի, երբ դիմում էի համագործակցության համար: Առանց վարձատրվելու նկարում էի look-եր, lookbook-եր միջազգային բրենդների համար և փորձում հանրությանը ցույց տալ ձևաչափի արդյունավետությունը:
Կայքը ստեղծեցի՝ հիմնվելով միջազգային փորձի, օրինակի հիման վրա:
–Գիտեմ, որ Ձեզ այն ժամանակ պետք է եղել 13.000 դրամ և ստեղծագործելու ցանկություն: Իսկ հիմա ի՞նչ է պետք բլոգեր դառնալու համար:
-Իմ խիստ համոզմունքն է, որ պետք է կայք ունենալ և չսահմանափակվել սոցիալական ցանցերով: Առաջին հերթին բլոգը կոնտենտ է, այսինքն՝ խոսք:
Գեղեցիկ լուքերը, պատկերները, նկարները կարևոր են, որովհետև մարդիկ սիրում են պատկերավոր տեսնել, բայց տարիներ շարունակ լինել բլոգեր, նշանակում է ունենալ բեգրաունդ, ինֆորմացված լինել և քայլել ժամանակին համընթաց:
–Ո՞ր թեմաներն են առավել ակտուալ MashRoom-ում :
– MashRoom-ը դարձել է ավելի շատ lifestyle բլոգ. այստեղ է նորաձևությունը, թրենդները, գեղեցկությունը, միջոցառումները և այն ամենն, ինչն առհասարակ կապված է Երևանի հետ: «Քարոզում» ենք գեղեցիկ ապրելակերպ, որն անցնում է իմ և իմ թիմի սուբյեկտիվ պրիզմայով:
–Ովքե՞ր են աշխատում Ձեր թիմում:
-Մեր թիմն արդեն ընդլայնվել է. խմբագիր, թղթակից, լուսանկարիչներ:
-Դուք ինչո՞վ եք զբաղվում:
-Ես զբաղվում եմ Armenian Brands նախագծով, որը ներկայացնում է հայկական արտադրողներին: Այս նախագծի շրջանակում ունեմ MashRoom մուլտիբրենդ ցուցասրահը՝ ներկայացնելով 20 հայ դիզայներ և արտադրող:
Իրականացնում եմ նաև տարբեր մարքեթինգային ծրագրեր. բրենդինգ, նեյմինգ, մարքեթինգ, բիզնես. բոլորը կապակցված են բլոգինգի հետ:
–Հաճախ է պատահում, երբ «ընկնում ենք» նորաձևության տարբեր ոճերի մեջ: Ինչպե՞ս գտնել անհատական ոճը:
-Կարծում եմ՝ ոճը գտնել պետք չէ, ամեն ինչ գալիս է մանկուց, ընտանիքից, դաստիարակությունից, աշխարհայացքից, վիզուալ պատկերից: Հենց երեխա ժամանակվանից պետք է «աչքը» սովորի էսթետիկային, գեղեցիկին, գույների ճիշտ համադրություններին:
Ոճն ինքնաարտահայտում է:
-Շատ բլոգերների հրապարակումներ սահմանափակվում են իրենց լուսանկարի և առանց որևէ խորը մտքի երկտողի, օրինակ՝ «Ի՜նչ լավ եղանակ է այսօր»: Այս մասին ի՞նչ կարծիքի եք:
– Ես փորձում եմ չդատել, այլ այս ամենը տեսնելով՝ աշխատել:
Կարծում եմ՝ բլոգերը պետք է տարբերվի իր գրագետ, ինֆորմացիոն առումով հարուստ և հետաքրքիր տեքստով: Օգտակարությամբ և անկեղծությամբ:
Այսօր բոլոր տենդենցները, ինչպես նաև սոցիալական ցանցերի էջերի վարումը, գնում են դեպի անկեղծության:
-Ինչո՞վ է տարբերվում Ձեր բլոգը:
-Որ իմն է (ժպտում է.-հեղ.):
-Սա եսակենտրոնություն չի, չէ՞….
-Եսակենտրոնություն է և շատ լավ է, էգոիզմի հետ չշփոթել:
–Ի՞նչ է տալիս բլոգը Ձեր հետևորդներին:
-Իմ հետևորդներն ինձ հետ հավասար մեծացան: Այն աղջիկներն են, ովքեր սկզբում ուսանող էին, հետո ամուսնացան, ընտանիք կազմեցին, հիմա արդեն մայրիկներ են:
Ես արդեն տալիս եմ ոչ միայն գեղեցիկ պատկեր, թե որտեղ կարելի է գնալ, ինչ հագնել և այլն, այլ նաև ինչպես խնամել երեխաներին, ինչպես ամեն ինչ հասցնել, ոգևորել և մոտիվացնել:
-Իսկ Դո՞ւք, մոտիվացիա ստանում եք….
-Մարդկանցից և իմ աշխատանքից (ժպտում է.-հեղ.):
–Ձեր Fashion նախասիրությունները՞….
-Շատ տարբեր են. նորաձևությունում ես սիրում եմ էկլեկտիզմը, ռետրոն, վինտաժը և մոդեռնիզմի դարաշրջանի ոճը:
Ես իմ տեսակով էսթետ եմ և սիրում եմ գեղեցիկը:
-Սիրելի բլոգերը….
-Կիարա Ֆերանի: Շատերը նույնիսկ մեղադրում են՝ իբր կրկնօրինակում եմ իրեն, բայց ծիծաղելի է:
-Երևանյան սիրելի վայրը՞….
-Կասկադ, Կասկադի սրճարանները….:
-Առաջիկայում….
– MashRoom մուլտիբրենդը գալու է կենտրոն, մարտի 22-ին pop art story է լինելու Haze-ում: Ամբողջ օրը Կասկադի հարակից տարածքում ներկայացնելու ենք մեր տեսականին, իսկ երեկոյան սպասվում է հետաքրքիր միջոցառում:
Նյութի աղբյուրը՝ el.am