Friday, April 26, 2024
Նորություններ

Իրազեկման պակա՞ս, թե անվստահություն՝ հաշմանդամության խումբ սահմանելու վերաբերյալ. ի՞նչ դժգոհություններ կան

Անձի կենսագործունեության սահամանափակումը որոշելու, անհրաժեշտության դեպքում հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով իրականացվող բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը վերջին շրջանում հարթ չի ընթանում: Կան դժգոհություններ այն առնչությամբ, որ որոշ դեպքերում վերանայվում է հաշմանդամության խումբը՝ երկրորդից իջեցվում է երրորդ, կամ ընդհանրապես հանվում է: Այս հարցի հետ կապված դժգոհություններն առկա են պատերազմի մասնակիցների շրջանում, որոնք ռազմական գործողություններով պայմանավորված՝ վիրավորվել, առողջությունը վնասել են ու փորձաքննության արդյունքում ստացել են հաշմանդամության խումբ, իսկ այսօր այն վերանայվում է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ  Ռիմա Եգանյանը նախ ներկայացրեց, թե որ դեպքում են քաղաքացիները դիմում բժշկասոցիալական փորձաքննության:
 Առաջին անգամ դիմելու դեպքում անձը բժշկասոցիալական փորձաքննության է ուղեգրվում առողջապահական կազմակերպության կողմից բուժման գործընթացի մեկնարկից երեք ամիս հետո: Հաջորդը վերափորձաքննության նպատակով դիմելն է, երբ լրանում է հաշմանդամության խմբի ժամկետը, անձի վիճակն է վատթարացել կամ հակառակը՝ վերականգնվել է և այլն: Պատերազմի հետևանքով վիրավորված մոտ 2 հազար անձ փորձաքննվել է: Արդյունքում մոտ 1 500 անձի պարագայում տարբեր խմբերի հաշմանդամություն է սահմանվել: Նրանցից 112-ի պարագայում սահմանվել է առաջին խմբի հաշմանդամություն՝ երկու տարի ժամկետով, ևս 396 անձի պարագայում սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն՝ մեկ տարի ժամկետով, մնացածները 3-րդ խմբի հաշմանդամներ են որակվել: Ընդհանուրի մեջ 102 անձի հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, քանի որ վերանայման հեռանկարի բացակայություն կար: Մնացած բոլոր դեպքերում հաշմանդամության սահմանման ժամկետը լրանալուց հետո քաղաքացիները պետք է դիմեն վերափորձաքննության: Հիմա, այս տարվա փետրվարից սկսած, պատերազմի բազմաթիվ մասնակիցներ դիմել են վերափորձաքննության, ինչի արդյունքում ոմանց մոտ հաշմանդամության խմբերը վերանայվել են:
Փետրվարի 1-ից մինչ օրս իրականացվել է պատերազմի հետևանքով վիրավորում ու վնասվածք ստացած 440 անձի բժշկասոցիալական վերափորձաքննություն: Արդյունքում՝ երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 183 անձի, երկրորդ խմբի հաշմանդամություն՝ 60 անձի: Մնացած բոլոր դեպքում կամ հաշմանդամությունը երկրորդ խմբից իջեցվել է երրորդ խումբ, կամ հաշմանդամություն չի սահմանվել»,- ասաց Ռիմա Եգանյանը:

Այս գործընթացի նկատմամբ կա դժգոհություն, պատերազմի մասնակիցների ծնողները համաձայն չեն սահմանված հաշմանդամություն խմբի հետ, մասնավորապես, անդամահատված երիտասարդի հաշմանդամության խումբը վերանայվում է, բայց չէ՞ որ եթե ձեռքը կամ ոտքը կորցրել է, իր մոտ որևէ բան չի փոխվելու: Այս հարցի առնչությամբ Ռիմա Եգանյանը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո նրանք դեռ պրոթեզավորված, բուժված չէին եղել:

«Անձը չէր կարողանում հավասարակշռությունը պահպանել, պրոթեզավորում չէր իրականացվում, որովհետև այտուցված հատվածներ կային, տեղաշարժվելու համար օգնության կարիք ունեին: Այդ ժամանակ մեծ մասամբ երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվեց, որ մարդիկ մեկ տարվա ընթացքում, օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից, կարողանան վերականգնվել ու գալ հասնել մի վիճակի, որը կհամապատասխաներ իրենց հիմնական հաշմանդամության խմբին: Երբ անձը պրոթեզավորվել է և տեղաշարժվում է պրոթեզով, ապա դա հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում է և համապատասխանում է 3-րդ խմբի հաշմանդամության՝ անժամկետ»,- հավելեց Ռիմա Եգանյանը:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ չնայած իրենց մասնագետների կողմից իրազեկմանը, բացատրելուն, վերափորձաքննության ենթարկված պատերազմի մասնակիցների հարազատները, ծնողները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում բժիշկների նկատմամբ:

«Մեծագույն հարգանք ունենալով բոլոր քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ նրանց, որոնք իրենք կյանքը, առողջությունը ներդրել են Հայրենիքի պաշտպանության գործին, դա իրենց իրավունք չի վերապահում պետական աշխատողին վարկաբեկել, վնասել, հայհոյել միայն այն բանի համար, որ նա իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները: Որևէ պետական աշխատող անձնական հարց չունի ծառայության ընթացքում վիրավորվածների հետ»,- հավելեց Ռիմա Եգանյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook