Friday, April 26, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է

Բժշկության մեջ ապացուցված փաստ է, որ սթրեսը նպաստում է քաղցկեղի առաջացմանը։ Covid-19-ի տարածման ֆոնի վրա վախի գործոնը մեծացել է մարդկանց շրջանակում։ Այսինքն ավելացել է սթրեսը։ Արդյո՞ք դրա արդյունքում նկատվում է պացիենտների քանակի ավելացում։ Այս և քաղցկեղի հայտնաբերման նոր մոտեցումների հարցերի շուրջ զրուցեցինք  Հայ – Ամերիկյան Առողջության Կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բ․գ․թ․Անի Հակոբյանի հետ։

–  Սթրեսը որպես քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոն եղել և կշարունակի մնալ կարևոր հորիզոնականներում։ Սակայն կատարել եզրահանգումներ Covid-19-ի տարածման ֆոնի վրա քաղցկեղի թվի աճի վերաբերյալ կարծում են կարելի է ոչ շուտ քան 1 տարին։ Իհարկե իրավիճակից կախված մեծացել է հորմոնալ դիսբալանսը, ուստի և մաստոպաթիաների արտահայտվածությունը։

Վերջին 10 տարվա վիճակագրությունը վկայում է, որ կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի։ Ինչպիսին՞ է պատկերը այս տարի և ըստ Ձեզ ինչո՞վ է այն պայմանավորված։ Ձեր պացիենտների մեջ վերջին 5 տարում տղամարդկանց թվի աճ նկատվում է՞։

–  Քաղցկեղի երիտասարդացման միտում դիտվում է ողջ աշխարհում, հետ չի մնում նաև Հայաստանը և կրծքագեղձի քաղցկեղը։ Ցավոք «քաղցկեղ» ախտորոշում դրվում է անգամ մինչև 30 տարեկան աղջիկներին, սակայն ամենից հաճախ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է 45-55 տարիքային խմբում։ Երիտասարդացման միտումը ունի բազմաթիվ պատճառներ, սակայն հստակ չափորոշիչներ մշակված չեն։ Տղամարդ այցելուների քանակը մեծացել է ի հաշիվ տեղեկացվածության մեծացման։

– Հայկական մի վատ սովորություն կա, մինչև «դանակը ոսկորին չհասնի» բժշկի չեն դիմում։ Ըստ Ձեզ ինչի՞ են մարդիկ խուսափում հետազոտությունից։ Ի դեպ թեև 21-րդ դարն է, բայց շատերը համոզված են, որ մամոգրաֆիան վտանգավոր հետազոտություն է։ Ին՞չ կասեք։

– Հետազոոտության չդիմելու հիմնական պատճառը վախն է ստանալու «վատ» ախտորոշում։ Քանի որ տարիներ առաջ քաղցկեղ ախտորոշումը նույնացվում էր մահվան հետ և հիմնականում հիվանդները մահացու ելք էին ունենում մարդիկ խուսափում են հետազոտվելուց։ Սակայն շատ մեծ փոփոխություններ են կատարվել աշխարհում և հատկապես կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման բնագավառում, ուստի կրծքագեղձի քաղցկեղը լիարժեք բուժելի է ժամանակին ախտորոշման ու ճիշտ վարման պարագայում։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մենք Հայաստանում հետ չենք մնում աշխարում կիրառվող մոտեցումներից և գրանցում ենք հրաշալի արդյունքներ։ Պարզապես վաղ ախտորոշման պարագայում դրական արդյունքի հասնելը շատ ավելի հեշտ է և քիչ ծախսատար։ Մամոգրաֆիան այն անվտանգ և շատ զգայուն մեթոդն է որ ապահովում է ճշգրիտ ախտորոշում։

– Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ինչ՞ նոր ծրագրեր է իրականացնում, ին՞չ սարքավորումներով է հագեցվել և ինչ՞ նոր ձեռքբերումներ են արձանագրվել։

– Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միշտ հետամուտ է լինում աշխարհում կատարվող նորամուծություններին և մշտապես հագեցվում է վերջին սերնդի սարքավորումներով, որ հնարավորություն են տալիս ախտորոշել անգամ միլիմետրերի հասնող քաղցկեղային օջախները։ Արդեն մեր կենտրոնում գործարկվել է նոր սերնդի 2020թ արտադրության թվային մամոգրաֆը՝ էլ ավելի հզոր հնարավորություններով։ Կարևորագուն գործառույթներից է մամոգրաֆիկ հսկողությամբ բիոպսիան, որն հնարավորություն է տալիս միայն մամոգրաֆիկ առանձնացող մի քանի միլիմետր մեծության օջախների, միկրոկալցիֆիկատների հյուսվածաբանական տարբերակման՝ շատ դեպքերում ազատելով հիվանդին անհիմն վիրահատությունից։ Արվում է ամեն բան, որ այցելուն անցնի բոլոր հետազոտությունները մեկ վայրում, վիրահատվի և բուժում ստանա գիտակ և հզոր թիմի կողմից։

– Ինչ կասեք վիրահատական բուժման հնարավորությունների մասին, քանզի կնոջ համար կրծքագեղձի հեռացումը ունի հոգեբանական մեծ նշանակություն:

– Նախկինում շատ մեծ տարածում ուներ կրծքագեղձի արմատական հեռացումը՝ հաշմանդամ դարձնելով կնոջը։ Այժմ շատ է կարևորվում կրծքագեղձի ամբողջականության պահպանումը, որը շատ մեծ հաջողությամբ իրականացվում է մեր կենտրոնում։ Փոքր օջախների դեպքում ռադիոլոգի կողմից տեղադրվում է ուղորդիչ, որն էլ հնարավորություն է տալիս վիրաբույժին հեռացնելու միայն այդ փոքրի հատվածը՝ պահպանելով կրծքագեղձի գեղեցկությունը։ Եթե իրավիճակը պահանջում է կրծքագեղձի ամբողջական հեռացում, ապա կրծքաբանը պլաստիկ վիրաբույժի հետ հեռացներով գեղձը պահպանում է մաշկը և պտուկը, տեղադրում է իմպլանտ և կինը վիրահատությունից հետո պահպանում է կրծքագեղձի ամբողջականությունը։ Արդեն հեռացված կրծքերի դեպքում ևս մեր վիրաբույժները իրականացնում են աշխարհում ընդունված բոլոր մոտեցումները՝ օգնելով կանանց վերականգնելու կանացիությունը։

– Հաճախ թե կինը, թե տղամարդը ինչ-որ կոշտուկ է շոշափում կրծքագեղձում, սակայն դրան լուրջ չի վերաբերվում, քանի որ կոշտուկը ցավոտ չի լինում։ Կմանրամասնեք երբ՞ պետք է մարդ անմիջապես բժշկի դիմի, որքանո՞վ է ճիշտ ինքնաբուժումը հատկապես ինտերնետից վերցված տեղեկություններով։

– Ցավը մեր օրգանիզմի կարևորագույն պաշտպանիչ ռեակցիան է և շատ դեպքերում կապ չունենալով կրծքագեղձի հետ այցելուներին մղում է հետազոտվելու, որի արդյունքում հայտնաբերվում է վաղ չշոշափվող քաղցկեղը։ Սակայն պետք է հիշել քաղցկեղը չի ցավում և ցանկացած կոշտության, գոյացության առկայությունը հստակ ցուցում է հետազոտվելու։ Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրն ամբողջ աշխարհում ընդունված գործելակարգ է, որն  առաջարկում է հետազոտել կրծքագեղձն անկախ գանգատից  30 տարեկանից հետո՝ սոնոգրաֆիկ, 40 տարեկանից հետո՝ մամոգրաֆիկ ամենամյա զննությամբ։ Ինտերնետը հրաշալի տեղեկատվական դաշտ է, սակայն ճիշտ է ամեն մանրուք ճշտել բժշկի հետ։

Ժասմին Վիլյան

Նյութի աղբյուրը` zham.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook