Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են քթային արյունահոսության առաջացման պատճառները երեխաների մոտ և ինչպես կարելի է դադարեցնել այն

Քթային արյունահոսությունը կարող է լինել ցանկացած տարիքում, սակայն մինչև 10 տարեկան փոքրիկների մոտ այս խնդիրն առավել հաճախ է նկատվում: Սա որոշ չափով կարելի է բացատրել տարիքային առանձնահատկություններով, որոնց պատճառով արյունահոսությունը կարող է սկսվել նույնիսկ չնչին վնասվածքնի դեպքում: Սակայն քթային արյունահոսությունը երեխաների մոտ կարող է պայմանավորված լինել նաև շատ ավելի լուրջ խնդիրներով:

Որոնք են քթային արյունահոսության առաջացման պատճառները երեխաների մոտ

Բժիշկները նշում են, որ նորածինների ու նախադպրոցական տարիքի երեխաների մոտ քթային արյունահոսությունները 5 անգամ ավելի հաճախ են լինում, քան մեծահասակների կամ դեռահասների մոտ: Ամենատարածված պատճառը միջնապատի ստորին հատվածում գտնվող մազանոթների վնասվածքն է, սակայն այս դեպքում արյունը հոսում է մեծ մասամբ միայն մի քթանցքից:

Քթային արյունահոսության առաջացման պատճառ կարող է դառնալ.

·         Լարվածությունը. փռշտալիս կամ հազալիս քթի խոռոչում գտնվող նուրբ մազանոթները կարող են վնասվել՝ հանգեցնելով քթային արյունահոսության: Շատ փոքր երեխաների դեպքում անոթների վնասվածքի պատճառ կարող է դառնալ նույնիսկ լացը:

·         Վիրուսային կամ բակտերիալ վարակը. նման դեպքերում քթի խոռոչի լորձաթաղանթը բորբոքվում է և սկսում քայքայվել, իսկ անպաշտպան մազանոթները կարող են հեշտությամբ վնասվել:

·         Անոթները նեղացնող դեղամիջոցների հաճախակի կիրառությունը. նման դեղամիջոցները երկարատև գործածության դեպքում առաջացնում են լորձաթաղանթի էպիթելի հյուծում, ինչի պատճառով այն բարակում է և կարող է հեշտությամբ վնասվել:

·         Քթային արյունահոսությունը դադարեցնելու կամ քթի խոռոչը մաքրելու համար տամպոնների հաճախակի կիրառությունը. այս դեպքում լորձաթաղանթը հյուծվում է և մազանոթները կրկին սկսում են արյունահոսել:

·         Արտաքին ազդեցությունը քթի լորձաթաղանթի բջիջների վրա. վնասող գործոն կարող է լինել այրվածքը, օտար մարմնի առկայությունը, թունավոր նյութերով օդը շնչելը, քթի վնասվածքները և այլն:

·         Ժառանգական հիվանդությունը. քթի արյունահոսության հանգեցնող հիվանդություն կարող է լինել հեմոֆիլիան, որի դեպքում խանգարվում է արյան մակարդելիությունը, և նույնիսկ չնչին վնասվածքի հետևանքով սկսված արյունահոսությունը կարող է բավական երկարատև լինել:

·         Միջնապատի դեֆորմացիան. անատոմիական նման առանձնահատկությունը նույնպես կարող է դառնալ արյունահոսության պատճառ:

·         Չոր ու տաք օդ շնչելը. չորանալու դեպքում լորձաթաղանթը բարակում է և դառնում ավելի զգայուն:

·         Նորագոյացությունները քթի խոռոչում. դրանք կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ: Այդ նորագոյացությունները վնասվածքների դեպքում հաճախ սկսում են արյունահոսել:

·         Խնդիրները՝ կապված արյան մակարդելիության հետ. նման խնդիրներ կարող են առաջանալ հեպատիտի, անեմիայի, վիտամին C-ի պակասի, լեկոզի և այլ ախտաբանությունների դեպքում:

·         Արյան բարձր ճնշումը. այս ախտաբանությունը վնասում է անոթները:

·         Ներգանգային բարձ ճնշումը. այս դեպքում նույնպես վնասվում են մանր մազանոթները:

·         Որևէ այլ հատվածի արյունահոսությունը. քթային արունահոսությունը կարող է կապ չունենալ քթի վնասվածքի հետ: Օրինակ՝ կարող է արյունահոսել կերակրափողը.

·         Հորմոնալ փոփոխությունները. դեռահաս աղջինկերի մոտ քթի խոռոչի լորձաթաղանթը հորմոնալ ֆոնի փոփոխությունների ժամանակ արյան ուժեղ հոսքի պատճառով հաճախ այտուցվում է, ինչն էլ հանգեցնում է քթային արյունահոսության:

Արյունահոսություն քթաըմպանի ետին հատվածից

Սովորաբար (80%) արյունահոսության պատճառ են դառնում քթի խոռոչի առջևի հատվածի մազանոթները, ինչը վախեցնում է և՛ երեխային, և՛ ծնողներին: Սակայն շատ ավելի վտանգավոր է քթաըմպանի ետին հատվածի անոթների վնասվածքի հետևանքով առաջացած արյունահոսությունը: Ընդ որում՝ նման արյունահոսությունը նկատելն ավելի դժվար է, ուստի արյան զգալի կորստի հավանականությունն ավելի մեծ է: Այս դեպքում ֆարինգոսկոպիայի ժամանակ կոկորդի պատերին կարելի է հայտնաբերել արյան կաթիլներ կամ շիթեր:

Նման արյունահոսության մյուս ախտանշաններն են.

·         ընդհանուր թուլությունը,

·         քթի խոռոչում քորի և խուտուտի զգացողությունը,

·         ականջներում լսվող աղմուկը,

·         գլխապտույտն ու գլխացավերը,

·         սրտխառնոցն ու փսխելու ցանկությունը:

Քթային արյունահոսույթունը, կախված ծանրության աստիճանից, լինում է.

·         Թեթև. կորցրած արյան քանակությունը մեծ չէ, իսկ ախտանշանները բացակայում են կամ դրսևորվում գունատությամբ, թուլությամբ, գլխապտույտով, բերանի չորությամբ ու ականջներում լսվող աղմուկով:

·         Միջին ծանրության. երեխան բավական շատ արյուն է կորցնում, ինչն անդրադառնում է նրա ինքնազգացողության վրա՝ դրսևորվելով զգալի թուլությամբ, ծարավի զգացումով, գլխապտույտով, հևոցով, սրտի զարկերի արագացմամբ, արյան ճնշման անկմամբ: Նման դեպքերում երբեմն մաշկը կապտում է:

·         Ծանր. արյան զգալի կորուստը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ անկման ու տախիկարդիայի առաջացման: Այս դեպքում երեխայի շարժումները դանդաղում են և ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում կարող է առաջանալ շոկ:

Ինչ է հարկավոր անել

Եթե քթային արյունահոսությունը պարբերական բնույթ չի կրում, ապա հարկավոր է երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետևել նրա վիճակին և կանխել արյունահոսության կրկնությունը: Եթե արյունահոսությունը սկսվել է գիշերը, երեխան ընկել է և վնասել քիթը կամ առկա են հիվանդության ախտանշաններ (օրինակ՝ բարձր ջերմություն), ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Բացի այդ, հարկավոր է դիմել մանկաբույժի օգնությանը.

·         երկարատև առատ արյունահոսության դեպքում,

·         արյան մեջ փրփուրի հետքերի ի հայտ գալու դեպքում,

·         գիտակցության կորստի դեպքում,

·         արյան հետ թափանցիկ հեղուկի հոսքի դեպքում,

·         երեխայի մոտ արյան հիվանդությունների, զարկերակային հիպերտենզիայի կամ շաքարային դիաբետի առկայության դեպքում:

Առաջին բուժօգնություն տնային պայմաններում

Եթե երեխայի մոտ կտրուկ քթային արյունահոսություն է սկսվել, ապա հարկավոր է.

1.      Հանգստացնել փոքրիկին:

2.      Ասել նրան շնչել բերանով և բացատրել, որ դեռ չի կարելի քիթը մաքրել կամ առավել ևս կուլ տալ արյունը:

3.      Լվանալ երեխայի դեմքը և հեռացնել մակարդուկները, որպեսզի վնասված անոթներն ավելի արդյունավետ կերպով կծկվեն:

4.      Նստեցնել երեխային կամ պառկեցնել՝ գլուխը փոքր ինչ բարձր դիրքով:

5.      Հանել երեխայի հագուստը, որը խանգարում է նրան հանգիստ շնչել:

6.      Երեխայի քթարմատին կամ ծոծրակին սառը ջրով թրջած սրբիչ կամ սրբիչով փաթաթած սառույց դնել:

7.      Քթանցների մեջ ջրածնի պերօքսիդով թրջված տամպոններ դնել: Եթե ձեռքի տակ ջրածնի պերօքսիդ չկա, ապա հարկավոր է մատներով սեղմել քիթը:

8.      Եթե 10-20 րոպե անց արյունահոսությունը չդադարի, ապա հարկավոր է շտապ օգնություն կանչել:

Ինչ չի կարելի անել

Եթե երեխայի մոտ քթային արյունահոսություն է սկսվել, ապա ոչ մի դեպքում չի կարելի.

·         փոքրիկի գլուխը ետ տանել, քանի որ այդ դեպքում արյունը կարող է հայտնվել կերակրափողում ու շնչուղիներում՝ առաջացնելով սրտխառնոց ու հազ,

·         թույլ տալ, որ երեխան ակտիվ շարժվի ու խոսի,

·         թույլ տալ երեխային մաքրել քիթը:

Ինչ է պետք անել նորածնի մոտ քթային արյունահոսության դեպքում

Առավել հաճախ նորածնի մոտ քթային արյունահոսությունը պայմանավորված է լինում լորձաթաղանթի չուրությամբ կամ ուժեղ լացով ու ճիչով: Եթե մեկ տարեկանից փոքր երեխայի մոտ քթային արյունահոսություն է սկսվել, ապա հարկավոր է երեխային պահել այնպես, որ արյունը չհայտնվի կոկորդում: Այնուհետև հարկավոր է փոքրիկի քթարմատին սառը կոմպրես դնել: Եթե արյունահոսությունը շատ առատ է և սառը կոմպրեսից հետո 10 րոպեի ընթացքում այն չի դադարում, ապա անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել:

Ինչպես կանխել քթային արյունահոսությունը

·         Երեխայի սենյակում օդը պետք է բավականաչափ խոնավեցված լինի, ինչի համար գոյություն ունեն հատուկ սարքեր:

·         Ծնողները պետք է հետևեն, որպեսզի երեխան քթանցքների մեջ մատները կամ օտար առարկաներ չմտցնի:

·         Հարկավոր է ուշադիր լինել և թույլ չտալ, որ երեխան լարվի՝ հատկապես, եթե նրա մոտ քթային արյունահոսություն արդեն եղել է: Բացի այդ, հարկավոր է խուսափել կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, ակտիվ խաղերից, հեռուստացույցի կամ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելուց:

·         Անհրաժեշտ է ամրապնդել փոքրիկի իմունային համակարգը, պարբերաբար զբոսնել, խրախուսել չափավոր ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև հարստացնել երեխայի սննդակարգը անոթների ամրապնդման համար անհրաժեշտ վիտամիններով, հատկապես՝ ասկորբինաթթվով ու վիտամին P-ով:

·         Նաև պետք է պարբերաբար այցելել մանկաբույժին՝ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար:

·         Եթե արյունահոսության պատճառը հարբուխն է, ալերգիան, զարկերակային հիպերտենզիան կամ որևէ այլ հիվանդություն, ապա արյունահոսությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հիմնական հիվանդության բուժման վրա:

Նյութի աղբյուրը՝ o-krohe.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook