Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ռեզուս անհամատեղելիություն

Ինչ է ռեզուս անհամատեղելիությունը

Ռեզուս անհամատեղելիությունը ախտաբանական վիճակ է, որը զարգանում է, երբ հղին ունի  ռեզուս բացասական տիպի արյուն և կրում է ռեզուս դրական տիպի արյուն ունեցող պտուղ:

Որոնք են ռեզուս անհամատեղելիության պատճառները

Հղիության ընթացքում պտղի արյան կարմիր  գնդիկները`  էրիթրոցիտները, ընկերքի միջոցով կարող են անցնել մոր արյան մեջ: Այս դեպքում, մոր օրգանիզմը պտղի ռեզուս-դրական արյան բջիջներն ընկալում է որպես օտար մարմին և դրանց  նկատմամբ արտադրում է հակամարմիններ: Այս հակառեղուսային հակամարմինները թափանցելով ընկերքը, անցնուն են պտղի արյան մեջ և սկսում են ոչնչացել պտղի արյան կարմիր գնդիկները:

Առաջնեկների  մոտ սովորաբար  նման խնդիր չի առաջանում, քանի որ հակառեզուսային հակամարմինների արտադրության համար պահանջվում է որոշակի ժամանակ: Ավելի հաճախ այն դիտվում է երկրորդ և հաջորդ հղիությունների ժամանակ:

Որոնք են ռեզուս անհամաեղելիության ախտանշանները

Ռեզուս անհամատեղելիությունը կարող է դրսևորվել տարբեր աստիճաններով` լինել աննշան արտահայտվածից մինչև շատ ծանր` հանգեցնելով պտղի մահվան: Քանի որ քայքայվում են պտղի արյան կարմիր գնդիկները, զարգանում է  սակավարյունություն, որն իր հերթին կարող է հանգեցնել սրտային անբավարարության, շնչառական խանգարումների: Շատ ծանր դեպքերում երեխան մահանում է  ծննդաբերությունից քիչ անց:

Մյուս կողմից , երբ մոր հակամարմինները քայքայում են արյան կարմիր գնդիկները, գոյանում է մեծ քանակությամբ ազատ հեմոգլոբին: Ազատ հեմոգլոբինը փոխակրպվում է բիլիռուբինի, որից երեխան սկսում է դեղնել: Առաջանում է

  • արագ զարգացող դեղնուկ
  • արյունազեղումներ
  • գունատություն
  • այտուցներ
  • հևոց կամ շնչառության թուլացում
  • մկանային թուլություն:

Բիլիռուբինի մեծ քանակությունը արյան մեջ խիստ վտանգավոր է: Այն ախտահարում է հատկապես գլխուղեղի բջիջները: Եվ եթե դեղնուկը նորածնի մոտ երկար պահպանվի, ապա գլխուղեղի  բջիջներում առաջանում են անդառնալի փոփոխություններ, որոնք պահպանվում են  արդեն ողջ կյանքի ընթացքում: Նման երեխաների մոտ կարող է նկատվել.

  • մտավոր հետամնացություն
  • ցնցումներ
  • լսողության կորուստ
  • խոսքի դժվարություն
  • շարժողական խանգարումներ
  • մկանային լարվածություն:

Ինչպես են բուժում ռեզուս անհամատեղելիությունը

Քանի որ ռեզուս անհամատեղելիությունը հնարավոր է կանխել, ապա կանխելը լավագույն բուժումն է: Ծանր դեպքերում կատարում   են երեխայի արյան փոխարինական  փոխներարկում, այսինքն քիչ-քիչ քանակությամբ, երեխայի օրգանիզմից հանուն ենարյան որոշակի քանակություն և փոխարենը ներարկում նոր` դոնորական արյուն:

Ինչպես կանխել ռեզուս անհամատեղելիությունը

Կանանց 15 տոկոսը  ռեզուս բացասական է: Ռեզուս անհամատեղելիությունը հնարավոր է կանխել: Եթե Դուք ունեք ռեզուս բացասական  տիպի արյուն, իսկ Ձեր ամուսինը` ռեզուս դրական, ապա ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում Դուք կստանաք իմունոգլոբուլինի հատուկ ներարկում, ինչը կկանխի Ձեր օրգանիզմում հակառեզուսային հակամարմինների առաջացումը: Այս դեպքում Ձեր հաջորդ երեխայի մոտ ռեզուս անհամատեղելիություն չի դիտվի:

Այցելեք հղիների կոնսուլտացիա հղիության ընթացքում: Այս այցերի ընթացքում անպայման կստուգեն Ձեր արյան խումբը և ռեզուս գործոնը և, այսպիսով,  հնարավոր կլինի կանխել բարդությունները:

Ռեզուս բացասական կանայք հղիության արհեստական ընդհատումից հետո նույնպես պետք ք ստանան հակառեզուս-գլոբուլինի ներարկում:

Ապրեք առողջ…
Պարաստեց` Լ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook