Friday, April 26, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

6 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել քաշի ավելացումը

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական երկարատև ու հոգնեցնող լինել, ուստի հաճախ մարդիկ դադարում են ջանքեր գործադրել՝ հիասթափվելով անարդյունավետ աշխատանքից: Մասնագետները հաճախ են շեշտում, որ ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը սննդակարգի կարգավորումն ու ֆիզիկական ակտիվությունն է, սակայն լինում են դեպքեր, երբ անգամ ճիշտ սննդակարգն ու բավարար ֆիզիկական ակտիվությունը չեն օգնում հասնել ցանկալի արդյունքին: Նման դեպքերում հարկավոր է պարզել, թե ինչն է խանգարում քաշի նվազման գործընթացին և ինչ միջոցներ է հարկավոր ձեռնարկել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել քաշի ավելացումը: Այս գործոնների դեմ պայքարելը կօգնի հեշտությամբ նվազեցնել քաշն ու խուսափել հետագա ավելացումից:

Ինսուլինի բարձր մակարդակ

Այս հորմոնը կառավարում է արյան հոսքից գլյուկոզայի դուրսբերման և մկաններում կամ լյարդում կուտակման գործընթացը, որի արդյունքում գլյուկոզան վերակերպվում է գլիկոգենի (էներգետիկ պաշար, որն օրգանիզմն օգտագործում է քաղցի դեպքում): Ինսուլինի մշտապես բարձր մակարդակը նպաստում է գլիկոգենային պաշարի ավելացման, ինչն էլ օրգանիզմում կուտակվում է ճարպի տեսքով: Բացի այդ, նման դեպքերում զարգանում է ինսուլինակայունություն, ինչպես նաև նախադիաբետ կամ անգամ 2-րդ տիպի շաքարային դիաբետ:

Հիպոթիրեոզ

Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որը մասնակցում է օրգանիզմի մի շարք կարևոր գործընթացներին, այդ թվում նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքին: Այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկը հիպոթիրեոզն է, որի դեպքում գեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոններ, ինչը դառնում է նյութափոխանակության խանգարման և քաշի ավելացման պատճառ:

Սթրես և քնի պակաս

Մասնագետների խոսքով՝ սթրեսն ու քնի պակասը հանգեցնում են մի շարք հորմոնալ փոփոխությունների, որոնք հանգեցնում են նյութափոխանակության համակարգի աշխատանքի փոփոխությունների և անբնական քաղցի առաջացման: Ի վերջո նման խանգարումները դառնում են սննդի սխալ գործածության պատճառ ու հանգեցնում քաշի ավելացման:

Սննդի քանակի սխալ գնահատում

Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել՝ շատերը պարզապես չեն գիտակցում, որ նորմայից շատ են ուտում: Տարիքի հետ օրգանիզմն ավելի ու ավելի քիչ կալորիայի կարիք է ունենում, ինչը պայմանավորված է լինում մկանային զանգվածի նվազմամբ ու կենսաքիմիական գործընթացների դանդաղումով: Եթե մարդը երիտասարդ տարիքում շատ է սնվել և չի նվազեցնում օգտագործվող մթերքի քանակությունը նաև տարիներ անց, ապա քաշի ավելացումից խուսափել չի հաջողվի, քանի որ առանց հավելյալ ֆիզիկական ակտիվության օրգանիզմը պարզապես չի կարողանա այրել բոլոր ավելորդ կալորիաները:

Ավելորդ կալորիաներ օգտակար մթերքից

Մասնագետների խոսքով՝ օգտակար մթերքը, որպես կանոն, չի ասոցացվում քաշի ավելացման հետ, ինչի պատճառով մարդիկ հաճախ նորմայից շատ են ուտում նման մթերքը՝ դրանով իսկ նպաստելով քաշի ավելացմանը: Ի վերջո մարդը չափազանց մեծ քանակությամբ կալորիա է ստանում օգտակար սննդամթերքից, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի:

Ցիրկադային ռիթմերի անտեսում

Մարդիկ հաճախ սնվում են այնպես, ինչպես ցանկանում են՝ չհետևելով ցիրկադային ռիթմերին, սակայն այս ռիթմերին հետևելը շատ կարևոր է: Ըստ ցիրկադային ռիթմերի՝ առավոտյան արթնանալուն պես օրգանիզմը պետք է բավական շատ սնունդ ստանա, որը կապահովի անհրաժեշը էներգիայով: Միևնույն ժամանակ ճաշին ու ընթրիքին հարկավոր է ավելի քիչ ուտել: Այս ռեժիմին չհետևելը քաշի ավելացման ամենատարածված պատճառներից մեկն է, մինչդեռ շատերն ուշադրություն չեն դարձնում դրան:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook