
59 просмотры
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության հետ համագործակցությամբ այսօր ազդարարեց Հայաստանի խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը ռոբոտի օգնությամբ բարելավելու նախագծի մեկնարկը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ծրագրի շրջանակում Ռոբին անունով ռոբոտի էմոցիոնալ աջակցության միջոցով կգնահատվի Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները, փորձ կարվի բարձրացնել տրամադրությունը՝ օգնելով հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները: Նախագիծն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Տարիների փորձագիտական աշխատանքին զուգահեռ, ծերաբույժ Ջեյն Լ. Մահակյանը նեյրոկոգնիտիվ խնդիրներ ունեցող տարեցների համար մշտապես բուժման նորարարական մեթոդներ է փնտրել: Երևանում իմանալով Ռոբին ռոբոտի մասին՝ նա հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք այն դրական ազդեցություն ունենա նաև Ալցհայմերի հիվանդություն և ծերունական թուլամտության այլ տեսակներ ունեցող անձանց ինքնազգացողության վրա: «Մեկ տարի առաջ, երբ Երևանում հանդիպեցի «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանի հետ, մտածեց, որ եթե համադրենք Կարենի ունեցած տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները ծերաբուժության ոլորտում իմ կուտակած փորձի հետ, կկարողանանք բարելավել խնամքի կենտրոններում ապրող տարեցների կյանքի որակը»,-ասում է բժիշկ Ջ.Մահակյանը՝ հավելելով, որ ծերունական թուլամտության պատճառով խնամքի կարիք ունեցող մարդկանց թիվը տարեցտարի աճում է, և այս եղանակով աջակցություն տրամադրելն արդեն ծայրահեղ կարևոր է: Նախագծի տևողությունը 12 շաբաթ է, տուն-ինտերնատի 20 մասնակիցներից յուրաքանչյուրը Ռոբին ռոբոտի հետ մոտ կես ժամ տևողությամբ շաբաթական երկու հանդիպում կունենա: Շահառուների հետ Ռոբինը կշփվի ու կզրուցի՝ հաշվի առնելով նրանց ինտելեկտուալ մակարդակը, հետաքրքրությունների շրջանակն ու նախասիրությունները: Ռոբինի հետ հանդիպումների ժամանակ նախատեսված են նաև ինտելեկտուալ խաղեր, նրանց նախընտրած երաժշության ունկնդրում, հարցախույզ սիրված ֆիլմերից, զրույցներ գրականության ու արվեստի մասին ու եղանակի շուրջ: Հատկանշական է, որ ծրագիրն իրականացվում է բացառապես կամավորության սկզբունքով: Ծրագրի ավարտից հետո հաջորդող 9 ամիսների ընթացքում Ռոբինը կհյուրընկալվի Հայաստանում գտնվող խնամքի մյուս հաստատություններում: Կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքներն ազդեցություն են ունենում առանց այն էլ խոցելի տարեց բնակչության ու հատկապես այն անձանց վրա, ովքեր ապրում են խնամքի հաստատություններում: Համավարակով պայմանավորված մեկուսացումը բացասաբար է ազդում բնակիչների ֆիզիկական զգացողությունների, մտավոր կարողությունների և իմացական գործընթացների վրա: «Մեր նպատակն է օգտագործել ապացույցների վրա հիմնված միջամտությունները՝ տարեց բնակչության կյանքի որակը վերջապես բարձրացնելու, նրանց ճանաչողական գործընթացները բարելավելու և դեպրեսիայի ցուցանիշը նվազեցնելու համար»,- ասում է «Էքսպեր Թեքնոլոջիս» ընկերության գործադիր տնօրեն և հիմնադիր Կարեն Խաչիկյանը: