
119 просмотры
Ամռանը արեւի այրվածք ստանալու վտանգը մի քանի անգամ աճում է: Արեւի այրվածքը կարելի է ճանաչել այն ախտանիշներով, որոնք քաջ հայտնի են մարդկանց մեծամասնությանը՝ թեթեւակի այրվածքի դեպքում դա մաշկի կարմրություն է, երբեմն հոգնածության եւ գլխապտույտի զգացում: Ավելի ուժեղ (II աստիճանի) այրվածքի դեպքում կարող են բշտիկներ առաջանալ: Սովորաբար արեւի թեթեւ այրվածքը, որի դեպքում ուժեղ գրգռվածություն եւ բշտիկներ չկան, անցնում է 3-5 օրվա ընթացքում, բայց ավելի լուրջ դեպքերում վերականգնման համար 2 շաբաթ է պահանջվում: Իմունային համակարգը թուլացնող գործոնները, ներառյալ շաքարախտը, ճարպակալումը, ծխելը եւ արյան շրջանառության խախտումները, կարող են դանդաղեցնել ապաքինումը: Հաճախ մարդիկ սխալ են խնամում այրված մաշկը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը: Ի՞նչ չի կարելի անել արեւի այրվածքի դեպքում: Չի կարելի մաշկին թթվասեր եւ այլ կաթնամթերքներ քսել: Խնդիրն այն է, որ կաթնաթթուները եւ խմորման մթերքները կարող են անկանխատեսելի քիմիական ռեակցիաներ հրահրել: Չի կարելի մաշկին արեւածաղկի, կոկոսի կամ որեւէ այլ բուսական յուղ քսել: Այն ստեղծում է խիտ թաղանթ, ինչը խանգարում է ջերմափոխանակությանը, որի պատճառով այրված մաշկը չի հովանում, այլ, ընդհակառակը, ավելի է գերտաքանում: Այս ամենը կարող է խորացնել գրգռումը եւ հանգեցնել այտուցի: Մոռացեք թեյով, հում բանջարեղենով եւ մրգերով թրջոցների մասին, քանի որ այրվածքի դեպքում դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: Խորհուրդ չի տրվում օգտագործել սկրաբներ, կոշտ ճիլոպներ կամ այլ շերտազատող միջոցներ, քանի որ դրանք կարող են մեծացնել գրգռումը: Թողեք ախտահարված մաշկը բնական ճանապարհով առանձնանա: Խորհուրդ չի տրվում բշտիկները ծակել: Բշտիկները ախտահարված մասերը մինչեւ դրանց ապաքինումը պաշտպանում են վարակից: Մի մոռացեք նաեւ, որ արեւի այրվածքը, նույնիսկ եթե այն թեթեւ է, վնասակար է մաշկի համար, արագացնում է ծերացման գործընթացը եւ կարող է հանգեցնել քաղցկեղի: Ուստի աշխատեք մաշկը պաշտպանել արեւից։