73 просмотры
Բոլորն էլ գիտեն, որ քաշի ավելացմանը հանգեցնում է մեծ քանակությամբ կալորիաների գործածությունն ու սխալ սննդակարգը, սակայն իսպանացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն որոշակի սննդամթերքի գործածությունը չէ, որ նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը: Այս մասին գրում է med.tert.am -ը: Մասնագետների խոսքով՝ շատ կարևոր դեր է կատարում նաև մարդու պահվածքն ու ունեցած սովորությունները, քանի որ դրանց թվում կան այնպիսինները, որոնք կարող են ստիպել մարդուն ավելորդ կալորիաներ օգտագործել՝ դառնալով քաշի ավելացման պատճառ: Նման վատ սովորությունների շարքին են դասվում արագ սննդի կետեր այցելելը, թեթև ուտեստներով (սնեք) սնվելը և ուտելու ընթացքում հեռուստացույց դիտելը: Սակայն նշվում է նաև, որ քաշի ավելացումը սովորաբար պայմանավորված է լինում ոչ թե միայն մեկ վատ սովորությամբ, այլ դրանցից մի քանիսի համադրությամբ: Ավելի հստակ պատասխաններ ստանալու համար մասնագետները 4 տարի շարունակ հետևել են 1600 կամավորի պահվածքին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով վատ սովորություններից 7-ին, որոնք են · պլանի բացակայությունը (մարդը չգիտի, թե որքան է պատրաստվում ուտել), · կիսաֆաբրիկատների կամ պահածոյացված մթերքի գործածությունը, · թեթև ուտեստներ գնելու սովորությունը, · արագ սննդի կետերում սնվելու սովորութունը, · ցածր կալորիականությամբ սննդամթերք չօգտագործելու սովորությունը, · ավելորդ ճարպերը կամ հավի կաշին չհեռացնելու սովորությունը, · սնվելու ընթացքում հեռուստացույց դիտելու կամ բազմոցին նստելու սովորությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ են նման վատ սովորությունները կամավորների մոտ, այնքան բարձր է նրանց մոտ ավելորդ քաշի կուտակման հավանականությունը: Մասնավորապես՝ առավել վնասակար են համարվում այդ սովորություններից երեքը՝ պլանի բացակայությունը, արագ սննդի գործածությունն ու սնվելիս հեռուստացույց դիտելու կամ բազմոցին նստելու սովորությունը: Սակայն միևնույն ժամանակ մասնագետները վստահ են, որ անգամ միայն այս 3-ից խուսափելը կօգնի զգալիորեն ազդել քաշի վրա և խուսափել ճարպակալումից: Նյութի աղբյուրը՝ med.tert.am