91 views
Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանը ներկայացրել է դիտարկումներ ձմերուկի պահպանման, օգտագործման և օգտակարության մասին: Ձմերուկը հանդիսանում է սեզոնային մթերք, և կարևոր է, որ այն երեխային մատուցվի տվյալ ժամանակահատվածում: Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունել պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է լինում: Քանի որ ձմերուկը հյութառատ է, երեխաները շատ հաճախ կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին, ինչպես նշում է բժիշկը, ծնողները պետք է պատրաստ լինեն: Ձմերուկի մեջ ավելի շատ հզոր անտիօքսիդանտ՝ լիկոպեն կա, քան լոլիկի մեջ (տոմատներում): Այն նաև այլ ֆիտոզ սննդանյութեր է պարունակում, ինչպիսին բետակարոտինն է, որը նպաստում է իմուն ֆունկցիայի լավացմանը, և ցիտրուլինը, որը կարող է բերել զարկերակային ճնշման կարգավորմանը: Բացի դրանից, ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարող է օգնել, որ երկաթի ներծծումը տարատեսակ սննդամթերքների ընդունումից հետո ավելի լավ կատարվի: Դրա համար կարելի է երբեմն ձմերուկը համադրել տարատեսակ կանաչ տերևների, չիայի սերմերի հետ, որոնց մեջ կա երկաթ: Պետք է հիշել նաև, որ ձմերուկը կարող է իր մեջ բակտերիաներ ունենալ: Ամբողջական ձմերուկը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանում, մինչև հասունանա, սովորաբար՝ գնելու օրվանից հետո՝ 1-2 օր, որից հետո պետք է տեղափոխել սառնարան: Իսկ կտրված ձմերուկը պետք է պահել սառնարանում 3 օր։ Եթե ուզում եք ավելի երկար պահել, պետք է հանել սերմերը, քամել հյութը: Այդ հյութը կարելի է պահել սառցախցիկում՝ մինչև մեկ տարի, սակայն սառած հյութը երեխաներին մատուցելը ցանկալի չէ: Երեխայի համար սնունդ ընտրելիս կարևոր է մտածել փոքրիկի ոչ միայն առողջության, այլև անվտանգության մասին: Ձմերուկի դեպքում ծնողները պետք է ուշադիր լինեն՝ հաշվի առնելով կորիզների առկայությունը: Երեխան, որը դեռ լիարժեք չի տիրապետում ծամելու և կլման ակտերի ճիշտ համադրությանը, կարող է ձմերուկ ուտելիս սկսի հազալ, կարող են լինել անգամ որձկալու էպիզոդներ: Ցանկալի է, որ երեխաներն ուտեն ձմերուկ մեծերի հսկողությամբ, անվտանգ սննդային միջավայրում, որը ենթադրում է մեծահասակի կողմից ձմերուկի թարմության գնահատում, կտորների մեծության որոշում, ինչպես նաև սերմերի հանում, դրանք կարող են ասպիրացիայի մեծ վտանգ պարունակել: