
51 views
Գիտնականները հերքել են ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որի համաձայն՝ ընթրիքին մեկ բաժակ գինին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը եւ ընդհանրապես առողջության համար օգտակար է: Journal of Studies on Alcohol and Drugs-ում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են նախկինում անցկացված մի քանի տասնյակ թեստեր եւ տխուր օրինաչափություններ հայտնաբերել. վերջին տասնամյակներին կատարված մեծ թվով հետազոտությունների արդյունքում կապ է հայտնաբերվել ալկոհոլի չափավոր օգտագործման եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության զգալի նվազման միջեւ, սակայն այս հետազոտությունների մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ խոսքն ավելի շուտ սուբյեկտիվ ընտրության մասին է: Խնդիրն այն է, որ հետազոտությունների մեծ մասում չափավոր խմողներին համեմատում են չխմողների հետ, սակայն «չխմողներից» շատերն այն մարդիկ են, որոնք ալկոհոլից հրաժարվել են առողջական լուրջ խնդիրների պատճառով: Ավելի մեծ տարիքային կարգերում ընտրությունն առավել կասկածելի է դառնում: «Մենք գիտենք, որ մարդիկ տարիքին զուգահեռ սովորաբար ալկոհոլի օգտագործումը կրճատում են, հատկապես եթե առողջական խնդիրներ ունեն»,- նշել է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիայի համալսարանի կախվածությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թիմ Սթոքվելը: «Մարդիկ, որոնք տարեց տարիքում շարունակում են ալկոհոլ օգտագործել, սովորաբար ավելի առողջ են,- հավելել է Սթոքվելը: - Նրանք չեն հիվանդանում, դեղեր չեն խմում, որոնք գինու հետ վատ են համատեղվում»: Ուշադիր ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ հարցվածները սովորաբար ալկոհոլից հրաժարվել են 55 տարեկանում կամ փոքր-ինչ ավելի մեծ տարիքում: Անհնար է պարզել, թե մինչեւ դա նրանց առողջության վրա ինչպես է ազդել օրական մեկ-երկու բաժակը: Հետազոտողների խոսքով՝ այս ամենն ամենեւին չի նշանակում, որ պետք է մեկ բաժակ գինուց հրաժարվել. ալկոհոլի չափավոր օգտագործումը, Սթոքվելի խոսքով, օրգանիզմին գրեթե վնաս չի պատճառում: Այլ հարց է, որ չպետք է ձեզ հանգստացնեք պատրանքներով եւ խմեք «հանուն առողջության»: NEWS.am Medicine