
63 просмотры
Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երևանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով: Փաստացի` թունաքիմիկատներով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.6 անգամ, ինչը պայմանավորված է տարածքային կառավարման մարմինների աջակցությամբ բնակչության շրջանում խնդրի վերաբերյալ լայնածավալ իրազեկման աշխատանքով: Նշենք, որ 2017 թվականին թունաքիմիկատներով թունավորումները հիմնականում արձանագրվել են Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում: Գերիշխող պատճառը` (48%) թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանումն է և մակնշումը: Միաժամանակ, այս տարի 2016-ի համեմատ նկատվել է ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքերի նվազում՝ 0.7 անգամ, մինչդեռ ծնողի անուշադրության հետևանքով արձանագրված դեպքերի կտրուկ աճ (29%) է դիտվել: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է պահպանել թունաքիմիկատների օգտագործման և պահպանման կանոնները, մասնավորապես՝ • հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա • չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով • լվանալ և պահել թունաքիմիկատով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին • տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով • չպահել թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում • պահել թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում • չպահել թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում • չօգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով կիրառելու համար • պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս • չիրականացնել թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ • պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում • օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս • չփչել հեղուկացրի (սրսկիչ սարք) խցանված ծայրադիրի մեջ • օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատ օգտագործելուց հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը • լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով • չօգտագործել թերություններ ունեցող սարքեր։