
113 просмотры
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի` ✓ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ը հնարավորության սահմաններում դրսում չմնալ, ✓ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից, ✓ օգտագործել սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո, ✓ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել, ✓ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ միրգ և հում բանջարեղեն, ✓ չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, ✓ չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենայում, ✓ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ այդպես հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, ✓ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, ✓ պետք է հետևել, որպեսզի օդորակիչի սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդու վրա, ✓ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: