
47 просмотры
Եթե անցյալում ամանորյա տոների ժամանակ ավելորդ կիլոգրամներ հավաքելու փորձ ունեցել եք, ապա հիմա հավանաբար մտածում եք, թե այս տարի ինչպես խուսափեք քաշի հետ կապված խնդրից: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները կարող են օգնել տոների ընթացքում չգիրանալ: 1. Փորձեք նոյեմբերին եւ դեկտեմբերին 1-2 կգ նիհարել: Դա հանդարտ արեք, առանց ավելորդ լարվածության եւ խիստ սննդակարգերի: Իսկ ամանորյա տոներից հետո դուք գիրանալու փոխարե ն, պարզապես կվերադառնաք ձեր սովորական քաշին: 2. Ամանորյա սեղանին դրեք միայն լավ, օգտակար ուտեստներ, սեղանից հեռացրեք քաղցր գազավորված ըմպելիքները (փոխարենը դրեք ջուր եւ հանքային ջուր), յուղոտ, տապակած ուտելիքները, նաեւ թթվասերով եւ մայոնեզով աղցանները: 3. Հյուր գնալուց առաջ մի փոքր կերեք: Եթե քաղցած չլինեք, հազիվ թե չափից ավելի շատ ուտեք եւ կկարողանաք ավելի գիտակցված սնվել: 4. Ցանկացած ճաշ բանջարեղենից սկսեք: Բանջարեղենը ստամոքսն արագ է լցնում եւ կուշտ լինելու զգացում է ապահովում: 5. Ընտրեք կիտրոնով եւ քացախով համեմված աղցաններ, դրանք ավելի օգտակար են եւ քիչ կալորիական, քան մայոնեզով եւ թթվասերով աղցանները: 6. Չարժե 10-15 ճաշատեսակ համտեսել, ավելի լավ է 2-3 ուտեստ ընտրել եւ միայն դա ուտել ամբողջ ճաշի կամ ընթրիքի ընթացքում: Ուտելիքի մեծ բազմազանությունը օրգանիզմի համար մեծ ծանրաբեռնվածություն է: 7. Հեռու նստեք ավելի գայթակղիչ ճաշատեսակներից: 8. Եթե կուշտ ճաշից կամ ընթրիքից հետո աղանդեր են առաջարկում, ավելի լավ է այն միանգամից չուտել, խնդրեք այն փաթեթավորել եւ ձեր հետ վերցրեք: Դուք այն կարող եք ավելի ուշ ուտել կամ հաջորդ օրը: 9. Սահմանափակեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ կատարյալն այն կլինի, որ հրաժարվեք: Սպիրտային խմիչք օգտագործելուց հետո ղեկի մոտ նստելը վտանգավոր է, դրանից զատ՝ ալկոհոլը մեծ քանակով կալորիաներ է պարունակում եւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն: 10. Ջանացեք տոների ընթացքում ավելի շատ շարժվել, պարել, երեխաների կամ ընկերների հետ զբոսնել: