
75 просмотры
Այսօր շուկայում շատ են անորակ շոկոլադե կոնֆետները, որոնց մեջ կակաոյի քերուկի փոխարեն՝ կակաոյի փոշի է, իսկ կակաոյի յուղի փոխարեն՝ էժանագին արմավի յուղ: Այսպիսի շոկոլադը եթե նույնիսկ վնասակար չէ, ապա, ի տարբերություն բարձրորակի, օգտակար էլ չէ, պնդում է Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նա ներկայացրեց մի քանի պարզ փորձարկումներ, որոնք տնային պայմաններում կարող են օգնել լավ շոկոլադը վատից տաբերակելուն: Կոնֆետն ափի մեջ սեղմեք Կակաոյի յուղը հալչում է արդեն Ցելսիուսի 30 աստիճան ջերմաստիճանի դեպքում, մինչդեռ արմավի յուղը սկսում է հալչել 40 եւ բարձր ջերմաստիճանում: Եթե կոնֆետը ձեր ափի մեջ սեղմեք, եւ այն արագ հալչի, ապա նշանակում է՝ դրա մեջ, ավելի շուտ, իսկապես կակաոյի յուղ է: Կոնֆետը գցեք կաթով բաժակի մեջ Եթե շոկոլադե կոնֆետի բաղադրության մեջ կակաոյի յուղ է եւ կակաոյի քերուկ, այն արագ կխորասուզվի սովորական կաթի բաժակի մեջ: Իսկ փոշուց եւ բուսական այլ յուղերից պատրաստված ցածրորակ կոնֆետը «կլողա» կաթի մակերեւույթին: Դավիթ Պիպոյանը նախազգուշացնում է, որ այս փորձարկման անցկացումը պետք է կատարել հատկապես կաթով, ջուրն այս գործում չի համապատասխանում: Կոնֆետը դրեք սառցախցիկի մեջ Լավ, իսկական շոկոլադը սառցախցիկում սպիտակում է, իսկ վատ կամ կեղծված կոնֆետի գույնը, ավելի շուտ, չի փոխվի: Գնահատեք շոկոլադի արտաքին տեսքը Դավիթ Պիպոյանի խոսքով՝ լավ շոկոլադը փայլում է, մինչդեռ ցածրորակ շոկոլադե կոնֆետները, որոնց մեջ կակաոյի յուղ եւ կակաոյի քերուկ չկա, անփայլ են: Ի վերջո , բաղադրությունը կարդացեք Կոնֆետների մեծ մասի փաթեթի վրա արտադրողները միանգամայն ազնվորեն նշում են բաղադրությունը: Ճիշտ է, սպառողների մեծ մասը այն երբեք չի կարդում: Փորձագետի խոսքով՝ լավ շոկոլադի մեջ ընդամենը երեք բաղադրիչ կա՝ կակաոյի քերուկ, կակաոյի յուղ եւ շաքար: Վատորակի մեջ կակաոյի քերուկի փոխարեն՝ լավագույն դեպքում կակաոյի փոշի է, իսկ կակաոյի յուղի փոխարեն՝ էժանագին բուսական յուղեր: Քանի որ արմավի յուղը շատ էժան է, շատ արտադրողներ գերադասում են հենց դա օգտագործել, իսկ փաթեթի վրա նշում են՝ «բուսական յուղ»: Ինչպես ընդգծեց մասնագետը, լավ շոկոլադը ցածրորակից գրեթե կրկնակի թանկ է, սակայն բազմակի ավելի օգտակար է: Ուստի ավելի լավ է շոկոլադ հազվադեպ ուտել, սակայն ամենալավն ընտրել: Նյութի աղբյուրը՝ iravunk.com