
61 просмотры
Լուծային համախտանիշ. ռիսկի գործոններից մինչեւ հայտնաբերում, բուժում և կանխարգելում Այսօր բնակչության մոտ հաճախ հանդիպող խնդիրներից է լուծային համախտանիշը: Վերջինիս զարգացման պատճառները բազմաթիվ են, իսկ ախտորոշման և բուժման մոտեցումները՝ տարբեր: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Նարինե Փաշինյանը անդրադարձել է այն լուծային համախտանիշին, որը զարգանում է հակաբիոտիկների օգտագործման հետևանքով և կոչվում է հակաբիոտիկ-ասոցիացված լուծեր: Ի պատասխան հակաբիոտիկների օգտագործման՝ այս իրավիճակը հաճախ զարգանում է Clostridium Difficile կոչվող բակտերիայի ազդեցության հետևանքով: Վերջինս արտադրում է հաստ աղու լորձաթաղանթը վնասող A և B կոչվող տոքսիներ: Այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած հակաբակտերիալ դեղամիջոց օգտագործելու դեպքում։ Սակայն առավել հաճախ հիվանդությունն առաջանում է երկրորդ և երրորդ սերնդի Ցեֆալոսպարին, Ֆտորֆինալոն, Կլինդամիցին, Կարբոպենեմ և մի շարք այլ հակաբիոտիկների օգտագործման հետեւանքով: Հիվանդության ախտանշաններին բնորոշ է ի հայտ գալ հակաբակտերիալ թերապիայի ընթացքում կամ հակաբիոտիկների ընդունումից 1-10 օր հետո։ Ավելի հազվադեպ հնարավոր է ախտանշաններն ի հայտ գան հակաբիոտիկների օգտագործման դադարեցումից 6-8 շաբաթ անց։ Ռիսկի գործոններ Բացի հակաբիոտիկների ընդունումից, գոյություն ունեն այսպես կոչված ռիսկի գործոններ, որոնք կարող են նպաստել հիվանդության առաջացմանը։ Այդ գործոնների թվին են դասվում․ • պացիենտի տարիքը՝ 65-ից բարձր, • իմունային համակարգը ընկճող զանազան դեղամիջոցների ընդունումը (գլյուկոկորտեկոիդներ, հակաուռուցքային դեղամիջոցներ եւ այլն) • հիվանդանոցային բուժումը, հատկապես՝ վերակենդանացման բաժանմունքում։ Վերակենդանացման բաժանմունքում 7 օրվա ընթացքում մնալը մեծացնում է այս հիվանդության առաջացման ռիսկը 8 տոկոսով։ • ցանկացած այլ պաթոլոգիայի առկայությունը, օրինակ՝ աղիների բորբոքային հիվանդությունները, ՄԻԱՎ-ը, շաքարային դիաբետը, • ստամոքսաղիքային տրակտի ամենատարբեր վիրահատական միջամտությունները, • սնվելու հատուկ տիպերը, այդ թվում՝ նազոգաստրալային խողովակի միջոցով, ինչը ևս վերակենդանացման բաժանմունքներում է լինում, Ինչպե՞ս է փոխանցվում վարակը • Վարակի փոխանցման հիմնական ճանապարհը ֆեկալ-օրալն է։ Այսինքն՝ բակտերիաները թափանցում են օրգանիզմ աղտոտված մակերեսներից։ • Որոշ մարդկանց համար Clostridium Difficile բակտերիան նորմալ միկրոֆլորայի մի մասն է, սակայն դրա թվաքանակը խստորեն վերահսկվում է մյուս մանրէներով, որոնք պարունակվում են աղիների նորմալ միկրոֆլորայում, և իմունային համակարգի աշխատանքի հաշվին։ Clostridium Difficile ինդուկցված լուծերի թեթեւ և միջին ծանրության ընթացքի դեպքում պացիենտի մոտ առաջացող ախտանիշներն են. • Ջրային լուծ • Որովայնի թեթև կծկող բնույթի ցավեր: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, որը կոչվում է պսեւդոմեմբրանոզ կոլիտ, ի հայտ են գալիս հետեւյալ ախտանիշները • Արտաթորանքի մեջ լորձի, արյան, երբեմն թարախի հայտնվելը: • Բարձր ջերմությունը (38,5 եւ ավելի) • Սրտխառնոց, ախորակի կորուստ: Պսևդոմեմբրանոզ կոլիտի զարգացման դեպքում հնարավոր է մի շարք ծանր բարդությունների զարգացումը: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶ • Կղանքում Clostridium Difficile տոքսին A եւ B հայտնաբերումը: • Կոլոնոսկոպիան, որի ընթացքում հայտնաբերվում են աղիների լորձաթաղանթին ֆիքսված կեղծ դեղնավուն մեմբրաններ, որտեղից եւ առաջացել է հիվանդության անվանումը: Բուժումը • Թեթև և միջին ծանրության ընթացքի դեպքում ամբուլատոր պայմաններում՝ բժշկի հսկողությամբ: • Ծանր ընթացքի դեպքում՝ ստացիոնար պայմաններում: Clostridium Difficile վերացնող դեղամիջոցները պետք է նշանակվեն միայն բժշկի կողմից: Կանխարգելում՝ • Անձնական հիգիենայի պահպանում • Հակաբիոտիկների ռացիոնալ օգտագործումը միայն բժշկի նշանակմամբ: