
53 просмотры
Շփվելով կրծքագեղձի տարբեր գոյացություններ ունեցող պացիենտների հետ՝ հաճախ ենք լսում ահաբեկված կարծիքներ, թե բիոպսիան կարող է դառնալ կրծքագեղձում առկա գոյացության չարորակացման, մեծացման պատճառ: Իրականում ժամանակակից բժշկության մեջ բիոպսիան անփոխարինելի հետազոտություն է: Միջազգային չափանիշների համապատասխանող որևէ կլինիկայում առանց նախավիրահատական հյուսվածաբանական հետազոտության արդյունքների չի ցուցվում վիրահատություն, և չի մշակվում այցելուի վարման կարգը: Բիոպսիան տեղային անզգայացմամբ կատարվող գործողություն է, որ իրականացվում է միջուկի տրամագիծ ունեցող ասեղի օգնությամբ և գործիքային հետազոտության (ՈւՁՀ, մամոգրաֆիա, ՀՏ, ՄՌՏ) հսկողությամբ: Այնուհետև ախտաբանական օջախից ստացված հյուսվածքը ենթարկվում է հատուկ հյուսվածաբանական քննության: Եթե հյուսվածաբանական հետազոտությամբ պարզվում է, որ գոյացությունը բարորակ է, բուժող բժիշկը որոշում է հետագա վարման կարգը, և որ ամենակարևորն է, շատ դեպքերում պացիենտը խուսափում է չհիմնավորված վիրահատությունից: Վիրահատություն պլանավորելը և այն իրականացնելն առանց նախավիրահատական հյուսվածաբանական ախտորոշման՝ բիոպսիայի, կարող է պահանջել կրկնակի վիրահատություն, բացասաբար ազդել բուժման արդյունավետության, և պացիենտի կյանքի ցուցանիշի վրա: Ռադիոլոգ ԱՆի Հակոբյանը վստահեցնում է, որ եթե կրծքագեղձում հայտնաբերված օջախը, գոյացությունն ունի ակտիվանալու, մեծանալու միտում, անկախ բիոպսիայից ընթացքը կշարունակվի: Իհարկե, շատ հազվադեպ, բայց բիոպսիայից հետո կարող են զարգանալ բորբոքային որոշակի պրոցեսներ, հեմատոմա և այլն, սակայն այս խնդիրներն անհամեմատելի են բիոպսիայի մեծագույն օգտավետության հետ: Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016 Doctors.am