
45 просмотры
Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում: Այս ենթադրությունը հաստատվում է նաև հյուսվածաբանական հետազոտության տվյալներով. տարեց տղամարդկանց շագանակագեղձի միկրոմիջավայրում հայտնաբերվում են բորբոքային բջիջներ: Բորբոքային պրոցեսը կապված է շագանակագեղձի պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայով, որը հանդիսանում է ենթադրյալ նախաքաղցկեղային վիճակներից մեկը: Գոյություն ունեն բազմաթիվ բացատրություններ, թե ինչպես կարող է շագանակագեղձում քրոնիկական բորբոքային պրոցեսը բերել չարորակ փոխակերպման. 1. Բորբոքումը նպաստում է օքսիդատիվ սթրեսի առաջացմանը: Առաջանում են մեծ քանակությամբ թթվածնի ակտիվ ձևեր, որոնք խթանում են մուտացիան: 2.Բորբոքային պրոցեսը կարող է բերել էպիգենետիկական ալտերացիաների, որոնք նույնպես նպաստում են ուռուցքային փոխակերպման: 3. Պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայի ժամանակ առաջանում են միջանկյալ ֆենոտիպի բազմաթիվ ծորանային էպիթելային բջիջներ: Գենոմային ալտերացիաների նկատմամբ սրանք օժտված են բարձր ընկալունակությամբ, որոնք էլ իրենց հերթին բերում են շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիայի և քաղցկեղի զարգացման: 4.Շագանակագեղձի միկրոմիջավայրում բորբոքային պրոցեսը նպաստում է վերածրագրավորմանը՝ շագանակագեղձի մասնագիտացված հասուն բջիջների վերածմանը ցողունային բջիջների: Համարվում է, որ այս պրոցեսը առաջատար դեր է խաղում կանցերոգենեզում: Միզային միկրոֆլորայով շագանակագեղձի վարակման դեպքում հայտնաբերվում է էպիթելային պատնեշի քայքայում, և սա կարող է կարևոր դեր խաղալ միկրոմիջավայրում բորբոքման զարգացման մեջ:. Այսպիսով, ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագեղձի բորբոքումը և ատրոֆիան կարևոր դեր են խաղում չարորակ ուռուցքների զարգացման մեջ: Եվ այս պրոցեսներում նշանակալի գործոն է հանդիսանում շագանակագեղձի վարակումը: Նյութի աղբյուրը՝ oncology.am