Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ալկոհոլի, գազավորված ըմպելիքի և սննդամթերքի չափից շատ օգտագործումը կհանգեցնի մարսողական համակարգի լուրջ խնդիրների

Ամանորյա տոնական օրերին շատերը հաճախ մոռանում են առողջ և ճիշտ սնվելու մասին, ինչը կարող է հետագայում հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։

Տոնական օրերին և առհասարակ չափից շատ ալկոհոլի, գազավորված ըմպելիքի,  տարբեր սննդամթերքի շատ մեծ քանակով օգտագործումն, իրար խառնելը և, իհարկե, մի քանի օր ոչ ճիշտ պայմաններում պահվող սննդամթերքի օգտագործումն, ըստ մասնագետի, միանշանակ կբերի մարսողական համակարգի խանգարման։

Ամանորյա տոնական օրերից  հետո մարսողական համակարգի վերականգնման ու ճիշտ սննդակարգի կարևորության մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանի հետ։

«Ամանորյա այս տոնական օրերին մենք սովորաբար օգտագործում ենք այն ամենն, ինչը չի կարելի։ Առհասարակ, Հայաստանում նկատել եմ, որ սննդակարգը շատ սխալ  է, իսկ այդ օրերին մենք օգտագործում են շատ մեծ քանակով աղ, բարձր ջերմային մշակում անցած, բուսայուղերով տապակած մսամթերք, քաղցրավենիք, հաց, և վերջում այդ ամենը խառնում ենք ալկոհոլով, որն անհետևանք մնալ չի կարող»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ այս ամենի ամենավտանգավոր և արագ արտահայտվող հետևանքներից մեկը, որն առավել շատ է հանդիպում, սննդային թունավորումն է։

«Գաղտնիք չէ, որ մենք սիրում ենք մեր աղցանները համեմել մայոնեզով կամ թթվասերով, հետո ժամերով թողնել սենյակային ջերմաստիճանում կամ օրերով պահել, նոր օգտագործել, որն անթույլատրելի է, շատ դեպքերում արդեն հին աղցանը կարող է սննդային թունավորման պատճառ դառնալ»,-ասաց նա։

Մասնագետը խորհուրդ տվեց անկախ իրավիճակից և առիթից՝ չուտել ոչ ճիշտ պայմաններում պահված կամ ժամկետանց սննդամթերք, և առավել ևս դրանք խառնել ալկոհոլի և գազավորված ըմպելիքի հետ։ Այլ այս ամենին հակառակ՝ պետք է շատ օգտագործել բանջարեղեն, մրգեր, թարմ մթերք և հյութեր։

Սխալ սննդակարգին, չարաշահումներին, ոչ ճիշտ պայմաններում պահված և ժամկետանց  սննդամթերքի օգտագործման հետևանքներին, դրանցից առաջացող մի շարք հիվանդություններին, խնդիրներին և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

 ԳայանեԳաբոյան

x Close

Like Us On Facebook