Monday, November 17, 2025
Մանկան ԱնկյունՆորություններ

երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերն ունենում են տարբեր պատճառներ

Նորածնային շրջանում ծնողներին շատ են անհանգստացնում երեխաների մոտ հանդիպող տարբեր տեսակի խնդիրներն ու ցավերը: Դրանցից որոշների պատճառները հնարավոր է լինում հասկանալ, որոշները՝ ոչ:  Նման խնդիրներից է նաև նորածնային կոլիկան: Նորածնային կոլիկաներն առավելապես երեկոյան ժամերին հանկարծակի առաջացող սուր ցավերն են, որն ուղեկցվում է երեխայի սաստիկ լացով և ընդհանուր անհանգստությամբ։

Այս դեպքում երեխայի անհանգստությունն ի հայտ է գալիս առանց որևէ ակնհայտ պատճառի, և ոչ մի հանգստացնող միջոց այն չի թեթևացնում:

Մանկահասակ երեխաների խնամքին, զարգացմանը և հաճախ հանդիպող խնդիրների շուրջ  «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք  ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Աննա Բալայանի հետ։

Մասնագետը, խոսելով 0-ից մինչև 6 ամսական երեխաներին  հաճախ տանջող  փորացավերից՝ կոլիկաներից, նշեց, որ դրանք չեն անցնում երեխային գրկելիս կամ սովորական խնամքի միջոցառումներ իրականացնելիս։ Ընդ որում, ցավը հանկարծակի էլ անցնում է։

«Առհասարակ ծնողները շատ են դիմում բժիշկներին հենց փորացավերի գանգատներով և այս պարագայում բժշկի ամենակարևոր գործառույթն այն է, որ նա կարողանա տարբերակել և բացատրել ծնողին, թե ինչ խնդրի հետ գործ ունեն, արդյոք առկա են այնպիսի խնդիրներ, որոնք կյանքին սպառնացող են և  անհետաձգելի բուժական միջոցառումներ են պահանջում»,-ասաց մասնագետը։

Անդրադառնալով վաղ դպրոցական տարիքում հանդիպող փորացավերին և դրանց հիմնական պատճառներին բժիշկն ընդգծեց, որ այս դեպքում փորացավերը շատ հաճախ կապված են լինում երեխաների էմոցիոնալ ֆոնի, սթրեսի հետ և համընկնում է հենց երեխաների դպրոց հաճախելու հետ: Ըստ մասնագետի՝ այն ավելի հաճախ հանդիպում է ավելի պատասխանատու երեխաների մոտ, որոնք ինչ-որ դասեր միգուցե լավ չեն պատրաստել և դրանից ելնելով լարվում են: Այդ փորացավերը հատկապես դրսևորվում են  առավոտյան:

Երեխաների մոտ տարբեր տարիքում հանդիպող փորացավերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

x Close

Like Us On Facebook