Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել վատ էմոցիաները

Նոր ուսումնական տարին, նոր ընկերները, նոր դասարանն ու միանգամայն նոր միջավայրը կարող են անհանգստության պատճառ դառնալ երեխաների համար։ Հոգեբաններն առաջարկում են այն հաղթահարելու մի քանի եղանակ։

Ամենից առաջ եկեք ամրագրենք, որ անհանգստությունը բացասական զգացում չէ։Նորմալ է, երբ մարդն անհանգստանում է որևէ բանի համար։ Դա կարող է դրականորեն ազդել մարդու զարգացման վրա։ Նորմալ է, և պետք է երեխան անհանգստանա, երբ ժամանակին չի հասցնում անել տնային աշխատանքները, որ ստանում է վատ գնահատականներ։ Սա կարող է մոտիվացնել նրան` դառնալու ավելի լավը։ Անհանգստությունը դառնում է վտանգավոր, երբ այն սկսում է բացասականորեն ազդել երեխայի ամենօրյա տրամադրության, վարքի վրա։

Իրավիճակներ, որոնք երեխայի մոտ կարող են անհանգստության զգացում առաջացնել.

  • հասարակության մեջ ինտեգրման խնդիրներ,
  • ծանրաբեռնված ուսումնական տարի,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
  • կյանքում էական փոփոխություններ, օրինակ՝ դպրոցի փոփոխություն,
  • ապագայի հետ կապված անորոշություն, օրինակ՝ ուսումնական ինչ հաստատություն ընդունվել, ինչ մասնագիտություն ընտրել:

Վերոնշյալ բոլոր իրավիճակները երեխայի մոտ կարող են և պետք է առաջացնեն անհանգստություն, սակայն երեխան չպետք է օրերով մտատանջվի։ Այնպես որ, ծնողները պետք է ուսումնասիրեն երեխայի վարքը՝ ընկճախտի առաջացումը կանխելու նպատակով։

Ուշադիր եղեք, եթե.

  • երեխայի վարքագծում բացասական փոփոխություն և տրամադրության անկում եք նկատում,
  • երեխան ախորժակ չունի,
  • խախտվել է քունը,
  • էներգիան սպառված է,
  • առանց պատճառի տխրում է կամ լաց լինում,
  • դժվարանում է կենտրոնանալ,
  • հաճախ է ունենում սրտխառնոց, թուլություն, մկանային ցավ,
  • բացասական վերաբերմունք ունի շրջապատի, դպրոցի նկատմամբ։

Ինչպես օգնել երեխային, երբ նա անհանգստանում է․

  1. Աջակցե’ք երեխային։ Որևէ անհանգստություն զգալուն պես հարկավոր է խոսել երեխայի հետ, հարցեր տալ, ընդ որում՝ այնպիսի հարցեր, որոնք չսահմանափակվեն միայն «այո» կամ «ոչ» պատասխաններով: Երեխային հարցրեք՝ «կարծես ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Ի՞նչ է պատահել»։ Ուշադրությու’ն դարձրեք, թե երեխան ինչից է ամենից շատ վրդովվում, որն է նրա մտահոգության պատճառը։
  2. Օրինակնե’ր բերեք։ Ցուցաբերեք հանգստություն, երբ երեխան անհանգիստ վիճակում է։ Փոքրիկները հետևում են ծնողներին, և ցանկացած բարդ իրադրությունում՝ տարբեր մարդկանց հետ շփման մեջ, խնդիրների լուծման ճանապարհին, նրանք շարժվում են նույն կանոններով։ Օգնեք երեխային հավատալ ինքն իրեն: Երեխայի հետ համաձայնելու եւ նրան հավատացնելու, որ «այս աշխարհն իրոք սարսափելի է»-ի փոխարեն, կարելի է ասել՝ «երբեմն ես նույնպես անհանգստանում եմ, այդ պահին խոր շունչ եմ քաշում՝ մտածելով այլ բաների մասին, օրինակ՝ որքան շատ եմ սիրում քեզ և իմ ընտանիքը։
  3. Եղե’ք հետևողական։ Աշխարհում, որտեղ ամեն բան կարող է անկանխատեսելի եւ հանկարծակի լինել, անհրաժեշտ է հետևողականություն ցուցաբերել ամենուր՝ քնելու, ուտելու, խաղալու, հանգստանալու ժամերին։ Ձեր հետևողականությունն ու սիրո այդպիսի արտահայտությունը կայունության եւ կանխատեսելիության զգացում կստեղծեն։
  4. Մարզե’ք ձեր երեխային հանգստացնող վարժություններով։ Անհանգիստ վիճակում երեխային հորդորեք խոր շունչ քաշել, մտքում հաշվել մինչև ութը և արտաշնչել։ Վարժությունը կատարեք մի քանի անգամ՝ երեխայի հետ միասին։ Հնարավորություն տվեք երեխային նկարել վայրեր, որտեղ նա իրեն հանգիստ է զգուն, կարողանում է ուշադրությունը կենտրոնացնել եւ հարմարավետ զգալ։
  5. Խոսե’ք բժշկի հետ։ Երբ երեխայի մոտ լրացուցիչ անհանգստություն, նյարդային վիճակ, ամբողջ օրվա ընթացքում վատ տրամադրություն, իրերի բացասական ազդեցություն, քնկոտություն կամ հիվանդ լինելու զգացում եք նկատում, անհրաժեշտ է խոսել փոքրիկի բժշկի հետ։

Նյութի աղբյուրը՝  impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook