Friday, May 17, 2024
ՀիվանդություններՆորություններ

Համաճարակները կանխելու լավագույն և արդյունավետ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է

Տարիներ շարունակ պատվաստումները օգնել են կանխել և նույնիսկ մոռացության մատնել  մի շարք հիվանդություններ, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր: Կանխարգելիչ պատվաստումները նաև պաշտպանում են հասարակության խոցելի խմբերին մի շարք վարակիչ հիվանդություններից: Դրանք են՝ տուբերկուլյոզ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆտերիա և մի շարք այլ հիվանդություններ:

Պատվաստումների կարևորության և դրանցից հրաժարվելու հետևանքների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի մանկաբույժ Բրիջիդա Սիմոնյանի հետ։

Մասնագետն ընդգծեց, որ հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը հիվանդության դեմ պատվաստումն է: Պատվաստումները կատարվում են կամավոր սկզբունքով, և քաղաքացին ինքն է որոշում՝ ստանա՞լ այն, թե՞ ոչ:

«Գնալով իրավիճակը այնպիսին է դառնում, որ մարդիկ սկսում են հրաժարվել պատվաստումներից, դրա համար տարբեր պատճառներ կան: Պատվաստվել կամ չպատվաստվելը մի կողմից յուրաքանչյուր մարդու իրավունքն է, բայց մյուս կողմից էլ ամբողջ մարդկության իրավունքն է առողջ ապրելը: Այսինքն, եթե հասարակության մի մասը պատվաստվում է, իսկ  մյուս մասը՝ ոչ, ապա  մեծ հավանականություն կա, որ մի օր չպատվաստված քաղաքացին կհիվանդանա, բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ մենք ունենք բնակչության մի խումբ, որոնց տարբեր առողջական խնդիրների պատճառով հակացուցված է պատվաստվելը: Օրինակ՝ եթե առկա են չարորակ նորագոյացություններ, արյան համակարգային հիվանդություններ, արյան ոչ նորմալ մակարդման խնդիր, պատվաստում չի արվում, բայց ոչ թե այն պատճառով, որ պատվաստումը կվնասի, այլ այն ուղղակի չի աշխատի օրգանիզմում: Եվ ինչքան մեր բնակչությունը պատվաստման լայնածավալ ծածկույթ ապահովի երկրում, այսինքն՝ ավելի շատ մարդիկ պատվաստվեն, այնքան մենք կունենանք կոլեկտիվ   իմունիտետ»,- նշեց մասնագետը:

Նա ընդգծեց, որ պատվաստանյութերը կյանքեր են փրկում: Միայն կարմրուկի դեմ պատվաստումները 2000-ից 2018 թվականների ընթացքում կանխել են ավելի քան 23 միլիոն մահ:

Ըստ մասնագետի՝  2007 թվականից Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել, եղել են միայն այլ երկրներից բերովի դեպքեր, որոնք շատ կարճ տեղային բնույթ են կրել:

«Չպատվաստելու դեպքում կարող են վերադառնալ սուր վարակիչ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կարմրուկը, դիֆթերիան և պոլիոմիելիտը, որոնք ժամանակին ավերիչ ազդեցություն են ունեցել բազմաթիվ երկրներում:

Պատվաստանյութերը շատ անվտանգ են և հազվադեպ են կողմնակի ազդեցություններ ունենում: Պատվաստումից հետո հնարավոր բոլոր բարդություններն ու անհարմարությունը, օրինակ՝ ներարկման տեղում առկա բորբոքումը կամ ջերմության աննշան բարձրացումը, չնչին են և ժամանակավոր: Դրանց դեմ հաճախ կարելի է պայքարել բժշկի խորհրդով ամենահասարակ ցավազրկող դեղորայք ընդունելու կամ ներարկման տեղում սառը թրջոց դնելու միջոցով: Եթե ծնողները իրենց երեխաներին պատվաստելու առումով մտահոգություններ ունեն, պետք է խոսեն իրենց բժշկի կամ բժշկական ծառայություն մատուցողի հետ»,- ասաց բժիշկ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ պատվաստումների ժամանակացույցը տարբեր երկրներում տարբեր է՝ կախված նրանից, թե որ հիվանդություններն են առավել տարածված: Խորհուրդ տրվող պատվաստանյութերի և դրանք ստանալու ժամկետների մասին տեղեկատվություն քաղաքացիները կարող  են ստանալ առողջապահական համապատասխան ծառայությունից, բժշկից կամ առողջապահության նախարարությունից:

Որո՞նք են պատվաստումներից հրաժարվելու հիմնական պատճառները, ի՞նչ կողմնակի ազդեցություն կարող է ունենալ պատվաստումը, այսինքն՝ ո՞ր պարագայում այն կարող է խնդիրներ առաջացնել, ո՞ր տարիքում ի՞նչ պատվաստումներ պետք է ստանան երեխաները, ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո, և ի՞նչ պետք է անել:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

Leave a Reply

x Close

Like Us On Facebook