Wednesday, May 1, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Ղափաման՝ ազգային խոհանոցի գանձ. Երևանում ավանդական ուտեստին նվիրված տոնական միջոցառում անցկացվեց

Հայկական ավանդական ղափաման հայերի, զբոսաշրջիկների շրջանում առավել ճանաչելի դարձնելու, հետաքրքրասերներին ուտեստի պատրաստման գաղտնիքներին ծանոթացնելու նպատակով Երևանում՝ Վերնիսաժում, ղափամային նվիրված տոնական միջոցառում անցկացվեց:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ միջոցառմանը շուրջ տասներկու կազմակերպություն՝ ռեստորաններ, խոհարարական ընկերություններ, կրթական հաստատություններ իրենց տաղավարներում ցուցադրում էին ազգային ուտեստն ու սիրով այն հյուրասիրում անցորդներին: Ղափամայից բացի ներկայացված էին հալվա, չրեր, տարբեր թխվածքաբլիթներ, որոնք հարստացնում էին ցուցասեղանները:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Նելլի Ասատրյանն ասաց՝ նախաձեռնությունը  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանինն է:

«Միջոցառումը յուրահատուկ է, քանի որ ներկայացնում ենք մեր ազգային մշակույթն ի դեմս հայկական ազգային խոհանոցի, որի զարդը ղափաման է: Մեր նպատակը մեր ազգային խոհանոցը հանրահռչակելն ու սերունդներին փոխանցելն է, ուստի պատահական չէ, որ մասնակցում են խոհարարական ուսումնական հաստատություններ: Ցանկացել ենք նաև զբոսաշրջությունը խթանել և Վերնիսաժում ենք  կազմակերպել միջոցառումը»,-նշեց Ասատրյանը:

Նա հիշեցրեց՝ կա մի լեգենդ, ըստ որի՝ ղափաման նույնականացվում է երկրագնդի հետ: «Ղափաման Երկիր մոլորակն է, բրինձը՝ բնակչությունը, իսկ ընդեղենը՝ տարբեր կրոնների, ազգությունների ներկայացուցիչներն են: Մեր ուղերձը խաղաղությունն է, որ Երկիր մոլորակի վրա բոլորն ապրեն խաղաղ՝ անկախ կրոնից, ազգությունից, սեռից, համոզմունքից և այլ հանգամանքներից»,-ընդգծեց Նելլի Ասատրյանը:

«Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի համոզմամբ՝ նման նախաձեռնությունները ևս մեկ քայլ են մեր ազգային կերակրատեսակներից մի քանիսը հանրահռչակելու համար: «Եթե մենք ճանաչելի չենք դարձնում, չենք լուսաբանում, չենք տարածում մեր ազգային ուտեստները, չենք կարող բողոքել, որ այս կամ այն երկիրը, հարևանը յուրացնում են մեր կերակրատեսակներից որևէ մեկը»,-շեշտեց նա:

Մամուլյանի խոսքով՝ տարիների ընթացքում Ղափամայի պատրաստման եղանակները չեն փոխվել, բայց տարբեր մարզերում այն յուրովի է պատրաստվում. ամեն տեղ դդումի միջուկը տարբեր է: «Մի մարզում ձավար, ընդեղեն, չրեղեն են օգտագործում, մեղր, մեկ այլ մարզում՝ բրինձ, մրգեր, մյուս մարզում՝ միայն չիր և այլն, սակայն, եթե որպես աղանդեր են մատուցում,  անպայման մեղրով են պատրաստում, կա նաև ոչ աղանդերային տարբերակը: Լեռնային Ղարաբաղում այն պատրաստում են լոբով, ձավարով և գառան մսով՝ որպես հիմնական կերակրատեսակ: Ղափաման հայկական ուտեստ է և իրական անվանումը ամիչ է: Հայկական խոհանոցում բոլոր լցոնած կերակրատեսակները կոչվում են ամիչ»,-պատմեց Սեդրակ Մամուլյանը:

«Երևանի համար 8 արհեստագործական պետական ուսումնարան»-ի ուսանողները մի քանի տեսակի ղափամա էին պատրաստել՝ ավանդական, Էրզրումի և էկզոտիկ մրգերով:

«Ավանդական ուտեստի մեջ բրինձ է, ընդեղեն, Էրզրումի ղափամայի մեջ նաև տավարի միս կա, և այն անցնում է ջերմային մշակումներ, իսկ մեր կողմից պատրաստված ղափամայի մեջ էկզոտիկ մրգեր են՝ անանաս, գուավա»,-նշեց ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող Էրիկ Գասպարյանը:

Նա ասաց՝ հաճախ են ղափամա պատրաստում, որի խորհուրդը խաղաղությունն է:

Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով: Ներկա էին բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք հայկական ուտեստները համտեսելու առիթը բաց չէին թողնում:

Ղափամային նվիրված տոնական միջոցառումը նախաձեռնել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանը՝ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի հետ:

Տոնն առաջին անգամ է նման ձևաչափով անցկացվում:  Հետաքրքրվածները շատ են, ուստի չի բացառվում, որ հաջորդ տարի այլն կրկին կազմակերպվի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook