Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պոլիպոզ ռինիտ

Պոլիպոզ ռինիտը տարածված հիվանդություն է: Պոլիպը քթի և հարակից խոռոչների լորձաթաղանթի գերաճ է, որը, որպես կանոն, զարգանում է քրոնիկ ռինիտի ֆոնի վրա:

Հայմորյան ծոցի  (հայմորիտ) և ծակոտկեն լաբիրինթի (էթմոիդիտ) բորբոքման ժամանակ լորձաթաղանթն այտուցվում է, լցվում ծոցերը և բնական բացվածքներով դուրս գալիս քթի խոռոչ: Բորբոքային գործընթացի մեղմացումից հետո լորձաթաղանթը վերադառնում է նախկին նորմալ վիճակին՝ բացի այն հատվածներից, որոնք դուրս են եկել քթի խոռոչ: Փաստորեն, պոլիպի հիմնական մասը գտնվում է ծոցերում, ոտիկը՝ ծոցերը և քթի խոռոչը միացնող խողովակներում, իսկ գլխավոր մասը՝ քթի խոռոչում:

Բորբոքային պոլիպները կարմրավուն են, իսկ ալերգիկ պոլիպները՝ դեղնավուն: Պոլիպները հաճախ լինում են բազմակի և տարատեսք: Նրանք կարող են առաջացնել քթի միջնապատի ծռումներ:

Պատճառները

Պոլիպների առաջացման պատճառները վիրուսային, սնկային, բակտերիալ և ալերգիկ ռինիտներն են:

Ախտանշանները և ընթացքը

Ախտանշաններն են՝ դժվարացած քթային շնչառությունը, քթի լցվածության զգացումը: Այս ախտանշանների արտահայման չափը կախված է պոլիպների տեղակայումից և չափերից: Հիվանդները նշում են նաև հոտառության և համի զգացողության նվազում:

Կարող են լինել հազի, փռշտոցի նոպաներ, քթից շճային արտադրություն: Եթե առկա է հարքթային ծոցերի բորբոքում, արտադրությունները հնարավոր է լինեն նաև շճա-թարախային: Գանգատներից են նաև գլխացավը, թուլությունը, անքնությունը, ականջներում` աղմուկը:

Ախտորոշումը

Ախտորոշումը դրվում է` ելնելով բուժառուի գանգատներից և ռինոսկոպիայի օգնությամբ քթի խոռոչի հետազոտությունից:

Պոլիպներն առանձնանում են որպես գունատ, այտուցված գոյացություններ, զգայուն չեն, հաճախ լինում են երկկողմանի:

Բուժումը
Բուժումը վիրահատական է, որի ժամանակ պոլիպները հեռացվում են: Վիրահատությունը կատարվում է սրացման շրջանից հետո, տեղային անզգայացմամբ, էնդոնազալ (քթի խոռոչով):  Ցուցման դեպքում նշանակվում է հակաբակտերիալ բուժում: Եթե լինում են հաճախակի կրկնություններ, վիրահատությունը կատարվում է հարքթային ծոցերի վրա, որոնք պոլիպների առաջացման հիմքն են:

Նյութը ՝ armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook