Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել հակաբիոտիկներով բուժման ընթացքում

Հակաբիոտիկներն անչափ կարևոր դեղամիջոցներ են և օգնում են պայքարել մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ, սակայն դրանց ընդունման ընթացքում հարկավոր է խստորեն հետևել բժշկի ցուցումներին և անգամ բացառել սննդակարգից որոշակի մթերքի գործածությունը, այլապես դեղորայքը կարող է անարդյունավետ լինել կամ լուրջ վնաս հասցնել օրգանիզմին:

Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնցից հարկավոր է հրաժարվել հակաբիոտիկներով բուժման ընթացքում:

Ալկոհոլ

Հակաբիոտիկներով բուժման ընթացքում ալկոհոլի գործածութունը խստիվ արգելված է։ Անգամ չնչին քանակությամբ ալկոհոլը կարող է փոխգործակցության մեջ մտնել հակաբիոտիկի հետ, եթե այն օգտագործվել է դեղահաբ ընդունելուց առնվազն 48 ժամ հետո կամ առաջ։ Օրինակ տինիդազոլ և մետրոնիդազոլ հակաբիոտիկներն ալկոհոլի հետ համադրելու դեպքում կարող են առաջացնել գլխացավեր, հաճախասրտություն կամ սրտի ռիթմի անկայունություն, որովայնի ցավեր, սրտխառնոց ու փսխում, ինչպես նաև գլխապտույտներ ու ջերմահորդանքներ։

Կաթնամթերք

Հակաբիոտիկները ոչ մի դեպքում չի կարելի համադրել կաթի հետ, նման դեղամիջոցները հարկավոր է ընդունել միայն ջրով, քանի որ կաթն ու այլ կաթնամթերքը, այդ թվում՝ պանիրը, կարագն ու յոգուրտը, կարող են ազդել օրգանիզմի՝ դեղամիջոցը յուրացնելու կարողության վրա: Սա է պատճառը, որ դեղամիջոցի ընդունումից հետո երեք ժամվա ընթացքում հարկավոր է խուսափել կաթնամթերքի գործածությունից:

Մրգային հյութեր

Հակաբիոտիկները չի կարելի ընդունել նաև մրգային հյութերով: Հատկապես վնասակար է թուրինջի հյութը, քանի որ այն խանգարում է օրգանիզմին տարրալուծել ու յուրացնել դեղամիջոցը: Կալցիումով հարուստ ըմպելիքները, այդ թվում՝ նարնջի հյութը, նույնպես կարող են նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը:

Շաքար և խմորիչներ

Հակաբիոտիկների գործածությունը կարող է հանգեցնել սնկային վարակների զարգացման, ինչը հատկապես տարածված է կանանց շրջանում: Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բացառել շաքարով ու խմորիչներով հարուստ մթերքը սննդակարգից, քանի որ այն կարող է հիանալի սնուցում դառնալ Candida սնկերի համար՝ հանգեցնելով կանդիդոզի զարգացման:

Ինչ մթերք է հարկավոր ուտել

Հակաբիոտիկներով բուժման ընթացքում հարկավոր է ոչ միայն բացառել վերոնշյալ մթերքը սննդակարգից, այլև միաժամանակ ներառել որոշները սննդակարգում, քանի որ կան այնպիսինները, որոնք օգնում են նվազեցնել հակաբիոտիկների ընդունման ընթացքում սնկային վարակների զարգացման հավանականությունը:

Առաջին հերթին հարկավոր է հարստացնել սննդակարգը մանրաթելերով հարուստ մթերքով, քանի որ դրանք կօգնեն արագ վերականգնել աղիների առողջությունն ու կնվազեցնեն որոշ վնասակար բակտերիաների աճը: Սակայն հարկ է հիշել, որ սննդային մանրաթելերը նաև դանդաղեցնում են մարսողությունն ու հակաբիոտիկների կլանումը, ուստի բուժման ընթացքում նման մթերքը ևս հարկավոր է սահմանափակել և ներառել սննդակարգում միայն բուժման կուրսն ավարտին հասցնելուց հետո: Նման օգտակար սննդամթերքի տեսակների շարքին են դասվում ամբողջահատիկ մթերքը, ընկույզները, սերմերը, լոբազգիները, ոսպը, հատապտուղները, բրոկոլին, ոլոռը, բանանը, արտիճուկը և այլն:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook