Saturday, May 11, 2024
Նորություններ

Սուրբ Ծննդյան օրը սկիզբն է գիտակցելու՝ այն, ինչն անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է  Սուրբ   Ծննդյան  ու Աստվածհայտնության տոնը, որը  Հիսուսի  Ծննդյան և Մկրտության հիշատակումն է: Նույն օրը նշվող մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։  Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը։

«Արմենպրես»-ի «Փոդքաստ»-ի տաղավարում տոնի խորհուրդը, ծիսական կարգը և ժողովրդական ավանդույթները մեկնաբանել է Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։

GEV_3278.JPG (415 KB)

Նրա խոսքով՝ Աստվածհայտնությունը կամ Քրիստոսի ծննդյան տոնը մեծ շուքով նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին՝ Քրիստոսի մկրտության հետ միասին։ Չորրորդ դարում Հռոմի եկեղեցին  որոշում է Ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, իսկ  Մմկրտությունը՝ հունվարի 6-ին. դրանից հետո կաթոլիկները, ուղղափառները Ծնունդն ու Մկրտությունը նշում են առանձին-առանձին։

Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները հայ առաքելական եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին: Այն տարվա հինգ տաղավար տոներից առաջինն է; Տոնի հաջորդ օրը մեռելոց է։

Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել: Ճրագալույցի Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Պատարագի վերջում քահանան ողջունում է՝ արտասանելով «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս, օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»: Հավաքվածները վառվող կանթեղներն իրենց հետ տուն են տանում՝ լուսավորելու և ավետելու Սուրբ Ծնունդը։ Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդում է մոգերին դեպի Հիսուսի ծննդավայր:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Պահոց ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում հաջորդ օրը: Հունվարի 6-ի առավոտյան ևս մատուցվում է Սուրբ Պատարագ։ Պատարագի վերջում կատարվում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը, որը հայտնի է «Խաչը ջուրը գցել» կամ «Ջրօրհնեք» անուններով։

Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում՝ որպես օրհնություն,  նաև բուժիչ դեղ՝ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:

Հոգևորականը հիշեցնում է՝ հունվարի 7-ը, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Հունվարի 7-ին՝ Սուրբ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։ Սուրբ ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին՝ Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։

GEV_3268.JPG (452 KB)

Իսկ տոնածառը,  որ այդ օրերին  մեր տներում գլխավոր զարդարանքն է համարվում,  խորհրդանշում է դրախտի կենաց ծառը, որի վրա պիտի փայլի Բեթղեհեմյան  աստղը։

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ներկայացրեց նաևՀիսուսի ծննդյան պատմությունը. Հիսուսի մայր Մարիամը, ով Հովսեփի նշանածն էր, հղիանում է Սուրբ Հոգուց։ Հովսեփը սկզբում ցանկանում էր բաժանվել Մարիամից, բայց երազում հրեշտակը նրան ասում է, որ պետք է Մարիամին որպես իր կին ընդունի, և այդ երեխան պետք է լինի Աստծո որդին, ում պիտի անվանեն Հիսուս, ով էլ հավերժ պիտի ղեկավարի Իսրայելը։ Հովսեփն արթնանում է և անում այնպես, ինչպես հրեշտակն էր ասել։

Երբ մոտենում է Հիսուսի ծնվելու ժամանակը, հռոմեացի կայսր Օկտավիանոս Օգոստոսը հրամայում է ամբողջ աշխարհով մարդահամար անցկացնել, որպեսզի հարկահավաք կատարվի: Եվ Հովսեփը, վերցնելով Մարիամին, մեկնում է Բեթղեհեմ։

Երբ Սուրբ Կույսի հղիության օրն է հասնում, ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, և նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում , ուր էլ լույս աշխարհ է գալիս  մանուկ  Հիսուսը:

Աստծո Որդին մի մութ քարայրում, աղքատության մեջ է ծնվում, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Հիսուսի ծննդից անմիջապես հետո նրան երկրպագելու են գալիս  հովիվները, որոնք այդ իրադարձության մասին իմացել էին  հրեշտակի հայտնությունից. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է»:

Այնուհետև արևելքից գալիս են  մոգեր, որոնց մի աստղ էր առաջնորդել,  և երկրպագում են Մանուկին:  Նրանք ընծաներ են նվիրաբերում՝ ոսկի, խունկ, զմուռս:  Ոսկին նվիրում են  իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մարդկության համար ինքնակամ մեռնողի։

Իմանալով Մեսիայի ծնունդի մասին և ցանկանալով ոչնչացնել նրան՝ հրեաների թագավոր Հերովդեսը հրամայում է սպանել բոլոր՝ մինչև երկու տարեկանը լրացած մանուկներին։ Բայց Հիսուսը հրաշքով փրկվում է, քանի որ հրեշտակը Հովսեփի երազում հայտնվելով՝ հրամայում է ընտանիքի հետ փախչել Եգիպտոս,  որտեղ  էլ նրանք ապրում են մինչ Հերովդեսի մահը:

Այս գիշեր մեզ համար հրաշքների գիշեր է։ Երկնքի և երկրի միաձուլմամբ  Աստված է ծնվում։ Եվ հենց այս օրն է, որ մարդիկ, երազանքներ պահելով՝   հավատում են,  որ Աստված շատ մոտ է, և հրաշք պիտի տեղի ունենա։ Այս օրը Աստծո մեծագույն սիրո նշանն է մարդու նկատմամբ, քանի որ նա իր որդուն մարդու որդի կոչեց: Աստված այնքան սիրեց  բոլորին, որ իր միածին որդուն տվեց հանուն փրկության:  Եվ իշխանություն տալով ամենքին՝ կոչեց Աստծո որդիներ։

Այս օրը սկիզբ է վերափոխվելու,  իրապես Աստծո արժանի որդի կոչվելու:  Գիտակցելու,  որ այն ինչ անհնար է մարդկանց համար, հնարավոր է Աստծո համար։

Աստված եկավ մեր մեջ խաղաղություն հաստատելու Քրիստոսի ծնունդով։ Իսկ հրեշտակները ավետեցին.  «Փառք Աստծուն բարձունքներում,  խաղաղություն երկրի վրա և հաճություն մարդկանց միջև»: Խաղաղության և սիրո ավետիս բերող Փրկիչը հանապազ թող մեր կյանքում ներկա լինի Ամեն:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս, օրհնյալ է ծնունդը Քրիստոսի:

Տաթև Զաքարյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook