Monday, May 6, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Անպտղության անվճար բուժման ծրագրից կկարողանան օգտվել երեխա չունեցող բոլոր զույգերը

Կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մինչ այդ, ըստ Ավանեսյանի, ծրագրի շահառուների շրջանակը լայն չէր. նախապատվությունը տրվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։

«2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարար Ավանեսյանի խոսքով՝ ծրագիրը շատ սպասված է, կան դիմումներ և ծրագրի ընդլայնման շրջանակներում կկարողանան բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջները։ Ավանեսյանը նշեց, որ այս պահին առաջնային անպտղության ցուցանիշների նվազում կա, իսկ երկրորդային անպտղության ցուցանիշների աճ։

Նախագծով նաև առաջարկվում է, որ սահմանամերձ բնակավայրերի այն քաղաքացիները, ովքեր ունեն մեկ երեխա և երկրորդային անպտուղություն ունեն՝ շահառու դառնան և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխաներ ունենան։

Նիստի ընթացքում հստակեցվեց նաև, որ երկրորդային անպտղություն ունեցող և ոչ սահմանամերձ բնակավայրերում ապրող մյուս քաղաքացիները ևս ժամանակի ընթացքում կդառնան ծրագրի շահառու:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook