Saturday, May 11, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Քաղաքացիները պետք է վստահ դիմեն պոլիկլինիկա. իրականցվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը

Որպեսզի առողջության առաջին պահպանման օղակը բոլոր առումներով լինի զարգացած և վստահելի, քաղաքացիներն էլ իրենց վստահությունը վերականգնեն բուժանձնակազմի նկատմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև 2023 թվականը Հայաստանում կներդնի առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:

Համակարգը լինելու է ոչ միայն պարտադիր բժշկական ապահովագրություն, այլ նաև նպատակ է ունենալու կազմակերպել առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Պետական միջոցների կենտրոնացմամբ սպասվում է մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգում և վերազինում:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջին օղակում լուրջ բարեփոխումներ են իրականցվելու: «Պոլիկլինիկանները ընդգրկված են կապիտալ շինարարական ծրագրերում: Դրանք հիմնանորոգվելու են, շենքային պայմանները՝ կարգավորվելու, որպեսզի մարդիկ նորմալ բուժսպասարկում ստանան: Շեշտը դրվում է նաև սարքավորումների վերազինման վրա, մասնագետների վերապատրաստումներ են իրականացվում: Ամեն ինչ արվելու է, որ առաջին օղակը քաղաքացիների համար դառնա վստահելի: Քաղաքացին միանգամից չշտապի բուժօգնության դիմել»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Պոլիկլինիկաներն արդեն սկսել են կահավորվել նոր սարքավորումներով: Օրեր առաջ Գյումրիում, հետո՝ Վանաձորում փոխվեցին 60-ական, 80-ական թվականների ռենտգեն սարքավորումները նոր, ժամանակակից ռենտգեններով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես հայտարարել էր, որ քաղաքացիների համար հասանելի ու ժամանակակից բուժսպասարկման ապահովման շնորհիվ վերականգնվելու է վստահությունը պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների նկատմամբ։

Պոլիկլինիկաների վերազինմամբ նախարարությունը նպատակ ունի կանխել պոլիկլինիկայից հիվանդանոցների անհիմն ուղղորդումերը և նաև այն դեպքերը, երբ պոլիկլինիկա չդիմած՝ քաղաքացիները անմիջապես դիմում են ԲԿ-ներին:

Խաչատրյանի խոսքով՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգը նպատակ ունի անել այնպես, որ մարդ առողջության առաջին օղակից ստանա լիարժեք բուժսպասարկում և ուղղորդվի բուժհաստատություն միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ ստացիոնար բուժման կարիք կունենա:

«Սկզբնական զննությունը մարդիկ պետք է անցնեն պոլիկլինիկայում՝ առողջության առաջնային պահպանման օղակում: Դա կբերի հիվանդանոցների գերբեռնվածության թեթևացմանը: Հիվանդության թեթև ընթացքի դեպքում քաղաքացին ստիպված չի լինի օրերով պառկել ԲԿ-ներում»,- ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակը:

Նախարարությունը կարևորում է, որ այս համակարգի հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության հանգեցնող դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Առողջության համապարփակ ապահովագրության նպատակներն են՝ ապահովել բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերի կրճատումը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակի կրճատումը, առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետության և նպատակայնության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև բուժօգնության որակի բարելավումը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ավելի վաղ խոսելով համակարգի մասին, նշել էր. «ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը՝ երաշխավորելով բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ բնակչության բոլոր խմբերի համար»:

Համակարգը սահմանում է բժշկական այնպիսի փաթեթ, որը ներառում է առողջապահության ոլորտի 90 տոկոս ծառայությունները: Ծառայություններում ներառված են կանխարգելիչ միջոցառումները, հետազոտությունները, ախտորոշման, փոխպատվաստման ծառայությունները, բոլոր վիրահատությունները, սիրտանոթային հիվանդությունների բուժումը, վիրահատությունը, օնկոլոգիական մնացած ծառայությունները (- խմբ. ներկայում որոշ ծառայություններ պետությունը ֆինանսավորում է), ատամնաբուժական ծառայությունների մի մասը ևս ներառված է և այլն:

Ապահովագրական համակարգի ներդրման պարագայում նախատեսվում է, որ աշխատող քաղաքացիները որոշակի կանխավճար պետք է կատարեն՝ հետագայում ծառայություններն անվճար ստանալու համար: Նախնական դիտարկումներով՝ ընդհանուր կանխավճարը նախատեսված է 6 տոկոս, որից 3 տոկոսը վճարելու է աշխատող քաղաքացին, 3 տոկոսը՝ գործատուն:

Մերի Խաչատրյան

Նյութը՝  www.armtimes.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook