Ինչ է հետակնեն և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու բուժման ամենաարդյունավետ միջոցները
Բշտիկներն ու ակնեն բավական տարածված խնդիրներ են, որոնք ծանոթ են գրեթե բոլորին: Ոմանց մոտ կորյակներ են առաջանում անցումային տարիքում, ոմանց մոտ դրանք լինում են հորմոնալ խանգարման հետևանքով, իսկ ոմանց այս խնդիրը շարունակում է պարբերաբար անհանգստացնել:
Սակայն ակնեն նույնիսկ բուժումից հետո կարող է տհաճ հետևանքներ թողնել հետքերի և սպիների տեսքով, որոնց առաջացման հիմնական պատճառը ձեռքերով բշտիկներին դիպչելն է, խնդիրը ժամանակին չբուժելը կամ բուժումը չարաշահելը: Kladovaia-krasoti.ru կայքը ներկայացրել է, թե ինչ է հետակնեն և որոնք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու բուժման ամենաարդյունավետ միջոցները:
Որն է ակնեից հետո հետքերի առաջացման պատճառը
Այս խնդիրը կապված է մաշկի որոշակի թերությունների հետ, որոնք սովորաբար պայմանավորված են լինում բշտիկներով, սեբորեայով, ինչպես նաև մաշկի սխալ խնամքով:
Բանը նրանում է, որ որքան տարիքով մեծ է մարդը, այնքան դժվար է նրա համար ակնեների հետևանքների դեմ պայքարելը, ուստի ժամանակին իրականացված ճիշտ խնամքը նման խնդիրների կանխարգելման հիանալի միջոց կլինեն:
Հարկ է հիշել, որ երկար ժամանակ ակնեն անուշադրության մատնելու դեպքում մաշկի կառուցվածքը կարող է փոխվել, ինչի հետևանքով կարող են առաջանալ մի շարք խնդիրներ՝ այդ թվում նաև հետակնե հետքեր ու սպիներ:
Հետակնեի հիմնական պատճառները.
· Լայնացած ծակոտիներ. քանի որ ճարպագեղձերը մեծ քանակությամբ ճարպ են արտադրում, այն կարող է կեղտի հետ մեկտեղ կուտակվել մաշկի ծակոտիներում, ինչը կդառնա բշտիկների և սև կետերի առաջացման պատճառ: Հետևաբար՝ հետակնեն ավելի հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, որոնց մաշկի յուղոտ է, իսկ ծակոտիները լայնացած:
· Դեմքի մաշկի սխալ խնամքը:
· Կորյակների առկայության դեպքում մաշկը չխնամելը:
· Բշտիկները սեղմելը:
· Կեղտոտ ձեռքերով դեմքին դիպչելն ու հիգիենայի կանոններին չհետևելը:
Հետակնեի հիմնական ախտանշաններն են բշտիկների տեղերում մնացած սպիները, մաշկի գույնի փոփոխությունները, լայնացած ծակոտիները, պիգմենտացիան և մաշկի կառուցվածքի փոփոխությունը:
Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ կան բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ակնեի հետքերից:
Ինչպես ազատվել հետակնեից
Այս խնդրից կարելի է ազատվել երկու միջոցով՝ բժշկական և ժողովրդական: Բնականաբար մասնագիտացված կոսմետոլոգի օգնությամբ կարելի է ավելի արագ բուժել հետակնեն, սակայն նրանց առաջարկած պրոցեդուրաները բավական թանկարժեք են: Ուստի նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ նման շռայլություն, կարող են պայքարել այս խնդրի դեմ տնային պայմաններում:
Բժշկական բուժման եղանակները
· Մաշկի հարթեցում լազերի միջոցով. պրոցեդուրայի ընթացքում լազերը հարթեցնում է մաշկը՝ դրանով իսկ հարթեցնելով ակնեի հետևանքները: Լազերի շնորհիվ ակտիվանում է կոլագենը և մաշկը սկսում է ավելի արագ վերականգնվել:
· Հղկանյութերով մաշկի հարթեցում. պրոցեդուրան թույլ է տալիս հարթեցնել մաշկի շերտերը: Մաշկի կառուցվածքը հարթվում է, ամբողջ դեմքի մաշկը դառնում է միանման և հետակնեն անհետանում է:
· Քիմիական պիլինգ. այս պրոցեդուրայի շնորհիվ մաշկի վերին շերտը հարթվում է, իսկ երիտասարդ բջիջներն ավելի արագ են կիսվում: Պրոցեդուրան իրականացվում է թթուների միջոցով:
· Մեզոթերապիա. մաշկի շերտերը սնուցվում են իրենց անհրաժեշտ նյութերով, օգտակար տարրերով ու վիտամիններով: Պրոցեդուրան իրականացվում է ենթամաշկային ներարկումների միջոցով: Ներարկվող հիմնական նյութերից մեկը ցինկն է, որն էլ պայքարում է հետակնեի դեմ:
Հետակնեի բուժումը տնային պայմաններում
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ միջոց, որոնք թույլ կտան ազատվել այս խնդրից տնային պայմաններում:
Մաղադանոսի եփուկ
Մաղադանոսը շատ արդյունավետ միջոց է մաշկի պիգմենտային հետքերից, ինչպես նաև հետակնեից ազատվելու համար: Կարելի է պատրաստել մաղադանոսի եփուկ և բամբակի սկավառակով քսել այն դեմքին կամ սառեցնել եփուկը և մերսել այդ սառույցով մաշկը:
Եփուկի պատրաստման համար հարկավոր է կես լիտր ջուր և մի քանի գդալ չորացրած մաղադանոս (կարելի է նաև թարմ): Հարկավոր է ջուրը եռացնել և եռալուն պես ավելացնել մաղադանոսն ու խառնել: Եփուկը պետք է եփել թույլ կրակի վրա 30 րոպե, այնուհետև սառեցնել:
Կիտրոնի հյութով դիմակ հետակնեի դեմ
Կիտրոնը մաշկի պիգմենտների և հետակնեի դեմ ևս մի արդյունավետ միջոց է, որի հյութը կարելի է օգտագործել դիմակներ պատրաստելու համար:
Հարկավոր է մի բաժակ լավ հարած սպիտակուցին ավելացնել երկու գդալ կիտրոնի հյութ, լավ խառնել, այնուհետև ստացված զանգվածն ուշադիր քսել մաքուր մաշկին և լվանալ 15-20 րոպե անց: Այս դիմակը նեղացնում է ծակոտիներն ու հավասարեցնում դեմքի գույնը:
Սրոհունդի (зверобой) թուրմ
Այս թուրմի օգնությամբ հետակնեի բուժումը բավական երկար, բայց շատ արդյունավետ գործընթաց է: Հարկավոր է բաժակի մեջ լցնել էթիլսպիրտ, ավելացնել 2 գդալ սրոհունդ և թրմել խառնուրդը 10 օր:
Ստացված թուրմով հարկավոր է ամեն օր շփել մաշկը: Սակայն հարկ է հիշել, որ պետք չէ այս թուրմը չափազանց հաճախ օգտագործել, այլապես սպիրտը կարող է չորացնել մաշկը:
Կավով դիմակ՝ հետակնեից ազատվելու համար
Կավով դիմակը նույնպես շատ արդյունավետ միջոց է: Հարկավոր է մի քանի գդալ սպիտակ կավը լուծել մի փոքր ջրում, ավելացնել մի կաթիլ խնկունու (розмарин) յուղ, այնուհետև ստացված դիմակը քսել մաշկին և թողնել 20 րոպե:
Սկրաբ դեմքի մաշկի համար
Հետակնեի դեմ պայքարում շատ արդյունավետ միջոց է սկրաբը, քանի որ այն շերտազատում է մաշկը, հեռացնում մահացած բջիջները և մաքրում ծակոտիները: Այն կարելի է գնել արդեն պատրաստի վիճակում, կամ պատրաստել տնային պայմաններում:
· Օրինակ կարելի է սուրճի մրուրը խառնել լոգանքի գելին և ստացված զանգվածն օգտագործել որպես սկրաբ:
· Սկրաբ կարելի է պատրաստել նաև ծովի աղի, ձիթայուղի և կիտրոնի հյութի օգնությամբ: Հարկավոր է խառնել բոլոր բաղադրիչները, ստացված զանգվածը քսել մաշկին, և մեղմորեն մերսել այն:
Հարկ է հիշել, որ հետակնեն տնային պայմաններում բուժելու համար հարկավոր է շատ համբերատար լինել, քանի որ ի տարբերությունը հատուկ մասնագետի կողմից իրականացված պրոցեդուրաների՝ այս միջոցները շատ ավելի ուշ են սկսում ազդել:
Նյութի աղբյուրը՝ med.tert.am