Մետաբոլիկ համախտանիշ
Մետաբոլիկ համախտանիշ (հոմանիշներ. մետաբոլիկ X համախտանիշ, Reaven համախտանիշ, ինսուլինի նկատմամբ կայունության համախտանիշ), ընդերային ճարպի զանգվածի ավելացում, ինսուլինի նկատմամբ ծայրամասային հյուսվածքների զգայունության իջեցում և հիպերինսուլինեմիա, որոնք խախտում են ածխաջրային, ճարպային, պուրինային փոխանակությունը, ինչպես նաև առաջացնում են զարկերակային գերճնշում:
Համաձայն H. Arnesen-ի՝ (1992)՝ մետաբոլիկ համախտանիշի տակ հասկանում են հինգ խանգարումներից նվազագույնը երկու զուգակցումը․
- ինսուլինի նկատմամբ կայունություն՝ ածխաջրերի նկատմամբ տոլորանտության իջեցմամբ և հիպերինսուլինեմիա
- դիսլիպոպրոտեիդեմիա հիպերտրիգլիցերիդեմիայի հետ և բարձր խտության լիպոպրոտեիդների մակարդակի իջեցում
- թրոմբագոյացման հակում և արյան պլազմայում պլազմինոգենի ակտիվատորի ինհիբիտորի մակարդակի ավելացում
- զարկերակային գերճնշում՝ բարձրացած սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվության ֆոնին
- տարածուն ճարպակալում՝ դռներակում ազատ ճարպաթթուների բարձրացած արտազատման հետ:
Մետաբոլիկ համախտանիշ. ժամանակակից բժշկության առավել արդի խնդիրներից մեկը՝ կապված անառողջ ապրելակերպի վարման հետ: «Առողջ ապրելակերպ» հասկացությունն իր մեջ ներառում է ռացիոնալ սնուցում, մարմնի նորմալ քաշի պահպանում, տարիքին համապատասխան և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, ալկոհոլից և ծխախոտից հրաժարում:
Ռիսկի խումբ
Մետաբոլիկ համախտանիշի հայտնաբերման ռիսկի խմբին են պատկանում հիվանդության ինչպես նախնական նշաններ, այնպես էլ բարդություններով անձինք, որոնցից են՝
- Զարեկերակային գերճնշում
- Տիպ 2 շաքարային դիաբետ(կամ նախադիաբետ)
- Մարմնի հավելյալ քաշ և ճարպակալում
- ՍԻՀ-ն առկայություն, ծայրամասային անոթների հիվանդություն, ցերեբրովասկուլյար հիվանդություններ՝ աթերոսկլերոզի հետ կապված
- Հիպերլիպիդեմիայով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ ՍԻՀ-ն ունեցող արյունակիցներ
- Սակավաշարժ ապրելակերպ
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- Էրեկտիլ դիսֆունկցիա
- Միզաթթվի փոխանակության խանգարում (հիպերուրիկեմիա կամ հոդատապ)
- Կանանց մոտ դաշտանադադարի շրջան
Ախտածագում
Համաձայն ժամանակակից պատկերացումների, մետաբոլիկ համախտանիշի դրսևորումների հիմքում ընկած է առաջնային ինսուլինային կայունությունը և ուղեկցող հիպերինսուլինեմիան: Կանանց մոտ հանդիպման հաճախականությունը դաշտանադադարի շրջանում աճում է: Տվյալ համախտանիշն ունի գենետիկ հիմք, նրա զարգացմանն են նպաստում հավելյալ, կալորիաներով հագեցած սնուցումը, սակավաշարժությունը, որոշ հիվանդություններ կամ ինսուլին անտագոնիստ-դեղամիջոցների ընդունումը: Մարմնի բարձրացած զանգվածի ցուցանիշ ունեցող անձանց մոտ գլյուկոզի օգտագործումը 30-40%-ով իջնում է:
Ճարպակալումը հանդիսանում է բարձր մահացությամբ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման անկախ ռիսկի գործոն: Տարբերում են նրա 2 տեսակ՝ անդրոիդ և գինեկոիդ: Անդրոիդ տեսակն արտահայտվում մարմնի վերին մասում ճարպի ավելցուկային կուկատումով՝ վերջինիս անհավասար բաշխմամբ և որովայնի ու վիսցերալ (ընդերային) ճարպի քանակի ավելացմամբ: Վերջույթների և հետույքի վրա ճարպի քանակը քիչ է: Այդպիսի ճարպակալումն անվանում են աբդոմինալ:
Ախտորոշման չափանիշներ
Հիմնական նշաններ՝ կենտրոնական (աբդոմինալ) տեսակի ճարպակալում – գոտկատեղի տրամագիծն ավելի քան 80 սմ կանանց և ավելի քան 94 սմ տրամագիծ տղամարդկանց մոտ (եվրոպեոիդների համար): Ինչպես նաև չափում են մարմնի զագվածի ցուցանիշը՝ ճարպակալման և սիրտանոթային ռիսկիաստիճանի գնահատման համար:
Մարմնի զանգվածի տեսակ | ՄԶՑ(գմ/մ²) | Ուղեկցող հիվանդությունների ռիսկ |
---|---|---|
Մարմնի զանգվածի դեֆիցիտ | <18,5 | ցածր (ուրիշ հիվանդությունների բարձրացած ռիսկ) |
Մարմնի նորմալ քաշ | 18,5—24,9 | սովորական |
Մարմնի հավելյալ քաշ | 25,0—29,9 | մեծացած |
I աստիճանի ճարպակալում | 30,0—34,9 | բարձր |
II աստիճանի ճարպակալում | 35,0—39,9 | շատ բարձր |
III աստիճանի ճարպակալում | 40 | չափազանց բարձր |
Հավելյալ չափանիշներ՝
- Զարկերակային գերժնշում (ԶՃ՝ 140/90 մմ ս.ս.-ից ավելի)
- Տրիգլիցերիդների քանակի բարձրացում 1,7 մմոլ/լ-ից ավելի
- ԲԽԼՊ-ի մակարդակի իջեցում 1,0 մմոլ/լ-ից ցածր տղամարդկանց և 1,2 մմոլ/լ-ից ցածր կականց մոտ
- ՑԽԼՊ-ի մակարդակի ավելացում ավելի քան 3,0 մմոլ/լ
- Քաղցած վիճակում հիպերգլիկեմիա (արյան պլազմայում գլյուկոզի մակարդակը 6,1 մմոլ/լ-ից ավելի)
- Գլյուկոզի նկատմամբ տոլերանտության խանգարում – արյան պլազմայում գլյուկոզի տոլերանտության թեստից 2 ժամ անց գլյուկոզի մակարդակը 7,8-11,1 մմոլ/լ-ի սահմաններում է
Մեկ հիմնական և երկու հավելյալ չափանիշներ հաստատում են «մետաբոլիկ համախտանիշ» ախտորոշումը:
Բուժում
Առաջին հերթին բուժումը պետք է ուղղված լինի հավելյալ քաշի խնդրի լուծմանը, որին հասնում են հիմնականում ոչ դեղորայքային մեթոդներով: Անհրաժեշտ է ավելացնել շարժողական ակտվիվությունը, նվազեցնել ընդունվող սննդի կալորիաները և կիրառվող սննդի բաղադրությունը դարձնել ռացիոնալ:
Մետաբոլիկ համախտանիշի բուժումը հանդիսանում է կոմպլեքսային և իր մեջ է ներառում՝
- ապրելակերպի փոփոխություն
- բուժում՝
- ճարպակալում
- ածխաջրային փոխանակության խանգարում
- դիսլիպիդեմիա
- զարկերակային գերճնշում
Չբալանսավորված սննդային օրաբաժինը կարող է համալրվել հարստացված վիտամիններով, սննդային հանքանյութերի հավելումներով՝ սննդային թելիկների հիմքի վրա պատրաստված: Անհրաժեշտության դեպքում կիրառվում են հատուկ դեղամիջոցներ և ծայրահեղ դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն (ստամոքսային կամ բիլիոպանկրեատիկ շունտավորում)։
Հեշտ յուրացվող ածխաջրերի քանակը սննդակարգում պետք է կազմի ընդհանուր սննդային կալորիաների 30%-ից պակաս, ճարպերինը՝ 10%-ից պակաս: Կատարվում է գլյուկոզի զգայունության խանգարման շտկում: Զարկերակային գերճնշման բուժման համար կիրառվում են համապատասխան դեղորայքներ (մոքսոնիդին — դրական է ազդում գլյուկոզի փոխանակության վրա, ինչպես նաև ԱՓՖ–ի ինհիբիտորներ, կալցիումի անտագոնիստներ, սարտաններ — չեզոք ձևով են ազդում գլյուկոզի փոխանակության վրա)։ Բետա ադրենոպաշարիչները և միզամուղները կիրառում են զգուշությամբ՝ գլյուկոզի փոխանակության վրա բացասական ազեցության հետ կապված։ Դիաբետով հիվանդ անձանց մոտ զարերակային ճնշումն իջեցվում է մինչև 130/85, առանց դրա — 140/90 մմ ս․ս․։ Ճարպային փոխանակության խանգարման բուժման համար հիմանականում կիրառում են ֆիբրատներ (ֆենոֆիբրատ)՝ տրիգլիցերիդների մակարդակն իջեցնելու և ԲԽԼՊ–ի մակարդակն ավելացնելու հետ կապված։
Բարձր շաքարի բուժման համար կիրառվող դեղորայքներն արյան մեջ կարող են ցուցաբերել բարենպաստ ազդեցություն խոլեստերինի և զարկերակային ճնշման վրա։ Դեղորքայքային դաս — թիազոլիդոններ․ պիոգլիտազոն (Գլյուտազոն), նվազեցնում են պսակաձև զարկերակների պատի հաստությունը։
Մետֆորմին — դեղորայք, որը սովորաբար կիրառվում է տիպ 2 շաքարային դիաբետի բուժման համար, օգնում է կանխարգելել ՄՀ ունեցող անձանց մոտ շաքարային դիաբետի սկիզբը։
Մետաբոլիկ համախտանիշի բուժման էֆեկտիվությունը կախված է նրա վաղեմությունից։ Առավելագույն էֆեկտ պետք է սպասել արատավոր օղակի առաջացման ամենասկզբում, երբ ի հատ է գալիս հավելյալ քաշը։