Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Քունը առողջության համար շատ կարևոր բնական, «անվճար» ռեսուրս է, որը պետք է օգտագործել

Մեր օրերում քնի խանգարումը դարձել է տարածված ու լուրջ խնդիր: Միջազգային տվյալներով աշխարհում քնի լուրջ խնդիրներ ունեցողների թիվը հասնում է մոտ 20 տոկոսի: Խնդիրը բավականին տարածված է նաև Հայաստանում, ինչը մեծ մասամբ առաջանում է քնի հիգիենային քիչ հետևելու հետևանքով:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման  շրջանակում այս մասին շեշտեց ՀՀ Առողջապահության նախարարության նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ քնի հիգիենան, շատ կարևոր կետ է, որին պետք է հետևեն բոլորը. քունը իրականում շատ կարևոր բնական, «անվճար» ռեսուրս է, որը պետք է օգտագործել:

Մասնագետը նշեց, որ, չնայած այն փաստին, որ շատերը լուրջ չեն վերաբերվում քնի խանգարումներին, այնուամենայնիվ, այն լուրջ խնդիր է:

«Այն շատ լայն դաշտ է, և այսօր գոյություն ունի  «քնի բժշկություն», որն առնչվում է մի շարք այլ մասնագիտությունների հետ, օրինակ՝ նյարդաբանության, հոգեբուժության, կլինիկական հոգեբանության, սրտաբանության, քիթ-կոկորդաբանության: Քնի բժշկության մեջ կառանձնացնենք  անքնությունը, հատկապես քրոնիկ, երբ ամսվա կտրվածքով մարդիկ դժվարանում են քնել կամ սկզբից հեշտ քնում են, բայց հետո անընդհատ արթնանում են, քնում են շատ մակերեսային և այլն: Ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, այն բավականին լայն տարածում ունի: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է քնի հիգիենային հետևելը»,-ասաց մասնագետը:

Անդրադառնալով քնի հիգիենայի հիմնական կետերին՝ նա նշեց, որ  պետք է պահպանել քնի և արթնացման կանոնավոր ժամերը՝ չնայելով հանգստյան և աշխատանքային  օրերին. շատերը քունը կրճատում են աշխատանքային օրերին և հետո հանգստյան օրերին փորձում դա լրացնել, բայց իրականում գիտականորեն  ապացուցված է, որ դա լիարժեք չի կարող լրացնել նախորդ օրերի ոչ լիարժեք քունը: Ըստ նրա՝ շատ կարևոր է սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների (սուրճ, թեյ, կոլա և այլն)  և սննդային պրոդուկտների օգտագործումը երեկոյան ժամը 5-ից հետո: Ինչպես նաև չի խրախուսվում ուշ ժամի մեծ քանակի սնունդ օգտագործելը:

«Շատ կարևոր է նաև սենյակի հարմարավետությունը՝ լուսավորությունը, նորմալ ջերմաստիճանը, հարմարավետ անկողինը և աղմուկի բացակայությունը: Միջազգային նորմերով չափահաս մարդը պետք է քնի առնվազն 7 ժամ: 7-9-ը ժամը համարվում է քնի առողջ միջակայք, քանի որ  6 ժամից պակաս քնելու դեպքում առնչվում ենք տարբեր խնդիրների հետ: Այսինքն,  ընդհանուր հիվանդացության մակարդակը քիչ քնող մարդկանց մոտ ավելի բարձր է, քան լավ քնողների»,-ասաց Սամսոն Խաչատրյանը:

Մասնագետն ընդգծեց, եթե արդեն խնդիրը կա, այնքան էլ ցանկալի չէ փորձել ինքնուրույն դա լուծել, անհրաժեշտ է մասնագետի օգնությամբ արագ և թիրախավորված լուծում տալ՝ չհասնելով բարդացումների:

«Քնի կանոններին հետևելը կարևոր է,  քանի որ ինչքան լավ և որակյալ է մարդը քնում, այնքան ավելի առույգ է լինում առօրյայում: Կառանձնացնեմ նաև էմոցիոնալ առողջությունը. երբեմն մենք չենք կապում մեկը մյուսի հետ, բայց քնի տարբեր խանգարումները էապես ազդում են ընդհանուր էմոցիոնալ դաշտի վրա: Դեպրեսիվ տագնապային խանգարումները  այդ անձանց մոտ ավելի հաճախ են դրսևորվում, որից տուժում են առօրյան, անձնական հարաբերությունները: Հաճախ մենք տեսնում ենք դրական փոփոխություններ, երբ, շտկելով խնդիրը, լուծվում են նաև մնացած բոլոր հարցերը: Հետևաբար, եկեք հարգենք մեր քունը և գոնե  պահանջված 7-9 ժամը պահպանենք և ձգտենք մեր առողջության համար այդքան կարևոր  «անվճար» բանական ռեսուրսը անխնա չծախսել»,- ընդգծեց մասնագետը:

Ի՞նչ նյարդաբանական հետևանքներ կարող է թողնել  Քովիդ 19-ը, ինչպե՞ս այն մեղմել և արդյո՞ք հնարավոր է խուսափել դրանցից: Ինչպե՞ս տարբերել գլխացավերը և ո՞ր պարագայում ի՞նչ լուծումներ են առաջարկվում: Ի՞նչ խնդրի մասին կարող է խոսել օրվա ընթացքում անընդհատ քնելու ցանկությունը: Կարո՞ղ է արդյոք լուսնոտությունը ազդել կյանքի որակի վրա: Ննյարդաբանական այս և մի շարք այլ խնդիրներին ու մասնագետի կողմից նշվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook