ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության գիտահետազոտական կենտրոն
Երևանի պետական բժշկական համալսարանում կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն, որի ստեղծման նպատակն է առավել արդյունավետ դարձնել գործնական առողջապահության և գիտական հատվածի կապը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից, մանրամասնելով, որ նպատակներից է նաև աջակցել առողջապահության բնագավառի որոշումների արյունավետության բարելավմանը՝ հայաստանյան և միջազգային լավագույն փորձի համադրության արդյունքում, ապացուցողական հենքի վրա ձևավորել ԵՊԲՀ միասնական դիրքորոշումն առողջապահությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Կենտրոնը կունենա առնվազն հետևյալ գործառույթները.
Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրագործման, արդյունքների գնահատման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.
Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշման տրամադրում՝ պետական կառավարման մարմիններին (ՀՀ ԱԺ, ՀՀ կառավարություն, քաղաքականություն մշակող գերատեսչություններ).
Ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկման, վերլուծության, կանխատեսումների իրականացում և ազդեցության գնահատականի մշակում.
Առողջապահության ոլորտի լայն շրջանակի (մարդկային ներուժի զարգացում, ֆինանսավորում, ծառայությունների մատուցում, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում և այլն) հայեցակարգերի, ռազմավարությունների, միջոցառումների ծրագրերի մշակում.
Այլ միջազգային համալսարանների նմանատիպ կառույցների հետ համագործակցության հարթակների ստեղծում.
Ոլորտային քննարկումների կայուն հարթակի ստեղծում և տրամադրում.
Բժշկական հաստատությունների, բժշկական հաստատությունների ցանցերի զարգացման ծրագրերի մշակմանն խորհրդատվական ծառայությունների իրականացում:
Շահագրգիռ կողմերի պատվերով գիտական հետազոտությունների, թիրախային սոցիոլոգիական հարցումների իրականացնում: