Saturday, May 4, 2024
Նորություններ

Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի աջակցությամբ («Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ») արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «ASB» Վրաստանի գրասենյակի տնօրեն Դիմիտրիե Թոդորովիչը, Հայաստանում  ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է արագ արձագանքման թիմի ստեղծումը թե’ երկրի ներսում` երկրաշարժերին, զինված հակամարտություններին, համաճարակային  վտանգ պարունակող վարակիչ հիվանդություններին արձագանքելու տեսանկյունից, թե’ տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։
«Հայաստանի համար միջազգային որակավորում ունեցող արագ արձագանքման թիմ ունենալը համարվում է առաջնահերթություն, քանի որ այն թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ինչպես մեր հանրապետությունում առաջացող հնարավոր արտակարգ իրավիճակներին, այնպես էլ հանդես գալ որպես միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնող երկիր»:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում բժշկակական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը,  շահագրգիռ կողմերի գործառույթներն ու պարտականնությունները:
ԱԱԲԹ-ները կընդգրկեն առողջապահության ոլորտի մասնագետներ: Թիմի անձնակազմի կարողությունները համապատասխանելու են ԱՀԿ և նրա գործընկերների կողմից սահմանված չափանիշներին։
Արագ արձագանքման բժշկական թիմի նպատակն է նաև ձեռք բերել միջազգային դասակարգում ունեցող,  որակյալ բժշկական օգնություն տրամադրող թիմի կարգավիճակ։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով`  քանի որ աշխարհի տարբեր երկրներում աղետները, որոնց հաճախականությունը, ուժգնությունն ու ծանր հետևանքներն անշեղորեն աճում են, էականորեն բացասական ազդեցություն են թողնում պետությունների կայուն զարգացման վրա, անհետաձգելի անհրաժեշտություն է առաջանում մեկտեղել բոլորի ներուժը՝ դիմակայության մակարդակը բարձրացնելու համար:

«COVID-19 համավարակը շեշտադրեց երկրում ստանդարտացված բժշկական կարողությունների առկայության կարևորությունը՝ աջակցելու ազգային առողջապահական համակարգին, երբ արտակարգ իրավիճակների արձագանքման միջազգային միջոցները սահմանափակ կամ սպառված են:  Իր գործընկերների հետ միասին ԱՀԿ-ն պարտավորվել է աջակցել Հայաստանին ազգային ԱԱԲԹ-ի ստեղծման գործում և առավել հզորացնել երկրի առողջապահական համակարգի պատրաստվածությունը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը», – ասել է Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։
Հանդիպման կողմերը պայմանավորվածությունները հաստատել են  համագործակցության հայեցակարգով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook