Սրոհունդ սովորական – Зверобой
Սրոհունդ (լատ.՝ Hypericum), սրոհունդազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, թփերի, կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 300 (այլ տըվյալներով՝ 200) տեսակ։
- hայկական տարանունները
արևքուրիկ, եզնածաղիկ դաշտի, թեյի ծաղիկ, հազարածաղիկ, հայֆարիզոն, հիպերիկոն, հոտմոտ, մկան աղիք, մշահամուկ, պոպղակ։
Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ամենուրեք, ժայռաճեղքերում, կիրճերում, անտառեզրերին, մարգագետիններում, աղբոտում հացաբույսերի, խոտաբույսերի ցանքերը։
Բույսը պարունակում է 10-12% դաբաղանյութեր, ներկանյութեր (հիպերիցին, պսևդոհիպերիցին), խեժանյութեր, 5-6% անտոցիաններ, սապոնիններ, գլիկոզիդ, հիպերոզիդ, C վիտամին, ռուտին, նիկոտինաթթու, կարոտին, խոլին, ալկալոիդների հետքեր, կվերցիտրին, իզոկվերցիտրին, կվերցետին, 0,2-0,3% եթերայուղ, որն իր հերթին պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, իզովալերիանաթթվի բարդ եթերներ, ցերիլ սպիրտ և այլն։
Սրոհունդի շատ տեսակներ դեղաբույսեր են։ Պատրաստուկները (ջրաթուրմ, ոգեթուրմ, մզվածք) օգտագործում են որպես աղաղող, հակաբորբոքային, միազամուղ, լեղամուղ, վերքամոքիչ, ճիճվամուղ միջոց, նաև բերանաբորբերի, նյարդ, լարվածության, այրվածքների ժամանակ։ Խոցված սրոհունդից ստացվել է նովոիմանին հակաբիոտիկը։ Սրոհունդի տերևներն օգտագործում են «Սրոհունդ» օղու արտադրության մեջ, նաև որպես համեմունք, թեյին փոխարինող միջոց և այլն։ Սրոհունդիի որոշ տեսակներ թունավոր են գյուղատնտեսական կենդանիների համար։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Սրոհունդիհ հայկականը (H. armenum) աճում է Սյունիքի մարզի միջին լեռն, գոտու կավոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Դեղաբույսն ունի կիրառման հին պատմություն։ Նրա մասին դեռևս նշել են Հիպոկրատը, Պլինիոսը և Դիոսկորիդը, իսկ միջնադարում՝ Պարացելսը և Տաբերնեմոնտանուսը, որոնք օգտագործել են այն տարբեր հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ճանաչվել է որպես հրաշագործ միջոց և նույնիսկ ընդունված է եղել այն հավատը, որ «տեր աստծո կողմից տրված այս զենքն ուղղված է կախարդների ու սատանաների դեմ». ահա թե ինչու սրոհունդը ժողովուրդն անվանում է նաև «աստվածային», «աստծո ողորմություն»։
Ավիցեննան սրոհունդի սերմերի յուղը՝ կաթիլների ձևով, օգտագործել է մանկական պրակտիկայում՝ լսողության խանգարումների ժամանակ։ Նա դեղաբույսը ճանաչել է որպես վերքամոքիչ, ցավազրկող և միզամուղ, այդ իսկ պատճառով այն օգտագործել է դժվար լավացող խոցերի և վերքերի, նստաներվի բորբոքումների ժամանակ և այլն։ Մ. Հերացին դեղաբույսն օգտագործել է ջերմերի և փորկապության ժամանակ, իսկ Ամիրդովլաթը («հայը ֆարիղոն», «հոռմցի տատի» և այլ անուններով) օգտագործել է այրվածքների, դեղնուկի, դժվարամիզության, ուռուցքների, ջերմության բարձրացման, կոնքացավի ժամանակ և այլն։ Այնուհետև բժշկապետը նշում է, որ բույսի սերմերն օժտված են հակաբեղմավորիչ և վիժեցնող հատկություններով։
Դեղաբույսը Հնդկաստանում օգտագործվում է որպես որդամուղ։ Հին Ռուսիայում ժողովրդական հեքիմները գտնում էին, որ «ինչպես առանց ալյուրի հաց չի կարելի թխել, այնպես էլ առանց սրոհունդի հնարավոր չէ բուժել մարդկանց և կենդանիների բազմաթիվ հիվանդություններ». նրանք սրոհունդը համարում էին «99 հիվանդությունների դեղաբույս», օգտագործելով ռևմատիզմի, գոտկանյարդի բորբոքման, պոդագրայի, արյունախխումով ընթացող թոքային պալարախտի, կանացի արյունահոսությունների, սպիտակաթորանքի, թութքի, լյարդի հիվանդությունների, մաստոպաթիայի, ֆուրունկուլյոզի ժամանակ և այլն։ Ուզբեկական ժողովրդական բժշկության մեջ որպես հատուկ դեղամիջոց, սրոհունդն օգտագործվել է լյարդի և ստամոքսի քաղցկեղի ժամանակ։
Սրոհունդն օֆիցինալ է մեզ մոտ և մի շարք այլ երկրներում։ Ֆարմակոլոգիական հետազոտությունները պարզել են, որ բույսի թուրմը կամ մզվածքը՝ ներերակային սրսկման ձևով, խթանում են սրտի աշխատանքը, ուժեղացնում նրա կծկման ամպլիտուդը, բարձրացնում արյան ճնշումը և սեղմում անոթները։ Այն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում ինչպես գալենյան, այնպես էլ նորագալենյան պատրաստուկների ձևով։ Հիմնավորված է, որ սրոհունդի դեղամիջոցները՝ ջրաթուրմի, եփուկի, ոգեթուրմի, մզվածքի և այլ ձևերով, ունեն ուժեղ մածող, ախորժակը լավացնող, հեմոստատիկ, լեղամուղ, հակամիկրոբային, հյուսվածքների ռեգեներացիան խթանող, հականեխիչ և հակաբորբոքիչ հատկություններ։ Դրանք՝ ներքին ընդունման ձևով, դրական են անդրադառնում քրոնիկական գաստրիտների, խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, լեղաքարային հիվանդության, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների բուժման ընթացքի վրա։
Իմանինը և նովոիմանինը, որպես հակաբիոտիկներ, սինթեզվել են սրոհունդից և առաջարկվել Ուկրաինական գիտությունների ակադեմիայի կողմից՝ պրակտիկ կիրառման համար։ Շնորհիվ այդ պատրաստուկների հակամիկրոբային ներգործության, դրանք կիրառվում են վիրաբուժության մեջ՝ ինֆեկցված վերքերի, կարբունկուլի, մատնաշնչի, ֆուրունկուլյոզի, մաստիտների, այրվածքների ժամանակ և այլն։ Կրծքային վիրաբուժության մեջ այս դեղամիջոցների կիրառումը, հատկապես երեխաների մոտ, տալիս է հրաշալի արդյունք։ Ուշագրավ է այն, որ նովոիմանինը ներգործում է անգամ հակաբիոտիկակայուն այն ստաֆիլակոկերի վրա, որոնք ետվիրահատական շրջանում մեծ դժվարությունների առաջ են կանգնեցում մասնագետներին (Մոսկովեց Սրոհունդ)։
Մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում այս պատրաստուկները կիրառվում են մաստիտների, պտուկների ճաքվածքների, ստոմատոլոգիայում՝ խոցային ստոմատիտների, գինգիվիտների և ալվեոլյար պիորեայի, քիթ-ականջ-կոկորդի բնագավառում՝ ռինիտների, ֆարինգիտների, լարինգիտների, հայմորիտների, տոնզիլիտների, օտիտների, մաշկային հիվանդությունների մեջ՝ երկար ժամանակ չլավացող խոցերի, ինչպես նաև 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքների ժամանակ։ Իմանինը և նովոիմանինը բաց են թողնվում փոշու ձևով։ Դրանցից պատրաստում են լուծույթներ, որոնք օգտագործվում են ողողումների, լվացումների, տամպոնների, ինհալացիայի ձևով և այլն։
Կիրառման եղանակներ
Ջրաթուրմ պատրաստելու համար 3 ճաշի գդալ մանրացրած սրոհունդը լցնում են 250 մլ եռման ջրի մեջ, թրմում 2 ժամ, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ։ Կամ 10 գ. հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ըմպում նույն եղանակով։ Եփուկ պատրաստելու համար 1 ճաշի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնում են 10 րոպե, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-ական բաժակ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ջրիկ մզվածք պատրաստելու համար 20 գ հումքը 400 մլ ջրում եռացնում են մինչև նրա կիսվելը, ապա քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ, ուտելուց հետո։ Ոգեթուրմ պատրաստելու համար հումքը՝ 1։10 հարաբերությամբ, խառնում են 70° սպիրտի հետ, թրմում 1 շաբաթ, քամում ու ըմպում 30-40-ական կաթիլ՝ օրական 3 անգամ։ Կամ՝ 15-20 գ. հումքը մեկ շաբաթ թրմում են 1-2 լ 70° սպիրտի մեջ, քամում, ապա ընդունում ջրով, 30-ական կաթիլ՝ օրական 3 անգամ՝ ուտելուց հետո (ցիստիտների, կոլիտների և լեղաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաև, բերանի ողողման համար)։