Փորձագետները նշել են, թե ինչպես է երաժշտությունն օգնում վերականգնել խոսքը ուղեղի կաթվածից հետո
Մարդկային գիտակցությունն ուսումնասիրող նեյրոֆիզիոլոգների եւ գիտնականների շրջանում կարծիք կա, որ մարդու խոսքի եւ երաժշտության ընկալման համար պատասխանատու են գլխուղեղի տարբեր հատվածներ։ med-heal.ru պարբերականը ներկայացրել է, թե ինչպես կարող է դա օգնել ուղեղի կաթված ունեցող պացիենտների բուժմանը։
Ուղեղի արնազեղումը կարող է հանգեցնել բավական ծանր հետեւանքների, այդ թվում եւ խոսքի տարբեր աստիճանի խախտումների։ Ոմանք կակազում են կամ ձգում բառերը, մյուսների մոտ լիակատար աֆազիա՝ խոսքի կորուստ է առաջանում։
Բայց լինում է նաեւ այնպես, որ մարդը չի կարողանում խոսել, բայց երգում է։ Այդ հիվանդներին ցուցված են երաժշտական թերապիայի մեթոդները, որոնք այժմ ակտիվորեն տարածվում են։ Մի քանի տարի առաջ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ օրական մեկ ժամ երաժշտություն լսելը նպաստում է մարդու խոսքի եւ շարժողական գործառույթների ավելի արագ վերականգնմանը։
«Գնահատելով մարդկանց վիճակը ուղեղի կաթվածից հետո, երբ առաջ է եկել խոսքի խախտում, մենք միշտ գնահատել ենք նաեւ երգելու նրանց ունակությունը»,- ասել է լոգոպեդ Կրեն Մակֆիթերսը։
Նա հիմնել է աֆազիայի երգչախումբ, որտեղ շատ մարդիկ են ընդգրկվել, որոնք խոսքը վերականգնում են երգեցողության օգնությամբ եւ կարող են ներգրավվել ակտիվ սոցիալական կյանքում։ Կախված ախտահարման աստիճանից՝ երաժշտությունը կարող է ավելի շատ կամ պակաս օգուտ բերել։ Բայց բոլոր դեպքերում, անգամ եթե մարդը գամված է անկողնուն, երաժշտություն լսելը կարող է բազմակողմ դարձնել եւ նոր սենսորային զգացողություններով հարստացնել նրա վիճակը, գրել է Planet Today-ը։