Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով։
Առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։
Ալերգիկ ռինիտ ունեցող մարդկանց շրջանում ավելի բարձր է բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկը, քանի որ ալերգիկ ռինիտը ասթմայի առաջացման ռիսկի գործոն է։ Բրոնխիալ ասթման բազմագործոնային հիվանդություն է, որը ընթանում է շնչուղիների քրոնիկական բորբոքմամբ։
Պետք է հատկապես ուշադիր լինեն այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են խզզոցները շնչառության ժամանակ, կրծքավանդակում սեղմոցի զգացողությունը, հազը, շնչահեղձությունը, հևոցը, որոնք կարող են առաջանալ հանկարծակի, լինել տարբեր ինտենսիվության:
Այսպիսի գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի` հիվանդության հնարավորինս վաղ ախտորոշման համար։
Տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել շնչելով եղևնիների, սոճիների ծաղկափոշին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու խորհուրդ չի տրվում, քանի որ գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում։
Ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս ժամանակակից մոտեցումների, ուղեցույցային բժշկության շնորհիվ` հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ ժամանակին սկսած բուժման արդյունքում հիվանդությունը գրեթե չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա։ Հիվանդությունների մասին ճիշտ տեղեկատվության և համապատասխան բուժման նպատակով անհրաժեշտ է հսկվել ալերգոլոգի կողմից։